ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացի Ա.Օ.-ին ընտրակաշառք տալու մասին հաղորդում տալուն հարկադրելու վերաբերյալ սուտ մատնության դեպքի նախաքննությունը:
Վարութային եւ ապացուցողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով վկա Ա.Օ.-ն, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2022թ. մարտի 18-ին դատարանում ցուցմունք է տվել այն մասին, թե, իբր, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողները հարկադրել են իրեն տալ հանցագործության մասին հաղորդում եւ բացատրություն՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ:
Ա.Օ.-ն նշել է նաեւ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարը (դեպքի ժամանակ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչը) իր վարույթում քննվող, նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հարուցված ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է իր ցուցմունքը՝ դրանում ներառելով սուտ տեղեկություններ՝ Գորիս համայնքի ղեկավարի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Այդկերպ նա պաշտոնատար անձանց մեղադրել է միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների կատարման համար:
2022թ. ապրիլի 15-ին այս փաստերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով եւ 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության արդյունքում ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ դատարանում նրա հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Որոշում է կայացվել՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, ապացույցներ կեղծելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքերի բացակայության հիմքով:
Քանի որ նախաքննությամբ հաստատված տվյալները վկայել են Ա.Օ.-ի արարքում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցանքի հատկանիշների առերեւույթ առկայության մասին, այդ առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, քննիչի միջնորդության հիման վրա, 2022թ. նոյեմբերի 23-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Օ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
ՀԱՅՏՆԻ Է ՊԱՏԱՍԽԱՆԸ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը: Մեզ հայտնի դարձավ, որ փորձաքննության եզրակացության պատասխանը նախաքննական մարմինը ստացել է, որտեղ նշված է եղել, որ սպայի մոտ թմրանյութի որեւէ հետքեր չկան: Տեղեկությունը փորձեցինք պարզել նաեւ սպայի փաստաբան Հովսեփ Սարգսյանից, որը հաստատեց տեղեկությունը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՎԱՔՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ
Հայաստանում մարտից կմեկնարկի պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք երեք ամսվա փոխարեն 25 օր կտեւեն։ Առաջին փուլով հավաքներին կմասնակցեն ավելի քան 3 հազար քաղաքացիներ։ 25-օրյա հավաքները պարտադիր են լինելու 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար, քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ երբ կարող է ժամանակ տրամադրել։ Նոր կարգն ու որոշումը խնդիրներ է առաջացրել:
Նախ՝ նշենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հստակ սահմանում է, թե ինչու են անցկացվում վարժական հավաքներ: Ըստ այդ ձեւակերպման՝ վարժական հավաքի նպատակը պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է: Կառավարության որոշմամբ միայն տեսանելի է, որ զորակոչվող պահեստազորայինները 11 օր նախապատրաստվելու են, որպեսզի 2 շաբաթ մարտական հերթապահություն կրեն: Հավաքներին վերաբերվող մեկ այլ խնդիր եւս առկա է: Այն հոդվածով, որով զորակոչվում են պահեստազորայինները, ենթադրում է գործատուի պարտավորություն վերջիններիս աշխատանքային հաստիքը պահպանելու վերաբերյալ, սակայն դա չի ենթադրում սահմանված 25-օրյա ժամկետում աշխատավարձի պահպանում:
Վարժական հավաքների գտնվելու ընթացքում քաղաքացին իր գործատուից գումար չի ստանալու: Այս մասին ահազանգել էր նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, եւ ՊՆ-ում հավաստիացրել էին, որ այս ուղղությամբ լուծումներ են փնտրում, բայց փաստ է, որ դրանք դեռ չկան: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանվում է, որ վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը):
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հաշվառված լինելով ՀՀ Պն Զ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 4 ստորաբաժանումում՝ որպես պահեստազորային, ծանուցման հիման վրա անցել է բուժհետազոտում, որի արդյունքներով ճանաչվել է ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի թիվ 941-Ն որոշմամբ օգոստոսի 01-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը հայտարարված վարժական հավաքի կանչման ենթակա պահեստազորային, սակայն չի ներկայացել ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում՝ վարժական հավաքի անցկացման վայր մեկնելու համար, եւ խախտելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները՝ խուսափել է 2022 թվականի օգոստոսի 01-ից մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 30-ն անցկացվող վարժական հավաքից այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ ասհմանված հիմքերի բացակայության դեպքում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 20-ին` ժամը 00:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ: Բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել հիվանդանոց:
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունվարի 20-ի ժամը 00:15-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի գիշերային ակումբի մոտ վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածի եւ Երեւան քաղաքի 30-ամյա ու Արմավիր քաղաքի 28-ամյա երկու երիտասարդների միջեւ: Այդ ընթացքում էլ 30-ամյա երեւանցին կտրող-ծակող առարկայով խփել էր հիվանդանոց տեղափոխվածի որովայնին:
Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում 28-ամյա արմավիրցին ներկայացել է ոստիկանություն: Նա ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Քրեական վարույթը շարունակվում է: