Պենտագոնը հայտարարել Է, որ Ուկրաինային կտրամադրի 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը:
«2 միլիարդ դոլարի նոր օգնությունը ներառում է ավելի շատ զինամթերք HIMARS-ի համար, լրացուցիչ զինամթերք 155-միլիմետրանոց հրետանային զինատեսակների համար, զինամթերք լազերային ուղղորդմամբ հրթիռային համակարգերի համար», – նշված է հայտարարությունում:
Պենտագոնը հավելում է, որ Կիևին կմատակարարվեն CyberLux K8, Switchblade 600, Altius-600 և Jump 20 անօդաչու թռչող սարքեր, սարքավորումներ ԱԹՍ-ների դեմ, ականազերծման սարքավորումներ, անվտանգ հաղորդակցություն ապահովող սարքավորումներ և այլն:
Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարություն է տարածել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների 1 տարվա կապակցությամբ։
Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջնորդությամբ Վաշինգտոնն ավելի քան 32 միլիարդ դոլարի անվտանգության աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային վերջին մեկ տարվա ընթացքում:
Օսթինը հավելել է, որ Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի շրջանակներում շուրջ 50 երկրներ՝ ԱՄՆ-ի դաշնակիցներն ու գործընկերները, ավելի քան 20 միլիարդ դոլարի անվտանգության աջակցություն են տրամադրել Կիևին:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Երկրորդ աշխարհամարտից ի վեր եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիքի պայմաններում ՆԱՏՕ-ն ավելի է ուժեղացել և միավորվել: