«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրողների իրավունքները խախտվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր միջազգային սկանդալ է հասունանում, որը կարող է ՀՀ վարկանիշի վրա խիստ բացասական ազդեցություն ունենալ:
Ինչի՞ մասին է խոսքը: Հայաստանում, որպես օտարերկրյա ներդրող, գրանցված են «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ»-ի իրավունքները «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի անվանական բաժնետոմսերով: Ընկերության իրավունքները ֆիքսված են նաեւ ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 01.02.2003թ.-ի միջազգային համաձայնագրով:
«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, ահազանգ է ստացել՝ առ այն, որ «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շարունակաբար խախտվում են «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ»-ի՝ որպես օտարերկրյա ներդրողի իրավունքները, որոնք փաստացի հանգեցնում են սեփականազրկման, ինչը միջազգային համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված սեփականության երաշխիքի իրավունք է:
Պարզվում է՝ «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ» ընկերությունը, 2016 թ.-ից սկսած, փորձում է օգտվել իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի տնօրինման իրավունքից՝ օտարելով ու փոխանցելով բաժնետոմսերը՝ հօգուտ Ղազախստանում գրանցված «ԲՏԱ բանկ» բաժնետիրական ընկերության, սակայն տարաբնույթ անհիմն պատճառաբանություններով նշված գործարքը չի գրանցվում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, ավելին՝ նույնիսկ չի ակտիվացվում «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ» ընկերության արժեթղթերի հաշիվը:
Նման պայմաններում օտարերկրյա ներդրող հանդիսացող «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ» ընկերության իրավունքները կոպտորեն խախտվում են, ինչի մասին բազմիցս տեղեկացվել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկը, սակայն մինչ օրս որեւէ գործընթաց չի իրականացվել, չի ստուգվել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի՝ կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի, արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթների պատշաճ իրականացումը, չի իրականացվել վարչական վարույթ կամ ստուգում:
Դժգոհություն կա՝ առ այն, որ նախկին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի միջամտությամբ «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի օգտին կայացվել են մի շարք անօրինական դատական ակտեր՝ խախտելով օտարերկրյա ներդրողի իրավական պաշտպանությունը եւ անվտանգությունը:
Օտարերկրյա ներդրողի օրինական պահանջն է ապահովել արժեթղթերի հաշվի ակտիվացումը եւ միջազգային պայմանագրով երաշխավորված ընկերությանը պատկանող բաժնետոմսերի սեփականության իրավունքի պաշտպանությունը եւ տնօրինումը:
Հիշեցնենք, որ «ԲՏԱ» բանկը Ղազախստանում պատկանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի փեսային:
Շարունակելի…
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում