ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում, Լավրովը մեկնել է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Վերջինս նշել է, թե վերջին ամիսների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շփման հարցում հաջողություն են ունեցել և արձանագրել է, որ սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների արդյունքում, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով:

Նա նաև հույս է հայտնել, որ Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակներում, կրկին առաջընթաց կլինի:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին փետրվարի 22-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում կնքել են երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր: Զախարովան օրեր առաջ ասել է, որ այդ փաստաթուղթը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում և միջազգային ասպարեզում կայունության ապահովման համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս