Հայ առաքելական եկեղեցուն պատկանող գույքի համար հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական փոփոխությունից դժգոհում են Գյումրիում գործող մյուս եկեղեցիների ներկայացուցիչները: Նրանք շեշտում են, որ եթե օրենքով հայ առաքելական եկեղեցուն ազատում են հարկերից, այդ օրինագիծը պիտի տարածվի կրոնական մյուս կազմակերպությունների վրա էլ: Իսկ ընդհանուր առմամբ օրենսդրական փոփոխությունները համարում են շատ վտանգավոր. եթե այսօր մեր տնտեսությունը չի զարգանում այն պատճառով, որ բիզնեսն ու տնտեսությունն են սերտաճած, ապա հիմա տեղի է ունենում առավել վտանգավոր մի պրոցես` սերտաճվում են եկեղեցին եւ տնտեսությունը:
Հայ ավետարանական մկրտական եկեղեցու հոգեւոր հովիվ Ռուբիկ Փահլեւանյանի գնահատմամբ` օրենքով հստակ խտրականություն է դրվում. «Մենք նույնպես ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք, մենք նույնպես հարկեր ենք վճարում մեր գույքի համար, հետեւաբար մենք նույնպես իրավունք ունենք օգտվելու բյուջետային արտոնություններից, այլապես դա կարող է դիտվել որպես կրոնական խտրականություն»:
Ռուբիկ Փահլեւանյանը եկել է այն եզրահանգման, որ մեր երկրում իշխանությունները ձգտում են ստեղծել կրոնապետական կառույց:
Կաթողիկե եկեղեցու Գյումրու ժողովրդապետը ուշագրավ դիտարկում է անում, թե ինչու Կեչառիսի վանքի հողատարածքի վրա կառուցված ռեստորանային համալիրը պետք է ազատվի հարկերից, իսկ օրինակ` Պողոսյան կրթահամալիր որբանոցը, որտեղ խնամքի տակ են վերցված գյումրեցի որբ երեխաներ, պիտի գործի հարկային դաշտում: «Չի կարող հայ առաքելական եկեղեցին նման մենաշնորհ ունենալ, իսկ Կաթողիկե եկեղեցին զուրկ մնա այդ արտոնությունից: Կաթողիկե եկեղեցու նվիրապետությանը պատկանող Կարիտասը, որը վերջին 20 տարիների ընթացքում բարեգործական աշխատանքներ է կատարել, ինչո՞ւ չպիտի ազատվի հարկերից: Եւ հետո, ինչպե՞ս է հայ առաքելական եկեղեցին ապացուցելու, որ հարկվողը շահույթ հետապնդող կառույց չէ»,-ասում է տեր Գրիգոր քահանան:
Օրինագիծն այնքան վտանգավոր է, որ չի բացառվում` եկեղեցին կառչի օլիգարխիայից, ավելանան եկեղեցապատկան կառույցները, ասենք՝ ռեստորաններ, սրճարաններ, սաունաներ եւ այլն, եւ այս ամենի տակ քողարկված գործունեություն ծավալեն, օրինակ, բենթլիատեր հոգեւորականները:
«Անկախ նրանից` եկեղեցի է, թե ինչ, պետք է հարկեր վճարի, որովհետեւ հզոր է այն պետությունը, որը հիմնված է կայուն հարկային համակարգի վրա: Մենք շատ բարձր ենք գնահատում եկեղեցու դերը, որն իրոք անուրանալի ներդրում ունի մեր ժողովրդի պատմական կյանքում, բայց մեր ազգային կենսական շահերից չի բխում նման սերտաճումը»,-ասում է պատմաբան Արշավիր Գասպարյանը: «Ազգապահպան դեր կատարում է նաեւ դպրոցը, ինչո՞ւ պիտի կրկնուսույցն այս դեպքում հարկեր վճարի»,-իրենց հերթին դժգոհում են մանկավարժները:
Այնպես որ, եթե «Գույքահարկի մասին» օրենքը վերջնականապես հաստատվի, իսկապես լուրջ տարաձայնությունների առիթ կդառնա: Թերեւս այդ վտանգներն աչքի առաջ ունենալով` ՀՀ վարչապետը շտապեց հայտարարել, թե գույքահարկից ազատվող շինությունների ցանկը կհաստատի կառավարությունը, եւ որ այլ նշանակության շինություններ դրանում չեն ընդգրկվի:
Գյումրի