ԱՐԱՄ ԹԱՄԱԶՅԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԽՍՀ դատախազական համակարգի հայտնի դեմքերից մեկն իր մի գրառման մեջ նշել է. «Դատախազությունն այն տեղն է, ուր հայտնված մարդը երբեք չի հեռանում, եթե, իհարկե, հարկադրված չեն հեռացնում»: Երեւի այս գրառումն արվել է նաեւ Արամ Թամազյանի համար, ով անկախության հռչակումից ի վեր մե՛րթ թռիչքներ է կատարում, մե՛րթ վայրէջքներ` երբեք չհեռանալով «առաջին շարքերից»: Դե, երեւի մարդու ճակատագիրն է այդպիսին: Նրան մի անգամ արդեն պաշտոն են տվել ու էլ երբեք չեն «համարձակվի» հեռացնել, որքան էլ շատ լինեն դժգոհությունները: Ոչ միայն դժգոհությունները:
Արամ Թամազյանն ունեցել է կյանքի բավական հանդարտ ընթացք, որը բխել է նրա մասնագիտական կրթությունից: Աշտարակում 1952-ին ծնված Արամ Թամազյանը 1975-ին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Այստեղ ճշտումների անհրաժեշտություն կա, քանի որ նա բուհն ավարտել է 23 տարեկան հասակում: Հայտնի չէ, թե ինչ է արել մինչբուհական շրջանում, որովհետեւ եթե համալսարան ընդունվեր դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, կստացվեր, որ սովորել է վեց տարի, բայց… Իհարկե, կրիմինալ չենք ուզում փնտրել այստեղ, գուցե առաջին տարին դիմել ու չի ընդունվել, սակայն ցանկալի կլիներ, որ գիտության թեկնածուն իր կենսագրության մեջ ամեն ինչ հստակ ներկայացներ: 1975-1984թթ-ին աշխատել է ՀՍՍՀ ՆԳ համակարգում` սկզբում լինելով քննիչ, ապա ստացել է հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոն: Ինչպես տեսնում ենք, այս պաշտոնյան էլ բանակում չի ծառայել: Ստացվում է, որ բանակում ծառայելն այս մարդու եւ նրա նմանների համար մի անթույլատրելի բան է եղել:
Իր կենսագրության հաջորդ հատվածում Ա.Թամազյանը գրել է, որ 1984-1992թթ-ին աշխատել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ: Այն ժամանակ, երբ Արամ Թամազյանն արդեն ՀՀ դատախազական բուրգի վերեւներում էր, գնդապետ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվեց իր կեղծ դիպլոմի համար: Հիմա ո՞վ է դատապարտելու Արամ Թամազյանին կեղծ փաստեր ներկայացնելու համար, քանի որ 1984 թվականին ո՛չ ՀՀ է եղել, ո՛չ էլ գլխավոր դատախազ: Գլխավոր դատախազի ինստիտուտը հաստատվել է անկախության հռչակումից հետո միայն:
Ինչեւէ, 1992-1996թթ-ին, զբաղեցնելով Արմավիրի միջշրջանային դատախազի պաշտոնը, Արամ Թամազյանը հինգ տարի` 1996-2001թթ-ին, Երեւան քաղաքի դատախազն է եղել: Այս շրջանում Թամազյանի անունը հաճախ սկսեց հայտնվել մամուլի էջերում, հաճախ գրվեցին Երեւանի դատախազության կողմից հարուցված անհիմն քրեական գործերի մասին, որոնց գլուխգործոցն Աշոտ Բլեյանի գործն էր: Թամազյանը, հպատակվելով իշխանությունների կամքին ու ցանկությանը, դատարան ուղարկեց մի մեղադրական եզրակացություն, որի ամեն մի դրվագը փլուզվեց, սակայն որոշումը կայացված էր` դատապարտել Աշոտ Բլեյանին: Այս ժամանակ Արամ Թամազյանը հայտնվեց նաեւ լրատվամիջոցներին տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաների «սեւ ցուցակում»: Բայց սա միակ «ցուցակը» չէր, որտեղ հայտնվում էր նրա անունը: Պարբերաբար գլխավոր դատախազության մուտքի մոտ ցույցեր էին կազմակերպվում, որոնց մասնակիցները, թվարկելով Թամազյանի բազմաթիվ անօրինական որոշումները, պահանջում էին նրա հրաժարականը: Հրաժարականի փոխարեն` Ռոբերտ Քոչարյանը նրան 2001-ին նշանակեց գլխավոր դատախազ` այսպես ձգտելով ամրապնդել իր դիրքերը, իրեն հպատակեցնել գլխավոր դատախազությունը, որը սկսել էր մի կարճ շրջան ինքնուրույնության նշաններ ցույց տալ:
Գլխավոր դատախազի պաշտոնում Արամ Թամազյանը չորս տարի մնաց, այս չորս տարին բավական էր, որպեսզի դատախազական վերահսկողություն իրականացնող գլխավոր մարմինը վերածվեր իշխանական կառքին լծված մի սովորական գրասենյակի, որը ոչ միայն կատարում էր իշխանությունների հրահանգները, այլեւ «սեփական բոստանում բակլան խաշած էլ էր ցանում»: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դատախազության դեմ եղել է մոտ 70 հրապարակում, բողոքարկվել են 80-ից ավելի որոշումներ, սակայն Թամազյանի գլխավորած գրասենյակն անհաղորդ էր այս ամենի հանդեպ: Մարդուն իշխանություն էին տվել, ու նա այդ իշխանությունն օգտագործում էր այնպես, ինչպես ինքն էր ուզում եւ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն Քոչարյանն էլ երկար չկարողացավ Թամազյանին պահել գլխավոր դատախազի պաշտոնում, որովհետեւ նրան համարում էին թույլ պաշտոնյա: Բայց միայն սա չէր պատճառը. նախագահը պարտավորություններ ուներ Աղվան Հովսեփյանի հանդեպ, ուստի Թամազյանին պիտի «զոհեին»` Գառնիկիչին գլխավոր դատախազ դարձնելու համար: Արամ Թամազյանն էլ կարճ ժամանակ անց նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ:
Այժմ նա իրականացնում է գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության, պետական շահերի պաշտպանության վարչության, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի եւ այդ բնագավառների աշխատանքների համակարգումը, դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահն է: Ոլորտների թվարկումն արդեն իսկ ապացույցն է, թե ինչ «արդյունավետ» է աշխատում նա: Միջազգային կառույցները բազմաթիվ անգամներ դրամաշնորհներ են տրամադրել թմրամիջոցների դեմ պայքարի, տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար: Թե ինչպես են ծախսվել այդ գումարները, Հայաստանում հավանաբար շատ քիչ մարդ գիտի: Նրանց մեջ է նաեւ Արամ Թամազյանը:
Ասում են, որ ի տարբերություն իրավապահ համակարգի շատ ներկայացուցիչների` Արամ Թամազյանը շատ համեստ է, մեծ ունեցվածքի չի ձգտում: Առայժմ պաշտոնապես գրանցված է միայն Բեկնազարյան փողոցում գտնվող համակարգչային խաղերի սրահը: Իհարկե, մի մեծ բան չէ` մյուս դատախազների ունեցվածքի կողքին, սակայն պետական ծառայողն օրենք է խախտում, զբաղվում է գործարարությամբ, շահույթ ստանում բիզնեսից…
Ի դեպ, Թամազյանը ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի երբեմնի ընկերն է:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս