ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՄՅՈՒՆԽԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մյունխեն՝ մասնակցելու փետրվարի 17-19-ն անցկացվող անվտանգության համաժողովին: Իլհամ Ալիեւը նույնպես մասնակիցների թվում է:

 

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն ադրբեջանական լրատվամիջոցները չեն բացառում։ Հայաստանի կառավարությունից փոխանցում են՝ այս պահին նման տեղեկություն չունեն։ Միայն ասում են՝ Փաշինյանն այնտեղ հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների հետ՝ առանց հստակեցնելու:

Փաշինյանն ու Ալիեւը 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ՝ 2020-ի փետրվարին, մյունխենյան հարթակն օգտագործեցին. բանավեճի ֆորմատով բաց քննարկում անցկացվեց։ Հենց այդ քննարկմանը Փաշինյանը հասավ մինչեւ Տիգրան Մեծ։

Մյունխենում է լինելու նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարը, որը հայ-ադրբեջանական ուղիղ շփումների կողմնակից է։ Պաշտոնական Բաքուն հաղորդեց, որ հեռախոսազրույցի ընթացքում բանակցային գործընթացի հեռանկարներին, 2 ամսից ավելի փակ պահվող Լաչինի հարցին են անդրադարձել Բլինքենի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սա պաշտոնյաների երկրորդ հեռախոսազրույցն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Նախորդին եւս այդ հարցերին էին քննարկվել։ Նույն այդ օրը ամերիկացի պաշտոնյան նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ էր խոսել, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։

Ի դեպ, Արարատ Միրզոյանը եւս վարչապետի հետ կմեկնի Մյունխեն։

Միեւնույն ժամանակ Հայաստանը ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները եւ առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին. երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը փոխանցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։

«Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետեւյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար։ Հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել», – ասաց գործադիրի ղեկավարը։

Օրերս Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, դրանք փոխանցել Երեւանին, Երեւանն էլ այժմ աշխատում է դրա վրա։ «Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, եւ մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղություն կառուցելու գործում», – ասել էր Միրզոյանը:

Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տեսլականը՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տեւական եւ կայուն խաղաղության խաթարման որեւէ սցենար։

«Փաստաթղթի ստորագրումը ոչ թե պիտի վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա (սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաեւ այսպիսի սցենար), այլ, ընդհակառակը, իսկապես նշանակի տեւական խաղաղություն», – ասաց Փաշինյանը՝ շեշտելով այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու կառավարության եւ անձամբ իր հանձնառությունը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

«Կուտական համայնքում այս պահին խաղաղ է, ամեն ինչ նորմալ է»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը:

«Մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով. ճիշտ է, մտահոգված են, բայց սպասենք՝ գարունը գա, տեսնենք՝ ինչ կլինի»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ, նախնական տվյալներով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

 

 

 

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԹՈՒԼԱՑՆԵԼ

Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը եւ ընթանան համապարփակ եւ տեւական խաղաղության ուղով: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ հենց կողմերին, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել եւ նորից ընթանալ համապարփակ եւ կայուն խաղաղության ուղով: Մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում, ներգրավված ենք եղել այդ ջանքերում երկկողմանիորեն, ներգրավվել ենք այդ ջանքերում բազմակողմանիորեն եւ կշարունակենք անել հնարավոր ամեն բան ուղղակիորեն կողմերի հետ, ինչպես նաեւ բազմակողմ կառույցների եւ խմբավորումների միջոցով այդ գործն առաջ մղելու համար: Մենք հույս ունենք, որ մյուս երկրները կուղարկեն ճիշտ նույն ուղերձը»,- ասել է Փրայսը։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն ողջունում է Երեւանի եւ Անկարայի միջեւ վերջին շփումները Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո՝ Նեդ Փրայսը նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք ավերիչ երկրաշարժերից հետո կանգնել են Թուրքիայի եւ Սիրիայի ժողովուրդների կողքին:

 

 

 

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԵՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Ծովինար Վարդանյանը փետրվարի 28-ից մարտի 5-ը աշխատանքային այցով կգործուղվեն Հնդկաստան՝ Նյու Դելի:

Նկատեք, որ համապատասխան կարգադրության մեջ հստակեցված էլ չէ, թե ՔՊ-ականները ինչ հանդիպումներ են ունենալու Հնդկաստանում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի ծախսերը կատարվելու են պետբյուջեի հաշվին:

 

 

 

 

 

240 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԿԳՄՍՆ-ԻՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 240 մլն դրամ է ուղղելու  Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար: Հիմնավորման մեջ նշվում է, թե ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների եւ անհատների մասնակցությամբ, նախաձեռնել են տասնյակից ավելի միջոցառումների եւ հրատարակչական ծրագրերի իրականացում:  Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական եւ ներպետական միջոցառումների իրականացում: Եվ հենց Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ անխափան իրականացման նպատակով էլ առաջարկվում է ֆինանսական հատկացումներ տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից:

 

 

 

 

Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՀՀ կառավարությունը թույլտվություն կտա Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանում հողամաս ձեռք բերել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` ՀՀ քաղաքացի Լիլիթ Լեւոնի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երեւան, Ավան Հ. Աճառյան փողոց 35/23 հասցեում գտնվող բնակելի տունը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով: Թույլտվության հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամությունն ունի դարերի պատմություն։ Այդ բարեկամության եւ երկկողմ համագործակցության հաստատման եւ զարգացման համար նոր հնարավորություններ եւ նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի անկախացումից հետո։ Երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցությունն ընթանում է էներգետիկայի, բնապահպանության, մշակույթի եւ այլ ոլորտներում:

 

 




Լրահոս