Որևէ թուղթ երբեք հայրենիքի հարց չի լուծել. Ռուբեն Մելիքյանը՝ Հաագայի դատարանի վճռի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության միջազգային դատարանը երեկ հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:

Հաագայի դատարանի այս որոշման շուրջ ArmLur.am-ը զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

-Պարո՛ն Մելիքյան, կմանրամասնե՞ք՝ ի՞նչ է իրենից ենթադրում այս որոշումը, ի՞նչ ուժ ունի այն.

-Ադրբեջանն իրենից կախված ամեն ինչ պետք է անի, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի: Հաագայի դատարանի երեկվա որոշումն այս առումով ավելի առաջընթաց է, քան՝ Եվրոպական դատարանի միջանկյալ որոշումը, մոտ մեկ ու կես ամիս առաջ Եվրոպայի դատարանը նույնպես որոշում էր կայացրել, որով Ադրբեջանին պարտադրել էր առանձին կատեգորիայի անձանց համար ճանապարհը բացել, դրանք կլինեին՝ հիվանդներ, վերամիավորման խնդիր ունեցող ընտանիքներ և այլն:

Դատարանը, միևնույն ժամանակ, մերժել է Արցախի գազամատակարարման և էլեկտրամատակարարման հետ կապված Հայաստանի կողմից բարձրացված հարցը, ինչը զարմանալի է: Որքան հաճելի է կարդալ դատարանի որոշման առաջին մասը, նույնքան տարօրինակ էր որոշման երկրորդ մասը, թե ինչպե՞ս կարող է բավարար ապացույցներ ներկայացված չլինեն, որ Ադրբեջանն է Արցախի գազամատակարարումը խափանում:

Բայց շատ ավելի կարևոր հարց կա՝ որքանո՞վ կատարվեց Եվրոպական դատարանի որոշումը, արդյո՞ք այն կատարվեց, կա՞ արդյոք որևէ մեխանիզմ՝ այս որոշումն ի կատար ածելու համար: Ի վերջո, այնտեղ գնահատողական արտահայտություններ են օգտագործված, ինպես օրինակ՝ «Ադրբեջանը ողջ հնարավորությունները պետք է օգտագործի», սա որոշակի դաշտ է տալիս Ադրբեջանին, որպեսզի նշի, թե ինքը, օրինակ, չկարողացավ իր հասարակության ներկայացուցիչների, ինչպես իրենք են պնդում՝ բնապահպանների վրա որոշակի ազդեցություն ունենալ: Առհասարակ, ես կարծում եմ, որ մենք՝ իրավաբաններս, շատ ենք գնահատում իրավական փաստաթղթերի նշանակությունը՝ մոռանալով հողի վրա տեղի ունեցողը, ես ամենևին վստահ չեմ , որ այս որոշումից հետո մենք կունենաք դրական տեղաշարժ, թեև դրա հավանականությունը մեծ եմ համարում, ոչ այնքան այս որոշման, որքան՝ աշխարհաքաղաքական պատճառներով:

-Պարո՛ն Մելիքյան, եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել դատարանի վճիռը, պատժամիջոցների ի՞նչ գործիքակազմ ունի դատարանը.

-Խնդիրը հենց այն է, որ միջազգային իրավունքում նման լծակներ գոյություն չունեն, այսինքն՝ այդ լծակներն ի վերջո հանգեցնում են ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից որոշումներ կայացնելուն:

Որքան Եվրոպայի խորհուրդը պատրաստ է սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, այնքան էլ ՄԱԿ-ի ԱԽ-ն է պատրաստ :
Այսինքն՝ պարզապես պատրաստ չէ որևէ պատժամիջոց կիրառել, հենց այս պատճառով եմ ասում, մենք հաճախ գերագնահատում ենք իրավական փաստաթղթերի կարևորությունը: Դրանք, իհարկե, ունեն որոշակի կարևորություն, բայց ոչ այնքան, որ մենք դրանով կարողանանք հարց լուծել, որևէ թուղթ, երբեք, հայրենիքի հարց չի լուծել:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս