ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ «ՖՌՌԱՑՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ:

 

-Պարո՛ն Հարությունյան, Արցախն արդեն 2 ամսից ավելի է՝ շրջափակված է, Հայաստանի իշխանություններն ասում են՝ մենք չենք ցանկանում բանակցել այս հարցով. դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է: Ռուսաստանը կրավորական կեցվածք է որդեգրել, որեւէ էական քայլ չի անում: Ինչպե՞ս եք այս պայմաններում խնդրի լուծումը պատկերացնում, որքա՞ն կդիմանա Արցախը շրջափակման մեջ:

-Հայաստանի իշխանությունների այն պնդումները, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակման խնդիրը լոկ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի իշխանությունների խնդիրն է, կամ ռուս խաղաղապահների պատասխանատվության ոլորտն է, հիմնավոր չեն: Բոլոր այն հայտարարությունները, թե դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, կամ Արցախն ու Ադրբեջանը թող իրար հետ բանակցեն, ընդամենը խնդրից խուսափելու հնարքներ են մեր իշխանությունների համար: Արցախի միջանցքի կարգավիճակը ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այդ հայտարարության տակ կա նաեւ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը. սա նշանակում է, որ հայտարարությունը ստորագրող բոլոր կողմերը, այդ թվում՝ նաեւ Նիկոլ Փաշինյանը, ստանձնել են հայտարարությամբ ամրագրված բոլոր կետերի իրականացման պատասխանատվությունը, ուստի բոլորի հետ հավասար նա եւս պարտավորություններ ունի: Մենք պետք է արձանագրենք հետեւյալը. այդ եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ մասում հստակ գրված է, որ կողմերի համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է մշակվի Լաչինի միջանցքին ալտերնատիվ միջանցքի կառուցման պլան, այսինքն՝ գործող միջանցքին ալտերնատիվ միջանցք կառուցելու ճանապարհային քարտեզ պետք է կազմվեր: Այն, որ շատերը դիտում են Լաչինի միջանցքը որպես ճանապարհ, դա սխալ է: Միջանցքը կրիտիկական ենթակառուցվածքների համախումբն է, դա եւ՛ ճանապարհ է՝ մարդկանց եւ բեռների անարգել տեղափոխումը երաշխավորող, եւ՛ գազատարն է՝ Արցախին անարգել գազ ապահովելու համար, ե՛ւ կապի մալուխն է: Այսինքն՝ միջանցք ասելով՝ պետք է հասկանանք այնպիսի ենթակառուցվածքների համախումբ, որոնց միջոցով երաշխավորվում է Արցախի բնականոն կենսագործունեությունը այնքան ժամանակ, մինչեւ Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի: Այս պահին կողմերից որեւէ մեկի մոտ այս մոտեցումը չկա: Այն մոտեցումը, որին մենք հիմա ականատես ենք, դա բխում է բացարձակապես Ադրբեջանի շահերից: Հիմա բոլոր կողմերը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ առավել եւս Ադրբեջանն օգտվում են ստեղծված խառնաշփոթից, եւ ամեն մեկը փորձում է դիվեդենտներ քաղել:

-Այս ճգնաժամից դուրս գալու ի՞նչ ելքեր եք տեսնում:

-Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է հասնել նրան, որ, նախ, Բերձորի միջանցքի հետ կապված բանակցային գործընթաց սկսվի, իսկ այդ բանակցությունները պետք է սկսվեն հետեւալ կոնցեպտով՝ հայկական կողմը պետք է ներկայացնի Բերձորի միջանցքի ֆունկցիոնալ նշանակության իր մեկնաբանությունները եւ պահանջ ներկայացնի կողմերին՝ հետեւել եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ մասի կատարմանը: Այս դեպքում արդեն բանակցություններին կարող են մասնակցել նաեւ Արցախը եւ Արցախի իշխանությունները, բայց քանի դեռ եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմերի մոտ Բերձորի միջանցքի ֆունկցոնալ կարեւորությունն ընկալված չէ, խեղված է, այն դիտարկվում է որպես ճանապարհ, այս դեպքում խնդիրը չի լուծվի: Երբ խոսում են ապաշրջափակման մասին, ասում են՝ հնարավորություն տանք մարդիկ անարգել տեղաշարժվեն կամ բեռները տեղափոխվեն. լավ, ենթադրենք՝ հիմա թույլ տվեցին, բայց մի շաբաթ հետո նորից փակեցին, ի՞նչ պետք է անեք, ինչո՞ւ եք բանակցում: Ուրեմն, ապաշրջափակել նշանակում է բանակցային ճանապարհով գալ այնպիսի իրավական, տնտեսական ու քաղաքական լուծումների, որոնք կողմերին զերծ կպահեն սեփական նպատակների համար Արցախի համար նոր պրոբլեմներ ստեղծելուց: Արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է սրան. իհարկե ոչ: Ռուսաստանն էլ, թվում է, թե խնդրի լուծման համար ամենաշահագրգիռ կողմերից պետք է լիներ, քանի որ ստեղծված խնդիրը նաեւ իր աշխարհաքաղաքական հեղինակությանն է հարվածում, բայց այսօր, հաշվի առնելով Արեւմուտքի գլոբալ առճակատումը Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ այն երկաթյա վարագույրը, որը ձեւավորվում է Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ, Ռուսաստանն այլեւս ռազմական, տնտեսական, քաղաքական նկատառումներում այլընրանք չունի, ուստի այժմ Թուրքիայից ու Ադրբեջանից հիմա անհամեմատ շատ է կախված: Հետեւաբար պետք է նստել ու բաց տեքստով խոսել կողմերի հետ, ոչ մեկին պետք չէ «ֆռռացնել»:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Նախկին իշխանությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձինք այժմ անցնում են տարբեր քրեական գործերով։

 

Պաշտպանության նախկին նախարար, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Նույն գործով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին։

Նախկին նախարար Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին՝ նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու համար։ Միքայել Հարությունյանն այժմ ապաստանել է Ռուսաստանի Դաշնությունում։

Սեյրան Օհանյանը, որն այժմ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է, անցնում է երեք քրեական գործով, եւ նրան արդեն մեղադրանքներ են առաջադրվել։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է զորամաս եւ ռազմական նշանակության այլ շինություններ ներառող հատուկ նշանակության «Երասխ-1» տարածքն անհամեմատ էժան վաճառելու համար, ՊՆ-ի սեփականություն հանդիսացող այս շենքի եւ հարեւանությամբ գտնվող տարածքը վաճառելու համար։ Նախկին նախարարն անցնում է նաեւ այլ քրեական գործերով, օրինակ՝ Օհանյանն անցնում է «անպիտան հրթիռների» քրգործով։

Այս նույն գործով անցնում է նաեւ Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանը մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման համար։

Նախկին նախարարներից ամենաթարմ դեպքը Վիգեն Սարգսյանին առնչվող քրեական վարույթն է։ Նա, ըստ դատախազության, 2018 թվականի հունվարին նախարարության հաշվեկշռում գտնվող Երեւանի Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Ըստ Դատախազության՝ Վիգեն Սարգսյանի որոշմամբ՝ 26 բնակարան տրվել է այն զինծառայողներին, որոնք կա՛մ հերթացուցակում ուշ են հայտնվել, կա՛մ ընդհանրապես ցուցակ չպետք է ընդգրկվեին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Այսուհետ փոխվարչապետերի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը եւս կիրականացվի պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդպիսի նախագիծ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Նոր փոփոխությամբ՝ «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաեւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները։  Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանի Հանրապետությունում փոխվարչապետերի գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու եւ այցերը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու հանգամանքով։

 

 

 

 

ՄԵԿՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 23-25 կմեկնի Ֆրանսիա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մասնակցելու է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին եւ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին (SIA):

Մենք տեղեկացանք, որ նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Նարեկ Տերյանը, մյուս տեղակալ Անի Իսպիրյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը եւ միջազգային համագործակցության վարչության երկկողմ եւ բազմակողմ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Ալեքսանյանը Ֆրանսիայի Հանրապետություն կգործուղվեն ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ինչպես հայտնի է, ծառայողական գործուղման մեկնած անձանց գործուղման ծախսերի փոխհատուցումը կատարվում է՝ 29 դեկտեմբերի 2005 թվականի որոշման համաձայն: Ըստ այդմ, տեղեկացանք, որ Փարիզ մեկնելու համար մեկ օրվա օրապահիկը սահմանված է 130 եվրո, իսկ գիշերակացի համար էլ տրամադրվում է 153 եվրո գումար: Այսինքն՝  ստացվում է՝ Հայաստանի պատվիրակության՝ Ֆրանցիա այցը կարժենա 4 հազար եվրոյից (1 մլն 600 հազար դրամից ավելի) ավելի գումար:

 




Լրահոս