Արցախի պետական նախարարի համակարգման ոլորտում արտաքին գործերի նախարարությունն այլեւս չի լինի: Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդանյանը երեկ՝ փետրվարի 23-ին, ազատվել է պետական նախարարի պաշտոնից։ Նախագահը Կառավարության նիստին հայտարարել է, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Վերջինս ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկը։
Երեկ Կառավարության նիստում, երբ Արայիկ Հարությունյանը հայտարարեց Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին, նա հայտնեց, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների եւ արտաքին գործերի նախարարության: Մինչեւ այժմ պետնախարարի վերահսկողությունից դուրս էին միայն ուժային մարմինները։
Այժմ արտաքին գործերի նախարարը Սերգեյ Ղազարյանն է, ով մինչ այս Հայաստանում Արցախի ներկայացուցիչն էր: Վերջինս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մտերիմներից է եւ հենց նա է Մոսկվայում ուսանած Ղազարյանին հրավիրել Արցախ և պաշտոն առաջարկել:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան