ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ՝ ԱՐՑԱԽՈԻՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արայիկ Հարությունյանի՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը իսկական աժիոտաժ է առաջացրել Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտում: «ժողովուրդ» օրաթերթի արցախյան  աղբյուրները հայտնեցին, որ Արցախում գրեթե բոլորը տարակուսած են Հարությունյանի այսչափ շտապողականությունից, վստահ են՝ նա հենց այնպես նման քայլի չէր գնա առանց քաղաքական դրդապատճառների, բայց թե ինչ է կատարվում իրականում, դեռ չեն կարողանում հասկանալ: Այսպիսով, Արցախի նախագահի առաջարկած փոփոխությունը իրենից ենթադրում է հետեւյալը. ֆորսմաժորային իրավիճակներում, այն է՝ երբ օրինակ նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտոնավարել,  նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին։ Ընդգծենք, որ  սա չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին, Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ընտրելու է ժողովուրդը: Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների  մի փաթեթ էլ դեռեւս 2022թ.-ին  մշակել էին նաեւ Արցախի ԱԺ 5 խմբակցությունները միասին, որը, սակայն, դեռ խորհրդարան չի ներկայացվել: Արցախի ԱԺ խմբակցությունների հեղինակած այս նախագծով եւս, ի թիվս Սահմանադրական մի շարք բարեփոխումների, նախատեսվում էր նաեւ խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություն տալը:  Արայիկ Հարությունյանը, չգիտես՝ ինչու, առաջ է ընկել, այդ փաթեթից առանձնացրել է նախագահի ընտրություններին առնչվող այս դրույթը եւ արագացված կերպով այն ներկայացրել է խորհրդարանին: Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը նախ պետք է ուղարկվի Արցախի գերագույն դատարան, որի հաստատմանն արժանանալուց հետո այն նորից պետք է վերադառնա Արցախի ԱԺ՝ Պետաիրավական հանձնաժողով։ Եթե ԱՀ գերագույն դատարանը չհաստատի նախագիծը, այն կճանաչվի հակասահմանադրական եւ դուրս կգա շրջանառությունից Գերագույն դատարանում եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում հաստատվելուց հետո միայն նախագիծը կմտնի լիագումար նիստերի օրակարգ: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի  2/3-ով (22 պատգամավոր): Հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանի՝ «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ-ՔՄԴ»-ն խորհրդարանում ունի 16 պատգամավոր՝ ստացվում է, որ նախագիծը անցկացնելու համար անհրաժեշտ  կլինի հավելյալ 4 ձայն։ Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի թիմակիցները՝ «Միասնական Հայաստան» խմբակցության պատգամավորները, անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն Հարությունյանին եւ կապահովեն անհրաժեշտ ձայներ նախագիծն անցկացնելու համար:Այսպիսով, նախագիծն արդեն ընդունվելուց հետո ֆորսմաժորային իրավիճակներում Արցախ ԱԺ խմբակցություններից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա առաջադրելու նախագահի իր թեկնածուին, իսկ նախագահը խորհրդարանում կընտրվի կրկին պատգամավորների 2/3-ի ձայներով: Արցախում բոլորն այն համոզմանն են, որ Արայիկ Հարությունյանը նման նախաձեռնություն է  սկսել Նիկոլ Փաշինյանի պատվերով: Այնտեղի քաղաքական դաշտում  մի քանի սցենարներ են շրջանառվում՝ սրա հետ կապված՝ առաջին՝ Հարությունյանը անվտանգային գերլարված իրավիճակում քաղաքական նման նախաձեռնություն է սկսել, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի կարեւոր հարցերից։ Շրջանառվող երկրորդ սցենարն էլ հետեւյալն է. Արայիկ Հարությունյանը փորձելու է օգտագործել իր հրաժարականի թեման Ռուբեն Վարդանյանի վրա ճնշում գործադրելու եւ վերջինիս պաշտոնանկությանը հասնելու համար: Ինչպես հիշում ենք, նախագահի հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններ կային նաեւ հունվարի 14-ին ու 15-ին, երբ Հարությունյանի ու Վարդանյանի կոնֆլիկտը հրապարակային դաշտ դուրս եկավ:  Խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություններով օժտելը հրաժարականի սպառնալիքը ավելի իրատեսական է դարձնում: Արայիկ Հարությունյանը կարող է իրոք հրաժարական տալ, սակայն Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող իր խմբակցության միջոցով նախագահի պաշտոնում ընտրել իր լոյալ թիմակիցներից մեկին` պահպանելով իշխանական որոշակի լծակներ: Հավանական է նաեւ, որ Հարությունյանը իրոք հակված է հեռանալ քաղաքականությունից եւ այս փոփոխության միջոցով ցանկանում է այդ որոշումը կյանքի կոչելու համար սահմանադրական մեխանիզմ ստեղծել:

 

 

 

 

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Այդ ժամանակ մամուլի հաղորդագրություն տարածվեց նախորդ տարվա կոմիտեի գործունեության մի քանի ցուցանիշների մասին: Մասնավորապես, ըստ հաղորդագրության՝ վարձակալության տրված պետական գույքի դիմաց 2022 թվականին հավաքագրվել եւ պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, 2021-ի համեմատ՝ 200%-ով ավելի։ Ավելի ուշ, սակայն, վարչապետի պաշտոնական կայքում վերոհիշյալ մամուլի հաղորդագրությունը ենթարկվել է փոփոխությունների. խմբագրված տարբերակում փոփոխվել է վարձակալության տրված գույքի դիմաց հավաքագրված գումարների թիվը՝ 11 մլրդ դրամից դառնալով 470 մլն դրամ։ Նախորդ տարվա նկատմամբ 200% աճի վերաբերյալ համեմատությունը թողնվել է անփոփոխ։ Փաստերի ստուգման հարթակը նկատել է, որ ո՛չ կոմիտեն եւ ո՛չ էլ վարչապետի աշխատակազմը որեւէ կերպ չեն տեղեկացրել վարձակալությունից ստացված մուտքերի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունում արված էական փոփոխությունների մասին։ Ավելին՝ Պետգույքի կառավարման կոմիտեն հաղորդագրությունը տարածելու հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է վարչապետին ներկայացված հաշվետվության մասին «Լուրերի» պատրաստած ռեպորտաժը, որում վարձակալության դիմաց բյուջե արված մուտքերի վերաբերյալ նշվում է ոչ թե խմբագրված 470 մլն թիվը, այլ 11 միլիարդը։ Ավելին, 11 մլրդ դրամը ոչ թե գույքի վարձակալությունից, այլ անշարժ գույքի օտարումից պետբյուջե մուտքագրված գումարն է։  Ահա այսպես են մանիպուլացնում հասարակությանը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2023 թվականի՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 157 մլն 816 հազար դրամ: Տեղեկացանք, որ այդ գումարը տրամադրվելու է Թուրքիայի եւ Սիրիայի երկրաշարժից տուժածներին սնունդ եւ անկողնային պարագաներ  տրամադրելու նպատակով։ Նկատենք՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը Թուրքիայում խլել է 41 հազարից ավելի մարդու կյանք, Սիրիայում ՝ 5 հազարից ավելի: Ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի կողմից երկու անգամ Թուրքիա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Այն հնարավորություն է եղել իրականացնել 1993 թվականից փակված Մարգարայի կամրջով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող իշխանության անդամները նախորդ տարվա դեկտեմբերին երկու անգամ հանդիպում են ունեցել հենց Մարգարայի կամրջի մոտ,  ուսումնասիրել կամրջի վիճակը, անգամ նմուշառում անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ այն պիտանի է: Երեկ էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է Թուրքիա մեկնել, հանդիպումներ ունեցել եւ այցելել նաեւ այնտեղ ծառայություն իրականացնող հայ փրկարարներին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կարվեն: Մասնավորապես, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ունենալու է նոր գործառույթներ: Այսպես, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար,  մարմինը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները եւ ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտերի շահագործումը։  Հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար տեսչական մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրառելու է պատասխանատվության միջոցներ: Միեւնույն ժամանակ, տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվող վարչական ակտի հիման վրա, նրանք կարող են կապարակնքել (կնքել) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ։ Հավելենք, որ այս նախագիծը վարչապետի աշխատակազմի կողմից երեկ ներկայացվել է հանրային քննարկման: Թերեւս սա պայմանավորված է վերջին շրջանի հրդեհներով, որոնք առաջանում են վատ կառավարման եւ կանոնները չպահպանելու հետեւանքով:

 




Լրահոս