150-ԱՄՅԱ ԳՅՈՒՂԸ ԴԵՌ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Սարամեջ գյուղը գտնվում է Սպիտակի տարածաշրջանի լեռնային գոտում: Գյուղի բնակիչները մշեցի գաղթականների սերունդներ են: 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին 15 ընտանիք գաղթել է Արեւելյան Հայաստան եւ հանգրվանել Ջրաշեն գյուղում, 1861թվականին քար ու տատասկից մաքրել է գյուղի այժմյան տարածքն ու հիմնել Սարամեջը:
Համայնքն այսօր ունի հազար յոթ հարյուր քսան բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է եւ իհարկե, արտագնա աշխատանքը: Մինչ օրս բնակիչները սիրով պահպանում են մշեցուն հատուկ ավանդույթներն ու նիստուկացը, բարբառն ու համադամ կերակուրների առանձնահատկությունները: Երբեմնի շեն գյուղն այսօր ունի հարյուր տասնյոթ տնտեսություն եւ, ցավոք սրտի, ծերացող բնակչություն: 76-ամյա Արարատ Սարգսյանը հասակակիցների հետ հաճախ է գալիս գյուղամեջ: Զրույցի սիրելի թեման գյուղի ծաղկուն տարիների վերհուշն է: «Հնում Չոթուռ ա կոչվել: Մեծերից լսել եմ, որ նախ ռուսներն են ուզել էստեղ բնակություն հաստատել, տեսել են, որ ջրի հետ ավազ է գալի, տեղն էլ քարքարոտ է, չորտ են ասել` սատանա հասկացությամբ, մերոնք էլ եկել, բնակվել են ու անունը դրել Չոթուռ,-ասում է Արարատ պապն ու դառնությամբ շարունակում,-մինչեւ երկրաշարժն ունեցել ենք  չորս հարյուր տնտեսություն: Գյուղն ուներ բոլոր տեսակի հարմարությունները` լավ դպրոց, կուլտուրայի տուն, կենցաղի տուն, բաղնիք: Մարդիկ կարողանում էին ապրել, իսկ հմի…»: 1988թ. երկրաշարժը ողջ գյուղն ավերեց, երկար տարիներ սարամեջցիների մեծ մասն անօթեւան էր, մինչեւ որ վերջին տարիներին տներ կառուցեցին, իսկ  2003թ. արմատներով մշեցի Անդրանիկ Մարգարյանի ջանքերով գյուղը գազաֆիկացվեց: Տասը տարի առաջ կառուցված դպրոցում այժմ սովորում է ընդամենը երկու հարյուր երեսուն աշակերտ:
Սարամեջն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք շատ լավ գիտի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը. «Ճանապարհի խնդիր ունենք, խմելու ջրի, ոռոգման ցանցի, համայնքային կենտրոնի խնդիրներ ունենք: Մեր գյուղը սակավահող է, ունի ընդամենը 250 հա վարելահող, եղածն էլ չենք կարողանում մշակել: Մեր ժողովուրդը ստեղծող, դժվարություններին դիմացող ժողովուրդ է»: Գյուղապետը վստահեցնում է, որ ամուսնությունների թիվն ու ծնելիության մակարդակը նվազել են: Սարամեջի  առաջնային խնդիրներից գյուղապետ Հովհաննիսյանն առանձնացնում է հող մշակելու դժվարությունը, ինչի պատճառները թանկ վառելիքն ու սերմացուի պակասն են: Գյուղատնտեսության աջակցման ծրագրերից գրեթե չեն օգտվել: «Կարողացել ենք օգտվել միայն գարու սերմացուից: Ամբողջ գյուղի համար տվել են 3 տոննա գարի, ինչն էլ  250 հա-ից հերիքել է մենակ 20 հա-ին: Բաժանել եմ 5,6 կգ-ով, 10 տոկոսին էլ չի հերիքել»,-ասում է գյուղապետը:
Թեեւ ապրուստը դժվար է, սարամեջցիները մշեցու համառությամբ շարունակում են կռիվ տալ բաժին հասած մի բուռ հողի հետ, անտրտունջ տանել դժվարություններն ու լայն բացած սրտով նշել գյուղի հիմնադրման 150-ամյակը, որի առիթով Հայաստանի տարբեր անկյուններից բազմաթիվ հյուրեր էին եկել Սարամեջ:
Հ. Գ. Պարզապես զարմանալի ու միաժամանակ ողջունելի է, որ Հայաստանում մարդիկ դեռ շարունակում են իրենց մեջ ուժ գտնել ոչ միայն ապրելու գյուղում, այլեւ պայքարելու` իրենց բնակավայրերում լավ կենսակերպ ունենալու համար: Իսկապես հերոս ժողովորրդ ենք:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս