ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ. ՄԱՍ 12

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022-ի տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհների՝ խոստացված տարեկան 500 կմ վերանորոգմանը, նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք կատարվել կամ կատարվում է տրված խոստումը, ինչին ի պատասխան` տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ ոչ միայն կատարել են խոստումը, այլ նաեւ գերակատարել են 20 կմ-ով: «Փաստերի ստուգման հարթակ»-ն ուսումնասիրեց վերջին 3 տարիներին երկրում իրականացված ասֆալտապատման աշխատանքները եւ պարզեց, որ թեեւ նախորդ տարիներին Հայաստանում իրականացված ասֆալտապատման աշխատանքները, նախորդ տարիների համեմատ, ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները։ Սկսած 2020 թվականից՝ իշխանությունները յուրաքանչյուր տարի խոստացել են կառուցել 500 կմ ճանապարհ։ Այս թվի մեջ չեն մտնում Հյուսիս-հարավ ճանապարհի եւ համայնքային սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատված ճանապարհները։ 2020 թվականին, ի հակառակ կառավարության խոստման, Հայաստանում ասֆալտապատվել է մոտ 388 կմ ավտոճանապարհ։ Հաջորդ՝ 2021 թվականին եւս կառավարությունը խոստացավ կառուցել 500 կմ ճանապարհ։ Ավելին՝ տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետին զեկուցվեց, որ տարվա համար նախատեսված 500 կմ ճանապարհի միջին նորոգման ու հիմնանորոգման խոստումը կատարվելու է, սակայն 2021-ի համար եւս խոստացված եւ զեկուցված 500 կմ ճանապարհը չի վերանորոգվել։  2021-ին Հայաստանում վերանորոգվել է մոտ 386 կմ ավտոճանապարհ։ 2022-ին եւս կառավարությունը սահմանեց 500 կմ ճանապարհների վերանորոգման/կառուցման նշաձող։ Իրականում նախորդ տարի եւս կառավարությունը չի կատարել տված խոստումը: Ընդհանուր առմամբ, 2022-ին Հայաստանում նորոգվել է 486 կմ ավտոճանապարհ։ Այսպիսով, փաստենք, որ վերջին 3 տարիներին կառավարության կողմից խոստացված տարեկան 500 կմ ճանապարհների կառուցման եւ վերանորոգման խոստումները ոչ մի անգամ իրականություն չեն դարձել, իսկ նախորդ տարիներին հիմնանորոգված ճանապարհների մի մասը 2022-ին կրկին ներկայացվել են որպես հիմնանորոգված։ Եվ եթե կրկնակի հիմնանորոգումները չհաշվենք, ապա կստացվի, որ 2022-ին վերանորոգվել է ոչ թե 486, այլ 381 կմ ճանապարհ։  Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

 

Այն, որ Հայաստանում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների հարաբերությունները խիստ բեւեռացված են, գաղտնիք չէ: Այն նույնիսկ նկատվեց ԱԺ դահլիճում միմյանց վրա նետված շշերի եւ հրահրված ծեծկռտուքի ժամանակ: Թշնամանքը ակնհայտ է. անգամ ԱԺ միջանցքներով քայլելիս միմյանց չեն բարեւում: Հազվադեպ կտեսնես, որ ՔՊ-ականները, օրինակ, քայլեն  այն հատվածներով, որտեղ ընդիմադիրների աշխատասենյակներն են, կամ էլ՝ հակառակը: Իշխանությունը տարբեր երեւակայելի ու աներեւակայելի միջոցներ է հորինում, որպեսզի չեզոքացնի ընդդիմադիրներին, որոնք դաժան քննադատում են ՔՊ-ին: Իսկ, ահա, երբ Նիկոլ Փաշինյանն է գալիս խորհրդարան՝ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի, խորհրդարանը վերածվում է հատուկ պահպանվող տարածքի, որտեղ ամենուր զինված համազգեստավորներ են: Հետաքրքիր է, որ այս ֆոնին ՔՊ-ականները  ընդգծված լավ վերաբերմունք ունեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներից ոմանք հաճախ են որեւէ իրադարձություն քննարկում Գեւորգյանի հետ, նրա կարծիքը հարցնում: Անգամ ընդդիմադիրների համար է առեղծված ՔՊ-ականների այս հատուկ վերաբերմունքը Արմեն Գեւորգյանի նկատմամբ: Իշխանականների այս բարյացակամ վերաբերմունքը  թերեւս կարելի է բացատրել նրանով, որ Արմեն Գեւորգյանը հիմականում չի խառնվում իշխանություն-ընդդիմադիր գզվռտոցին, զուսպ է իր ելույթներում, ԱԺ-ում ելույթ է ունենում հազվադեպ, այն էլ՝ խոսում բացառապես բուն թեմայից ու չի քննադատում իշխանություններին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ազատ գյուղի կացարանի հրդեհի ողբերգական դեպքով հարուցված գործի շրջանակներում սպա Եղիշե Հակոբյանի  տված ցուցմունքից: Մասնավորապես, սպան պատմել է, թե ինչպես է բռնկվել հրդեհը, որը այնքան էլ չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ կառավարության նիստում նկարագրված մանրամասներին: Տեղեկացանք, որ սպան, որը երկար ժամանակ հրաժարվում էր ցուցմունք տալ, իրավապահներին հայտնել է, որ, այո, բենզինն ինքն է լցրել վառարանի մեջ, բայց անմիջապես կրակ չի բռնկվել, ինքը փոքր ուշ մոտեցել է վառարանին, որ տեսնի, թե ինչու կրակ չկա, ու այդ պահին վառարանից բոց է դուրս եկել: Կրակի պահից սպան բենզինի տարան դուրս է նետել, որի հետեւանքով բենզինի մի մասը լցվել է դռան վրա ու դուռը բռնկվել է: Ըստ սպայի խոսքերի՝ մինչեւ տղաների ննջասենյակին կրակը հասնելը մոտ 20 րոպե ժամանակ է եղել, ու այդ ընթացքում ինքը գոռացել, աղաղակել է, որ հրդեհ է: Սպան ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել զինվորներից եւս մեկը՝ Լեւոն անունով, եւ իրենք միասին են գոռացել, աղաղակել, սակայն ընդամենը երկու զինվոր է դուրս եկել հրդեհվող տնից… Սպան հայտնել է, որ իր համար մինչեւ հիմա ահասկանալի է, թե ինչու մյուս զինվորները դուրս չեն եկել, չեն փախել կացարանից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննիչը հարց է տվել սպային, թե նա տղաների հետ արդյոք կոնֆլիկտ ունեցել է. սպան պատասխանել է, որ զինվորներից որեւէ մեկի հետ խնդիր չի ունեցել: Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը եղել է հունվարի 19-ին: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը. փորձաքննության եզրակացության պատասխանը նախաքննական մարմինը ստացել է, որտեղ նշված է եղել, որ սպայի մոտ թմրանյութի հետքեր չկան:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԳԱԱ  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի քննարկում է եղել, որտեղ բարձրացվել է հարց, թե ինչու է դատախազությունը պարտվում դատարաններում: Պարզաբանում է հնչել, որ շատ քրեական գործերով, որով դատախազությունը պարտվում է դատարաններում, հիմնական պատճառը փորձաքննությունների արդյունքներն են: Այսինքն՝ տրված փորձագիտական եզրակացություններն են պարտության պատճառը, ու հիմնական խնդիրը եղել է հենց Արգամ Հովսեփյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը: Եվ միակ բանը, որ այս պահին հետ է պահում Հովսեփյանին ազատելու մտքից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կրկին կադրային խնդիրներն են, քանի որ համապատասխան կադր դեռ չեն կարողանում գտնել: Հիշեցնենք նաեւ, որ հենց այս նույն ՊՈԱԿ-ն է եզրակացություն տվել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հարցով: Եւ այժմ քրեական գործով մեղադրանք է առաջադրված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որն այդ ժամանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն էր: Արդար կլիներ, որ քրեական հետապնդում իրականացվեր ոչ միայն Չարչյանի, այլ այդ եզրակացությունը տված մյուս դերակատարների, այդ թվում՝ Արգամ Հովսեփյանի նկատմամբ, սակայն դատախազ Աննա Վարդապետյանին հեաքրքրում է միայն Չարչյանին մեղադրելը:

 

 




Լրահոս