Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Թուրքիայում է, որտեղ նաեւ հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարություններով եւ վերահաստատել Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը։
ArmLur.am-ը համառոտ կներկայացնի, թե նորանկախ Հայաստանի պատմության մեջ ինչ ընթացք են ունեցել հայ-թուրքական հարաբերությունները, եւ ինչ փոխայցեր են եղել: 1990-ականներին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ առանց որեւէ քաղաքական զիջման եւ առանց նախապայմանների պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: 1991թ. դեկտեմբերի 16-ին Թուրքիան ճանաչում է Հայաստանի անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում:
1995 թ. հոկտեմբերին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Նյու Յորքում էր, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի հիսունամյակին նվիրված հոբելյանական հավաքին: Հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում Տեր-Պետրոսյանը հանդիպեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ: Հայաստանի անկախացումից հետո դա Հայաստանի ու Թուրքիայի նախագահների առաջին հանդիպումն էր: Մինչ այդ՝ 1993թ. ապրիլին, Տեր-Պետրոսյանը Թուրքիայում մասնակցել էր Թուրղութ Օզալի թաղման արարողությանը:
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը վերհիշում է. «1993թ. Թուրքիան արդեն ամբողջովին փակել էր սահմանը Հայաստանի հետ, իսկ 1994թ. մայիսին զինադադար էր հաստատվել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, սակայն իրավիճակը ռազմաճակատում շարունակում էր լարված մնալ: Լարված մթնոլորտ էր նաեւ Տեր-Պետրոսյան-Դեմիրել հանդիպման առաջին իսկ պահից: Լեւոն Տեր-Պետրոսյանը, գործի դնելով թուրքերենի իր իմացությունը, մի քանի բառ փոխանակեց Դեմիրելի հետ՝ որոշակիորեն փոխելով մթնոլորտը, սակայն երբ սկսվեցին քննարկումները բուն թեմայի շուրջ, լարվածությունը գնալով աճեց»:
1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս: Հաջորդող տարիներին նա շարունակում էր հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին:
1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալուց հետո Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները հանդիպել են երկու անգամ։ Առաջինը տեղի ունեցավ 1998թ. հունիսի 5-ին Յալթայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ընթացքում, իսկ երկրորդը` 1999թ. նոյեմբերին Ստամբուլում, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Այս երկու հանդիպումները ոչնչով չէին տարբերվում Տեր-Պետրոսյան-Դեմիրել հանդիպումից. չէին փոխվել ո՛չ Դեմիրելի մտածելակերպը, ոճն ու մոտեցումները, ո՛չ էլ հայկական կողմի պատասխանները:
Այդ ընթացքում նախկին նախարար Օսկանյանը կրկին հանդիպումներ է ունեցել իր թուրք գործընկերների, հիմնականում՝ արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի հետ: «Այս հանդիպումներին եւս նշույլ անգամ չկար, որ Թուրքիան ցանկություն ունի Հայաստանի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ բացել սահմանը. թուրքերն այդ ամենը կապում էին միայն ու միայն Ղարաբաղի հարցի հետ: 2002թ. Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունեցավ. խորհրդարանական ընտրություններում հաղթեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Սկզբնական շրջանում Աբդուլլահ Գյուլը նշանակվեց վարչապետ, իսկ որոշ ժամանակ անց, երբ հանվեցին Էրդողանի նկատմամբ առկա իրավական սահմանափակումները, Գյուլը նշանակվեց արտաքին գործերի նախարար, իսկ Էրդողանը ստանձնեց վարչապետի պաշտոնը»-վերհիշում է Վարդան Օսկանյանը:
Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հայ-թուրքական հարաբերություններում շարժ է նկատվում: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շնորհավորում է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրում է Հայաստան՝ սեպտեմբերի 6-ին դիտելու աշխարհի առաջնության Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընտրական հանդիպումը: 2008 թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլա Գյուլը ժամանում է Երեւան:
Հասարակության մի խոշոր հատված դեմ էր Գյուլի այցին եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Թե՛ օդանավակայանում, թե՛ Երեւանի փողոցներում, որտեղով պետք է անցներ Գյուլի մեքենան, հավաքվել էին հազարավոր հայեր. նրանք իրենց ձեռքերում պահում էին «Ես Կարսից եմ», «Ես Արդահանից եմ», «Ես Վանից եմ», «Ես Իգդիրից եմ» գրառումներով պաստառներ:
2009 թ. հունվարի 29-ին Դավոսում Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայանում է 20 րոպե տեւողությամբ հանդիպում:
2009 թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի, ինչպես նաեւ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների արտգործնախարարների ու եվրոպացի բարձրաստիճան այլ դիվանագետների ներկայությամբ ստորագրում են հայ-թուրքական երկու արձանագրությունները: Հետագայում, սակայն, թուրքական կողմը ձգձգում է արձանագրությունների վավերացումը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառաբանությամբ: Արդեն 2014 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը կոշտ ելույթով հանդես եկավ՝ «գրողի ծոցը ուղարկելով արձանագրությունները»։ 2015 թվականին Սարգսյանը հետ է կանչում արձանագրությունները Ազգային ժողովից, իսկ 2018 թվականի մարտի 1-ին դադարեցնում է դրանց կնքման ընթացակարգը:
13-ամյա դադարից հետո Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեցին նախորդ տարի Պարահայում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ
Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող (այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող) 14 դատավորներ դադարել են պաշտոնավարել:
Նրանցից Արմեն Պողոսյանը եւ Սասուն Մխիթարյանը մասնակցել են հատուկ կարգով եւ բարդ ընթացակարգերով անցկացվող որակավորման ստուգման գրավոր փուլին եւ հաղթահարել են այն. եթե նրանց հաջողվի հաղթահարել նաեւ բարեվարքության եւ ԲԴԽ-ում հարցազրույցի փուլերը, ապա կկարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում:
Մյուս 12 դատավորներն ընդգրկվել են ռեզերվային ցուցակում եւ ապագայում հնարավորություն կունենան վերստին նշանակվելու դատավորի պաշտոնում՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելուց հետո կամ այլ հավակնորդների հետ հավասար հիմունքներով մասնակցելով հատուկ կարգով որակավորման ստուգմանը:
«5+1» ՁԵՎԱՉԱՓՈՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների եւ ԵՏՀ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձեւաչափով հերթական խորհրդակցությանը:
Խորհրդակցության օրակարգում ներառված են նաեւ անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի եւ մրցակցության ընդհանուր կանոնների կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ 2022 թվականի տարեկան հաշվետվության մշակմանը, ԵԱՏՄ իրավունքի մեջ հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտին առնչվող դրույթների ներառմանը, ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառմանն առնչվող եւ այլ հարցեր:
ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը եւ Ագրովերամշակման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը հանդիպել են կոնյակ արտադրող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են կոնյակագործության ոլորտում առկա խնդիրները, հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացն արագացնելու, միասնական լուծումներ գտնելու եւ լավագույն արդյունքին հասնելու հնարավոր ուղիները:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել այդ գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Իրավիճակը Թուրքիայում բավականին լարված է, դժգոհությունը մեծ է։ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 35 հազար 400-ը։
Այս երկրաշարժից հետո քաղաքական շրջանակներից կարծիքներ են հնչել, թե պետք է հետաձգել մայիսի 14-ին նշանակված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն, երկրաշարժից հետո ընտրությունների թեմային դեռ չի անդրադարձել։ Ավելի վաղ հենց ինքն էր հայտարարել խորհրդարանական ու նախագահական ընտրությունները միասին անցկացնելու մասին, ընդ որում՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ՝ մայիսի 14-ին։ Դրանք նշանակված էին հունիսի 18-ին։
Էրդողանի թիմն այդ ժամանակ սա բացատրեց այն հանգամանքով, որ հունիսին ընտրությունները կհամընկնեն ամառային արձակուրդների շրջանի հետ, եւ պետք է ավելի վաղ կազմակերպել։ Թուրքիայի քաղաքական շրջանակներում տարաձայնություններ են, եւ ընդդիմադիրները պնդում են՝ այժմ հնարավոր չէ ընտրությունները հետաձգել ավելի ուշ, քան հունիսի 18-ը, քանզի գործող օրենքով միայն պատերազմի դեպքում կարող են ընտրությունները հետաձգվել։
ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ԱԲՈՒ ԴԱԲԻ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-25-ը մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում, նախարարից բացի, ընդգրկված են նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը, նախարարի խորհրդականն ու շուկայի զարգացման վարչության առեւտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետը: Ընդ որում, ամենաերկար ժամանակով Արաբական Միացյալ Էմիրություններում մնալու է հենց բաժնի գլխավոր մասնագետը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայկական պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցելու է IDEX 2023 միջոցառմանը: Մենք տեղեկացանք, որ Ռոբերտ Խաչատրյանի, Գեւորգ Մանթաշյանի, Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման օրապահիկը եւ ճանապարհածախսը եւ Սարգիս Խաչատրյանի, Տաթեւիկ Սողոմոնյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ռոբերտ Խաչատրյանի, Գեւորգ Մանթաշյանի եւ Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին: Ծառայողական գործուղման մեկնած անձանց գործուղման ծախսերի փոխհատուցումը կատարվում է 2005 թվականի որոշմամբ: