Օրեր առաջ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է նաև ՀՀ կարևոր ճանապարհների գիշերային լուսավորության հարցը, որի ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց է բարձրացրել այն մասին, որ Երևան-Հրազդան մուտք հանդիսացող ճանապարհի լուսավորության համար մալուխներն անցկացվել են ոչ թե գետնանցումով, այլև` օդային տարբերակով` սյուների վրայով, և այդ աշխատանքների նախագիծը ստորագրողն էլ խնդիր ունի: Այս հարցի շուրջ զրուցել ենք Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հետ և փորձել մանրամասներ պարզել:
-Պարո՛ն Միքայելյան, նախագիծը կազմելիս արդյո՞ք չեք դիտարկել Երևան-Հրազդան մուտք հանդիսացող ճանապարհահատվածի մալուխները գետնանցումով անցկացնելու տարբերակը:
– Ճիշտն ասած` ինձ համար զարմանալի է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացված այդ հարցը, տեսանյութը չեմ տեսել և չեմ կարծում, որ Խաչատուր Սուքիասյանը նման հարց կբարձրացներ, որովհետև ճանապարհի լուսավորության և անվտանգության առումով լավ աշխատանքներ են կատարվել:
Նշեմ, որ Հրազդան համայնքի մուտք հանդիսացող Հայ ֆիդայիներ փողոցը երբևիցե լուսավորված չի եղել, այն տարիներ շարունակ ամբողջությամբ մթության մեջ էր գտնվում, որի հետևանքով այդ ճանապարհահատվածում տեղի են ունեցել բազմաթիվ վթարներ, անգամ գրանցվել են մահվան դեպքեր:
Իհարկե, նախագիծ պատվիրելիս նաև դիտարկել ենք գետնանցումով անցնելու տարբերակը: Մինչ նախագիծ կազմելը տարածքում իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում ի հայտ են եկել կումունիկացիաների խնդիրներ (գազատար խողովակ և հաղորդակցման մալուխներ), որոնք կխոչընդոտեին գետնանցումով տանելու աշխատանքներին: Նշեմ նաև, որ լուսավորության համար նախատեսված հենասյուներն են անգամ մեծ դժվարությամբ տեղադրվել: Ինձ համար առաջնային էր ճանապարհի լուսավորության հարցը. առաջինը` անվտանգային, երկրորդ` քաղաքի արտաքին տեսքի բարելավման առումով, քանի որ այդ ճանապարհահատվածը հանդիսանում է նաև որպես քաղաքի մուտք: Երբ ճանապարհը երկար տարիներ լուսավորված չէր, ինչու՞ պարոն Սուքիասյանը այդ ժամանակ չէր բարձրաձայնում խնդրի մասին. ինձ համար հետաքրքիր է նաև այս հանգամանքը:
Հիմա կարևոր աշխատանքներ են կատարվել, լուսավորության և անվտանգության խնդիր է լուծվել, նոր միայն խոսում են գետնանցումով տանելու խնդրի մասին: Հանձնաժողովի նիստի ժամանակ այդ հարցը բարձրաձայնելուց առաջ, որպես ԱԺ պատգամավոր, Խաչատուր Սուքիասյանը կարող էր այդ հարցով դիմել ինձ:
– Խաչատուր Սուքիասյանը նշել է նաև, որ նախագիծը ստորագրողն էլ խնդիր ունի, ի վերջո Դուք այդտեղ խնդիր տեսնու՞մ եք:
– Միակ խնդիրը ճանապարհի` տարիներ շարունակ չլուսավորված լինելն էր: Այժմ հետիոտն ու վարորդները այս ճանապարհահատվածով երթևեկում և տեղաշարժվում են անվտանգ:
– Եթե տոկոսային հարաբերության վերածելու լինենք, ապա Հրազդան համայնքի քանի՞ տոկոսն է լուսավորված:
– Համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնելուց հետո այս չորս տարիների ընթացքում արտաքին լուսավորության համակարգն ապահովվել է շուրջ 80-90 %-ով: Բացի ընդլայնումը, լուծել ենք նաև արտաքին լուսավորության համակարգի արդիականացման խնդիրը. նախկին` նատրիումային լամպերը փոխարինվել են նոր` լեդ լուսատուներով: Հրազդան համայնքում արտաքին լուսավորության համակարգն ամբողջությամբ արդիականացված է:
Քրիստինա Մուշեղյան