Կառավարությունը կարևորում է Չեխիայի հետ քաղաքական և տնտեսական փոխգործակցությունը․ վարչապետն ընդունել է Պետր Պիրունչիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում հայ-չեխական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Չեխիայի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը:

Դեսպանը վարչապետին է փոխանցել իր երկրի կառավարության ղեկավարի՝ Չեխիա այցելելու հրավերը և վստահություն հայտնել, որ այցը կնպաստի տարբեր ուղղություններով երկկողմ փոխգործակցության զարգացմանը:

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների, արևային էներգիայի, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:




Լրահոս