Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի մի բնակիչ մեթադոն է վաճառում։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին Մեծամորի բաժնի գործընկերների հետ։ Իրավապահները նախ հայտնաբերեցին ու ձերբակալեցին երեք անձի։ Նրանց մոտ «մեթադոնային լուծույթ» գրառմամբ թափանցիկ հեղուկով տարաներ կային։ Պարզվեց, որ երեքն էլ թմրամիջոցը ձեռք էին բերել 62-ամյա մրգաշատցուց։ Նրանցից մեկի տան խուզարկությամբ հայտնաբերվեց նաև շուրջ 4 գրամ մարիխուանա։
Կարճ ժամանակ անց Սարդարապատ գյուղում ոստիկանները հայտնաբերեցին, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, Մեծամորի բաժին տեղափոխեցին 62-ամյա մրգաշատցուն և երկու տղամարդու՝ երկուսն էլ 52 տարեկան։ Նրանց մոտ ևս «մեթադոնային լուծույթ» գրառմամբ սպիտակ հեղուկով տարաներ կային։ Քրեական վարույթի շրջանակում իրավապահները խուզարկեցին 62-ամյա մրգաշատցու մեքենան՝ հայտնաբերելով մեթադոնի լուծույթով սրվակ, իսկ տան խուզարկությամբ՝ տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտներ։
62-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում