ԱԶՆԱՎՈՒՐԻ ԵՐԳԵՐԸ՝ ՆՈՐ ՇՆՉՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական նրբագեղությամբ, բայց հայկական հնչեղությամբ ու շնչով. Ազնավուրի երգերը  Newmag-ը շարունակում է թարգմանել հայերեն ու ներկայացնել նորովի՝ գրական ու երաժշտական։  

 

Հինգերորդ երգի պրեմիերան տեղի կունենա Newmag գրքի ձմեռային փառատոնի շրջանակում։

Que C’est Triste Venise (Վենետիկն է տխրում). աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Վենետիկն է տխուր» երգը Newmag հրատարակչության նախաձեռնությամբ թարգմանվել է հայերեն։ Սա Newmag-ի թարգմանությամբ Ազնավուրի թվով 5-րդ երգն է։ Երգը կատարում է Անդրեն, տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 18-ին Newmag Winter Fest 2023 գրքի փառատոնի ժամանակ։

Ազնավուրի ամենամեղեդային, սիրառատ ու տպավորիչ գործերից մեկի տեսահոլովակի նկարահանումները կատարվել են հենց Վենետիկում:

Rest (Մնա). ազնավուրյան արվեստի հայաֆիկացումը Newmag հրատարակչությունը նախաձեռնել էր դեռեւս 2021 թվականին՝ առաջին երգը ներկայացնելով Ազնավուրի հայերեն հրատարակված 5-րդ գրքի՝ «Հայրս՝ այդ հսկան»  շնորհանդեսի ժամանակ։ Rest (Մնա) ստեղծագործությունը կատարել է  Էրիկ Կարապետյանը:

Emmenez-moi (Տարե՛ք ինձ). «Տարե՛ք ինձ այդ ափերը հեռու, տարե՛ք այնտեղ, ուր ամառ է արեւ, արեւի տակ այս կյանքի բեռը միգուցե կլինի մի քիչ թեթեւ». այսպես է հնչում Ազնավուրի Emmenez-moi երգի հայերեն թարգմանված տարբերակը, որը կոչվում է «Տարե՛ք ինձ»։ 2021 թվականի հոկտեմբերին ներկայացված երգը կատարում է Շուշան Պետրոսյանը։ Օրիգինալ երգի բառերի եւ երաժշտության հեղինակը շանսոնյեն է, թարգմանությունը կատարել է Պերճ Թյուրաբյանը: «Տարե՛ք ինձ» տեսահոլովակի ռեժիսորը Հարութ Շատյանն է, նկարահանումները կատարվել են Սեւանա լճում: Newmag-ը  երգի պրեմիերան նախաձեռնել էր Ազնավուրի La Boheme (Անցած օրեր) գրքի շնորհանդեսի ժամանակ:

Qui (Ով). Շառլ Ազնավուրի՝ 20 տարվա տարիքային տարբերությամբ սիրո մասին պատմող Qui` (Ով)  երգի հայերեն տարբերակը եւս հանրայնացվեց Newmag-ի թարգմանությամբ։ Երգը թարգմանել է Սամվել Գասպարյանը,  կատարում է Սոֆի Մխեյանը, երաժշտական պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է:

Mourir d’aimer  (Մեռնել սիրելով). երգ, որի ոգեշնչումը ողբերգական սիրո իրական պատմություն է։ 1969-ին Ֆրանսիայում 39-ամյա ուսուցչուհի Գաբրիելա Ռուսիեյը սիրահարվել էր իր անչափահաս աշակերտին: Ծնողները կնոջը դատի էին տվել, բայց սիրահարված կինը, չսպասելով դատավճռին, ինքնասպան էր եղել։ Կինը մեռնում է սիրելով, իսկ Ազնավուրն այս հուզիչ սիրո պատմությունը վերածում է երգի՝ այն նկարագրելով իր ուրույն ոճով, մեղեդային ու նուրբ հնչեղությամբ։

Բանաստեղծության թարգմանության հեղինակը Սամվել Գասպարյանն է: Ազնավուրի «Մեռնել սիրելով» երգը կատարել է Սյուզաննա Մելքոնյանը: Newmag Winter Fest 2023-ը տեղի կունենա փետրվարի 18-ին «Կոնգրես» հյուրանոցում։ Փառատոնի շրջանակում նախատեսվում են շնորհանդեսներ, տարբեր հանդիպումներ ու պանելային քննարկումներ, համագործակցության հուշագրերի ստորագրում եւ գրքերի վաճառք մինչեւ 40% տոկոս զեղչով։

 

 

 

 

 

«ՄԵՆՔ ՍԵՐՄԵՐ ԵՆՔ ՏԱԼԻՍ». ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆՅԱՆ

Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ցանկացած առիթ օգտագործում է իր հայկական արմատներով ու ժառանգությամբ հպարտանալու համար։ Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում, որտեղ, պարբերաբար, կիսվում է իր առօրյայով։ Ինստագրամյան իր ամենաթարմ հրապարակման մեջ Օհանյանը տեղադրել է մի լուսանկար, որում դստեր եւ ծնողների հետ գոլֆի դաշտում է։ Նա հայտնել է, որ դստեր՝ Օլիմպիայի հետ հրաշալի ժամանակ են անցկացրել եւ հիանալի վարժանքներ ունեցել։

 

Մեկնաբանություններում գործարարի հեռտեւորդների ուշադրությունը գրավել է փոքրիկ Օլիմպիան։ Քոմենթներից մեկում ասվում է՝ «Օհանյանի գեները գերիշխում են», ինչին հաջորդել է անձամբ Օհանյանի մեկնաբանությունը. «Մեզ փորձում էին թաղել, բայց մենք սերմեր ենք տալիս»։

 

 

 

 

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ

Ռեփեր Ջիգանը բուժում է ստանում «ՀՏրՈ» մասնավոր հոգեբուժական կլինիկայում։

Լրատվամիջոցների աշխատակիցներն ուսումնասիրել են Ջիգանի նկարները հիվանդանոցից եւ համեմատել դրանք «ՀՏրՈ» կլինիկայի պաշտոնական կայքի լուսանկարների հետ։ Լրագրողները նշել են, որ ինտերիերը եւ այլ մանրամասներ մեծապես համընկնում են։ Հիվանդանոցը մասնագիտացած է դետոքս ծրագրերի, հոգեբանական ու հոգեբուժական հիվանդությունների բուժման մեջ, եւ հիվանդներին օգնում են վերականգնվել նյարդային խանգարումներից, ինչպես նաեւ դեպրեսիվ վիճակներից հետո: Կլինիկան օգնում է նաեւ ազատվել ալկոհոլից, նիկոտինից եւ թմրամոլությունից ուենցած կախվածությունից։

 

 

 

 

ԳԻՆԵԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՎԱՃԱՌՎԻ

Moսt Hennessy-ն ձեռք կբերի ֆրանսիական Minuty գինեգործական կալվածքի բաժնետոմսերի մեծամասնությունը, որն արտադրում է վարդերից պատրաստված ամենապահանջված գինիներից մի քանիսը:

Moսt Hennessy ընկերությունը՝ LVMH կոնգլոմերատի գինիների եւ ալկոհոլային խմիչքների բաժինը, ռազմավարական դաշինք է հայտարարել ֆրանսիական գինի արտադրող Minuty-ի հետ:

Գործարքի պայմանները չեն բացահայտվել, սակայն դրանք ներառում են ֆրանսիական ընկերության բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք բերելու կետ: Նրա ներկայիս տնօրեններ եւ գործընկերներ Ժան-Էտյենը ու Ֆրանսուա Մատտոնը, որոնք ֆրանսիական գինեգործարանի հիմնադրի ժառանգներն են, կշարունակեն ղեկավարել ընկերությունը:

Minuty կալվածքը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին, եւ 1936 թվականին այն ձեռք է բերել Մաթոնի նախահայր Գաբրիել Ֆարնը։ Այն գտնվում է Սեն-Տրոպեում եւ առավել հայտնի է իր Chteau Minuty վարդերի գինով: Ալկոհոլային խմիչքը վաճառվում է մոտ 100 երկրներում։ Ընկերության տվյալներով՝ 2022 թվականին այն վաճառել է 9 միլիոն շիշ ամբողջ աշխարհում։

«Ելնելով արտահանման մեծ պահանջարկից՝ այս դաշինքը կուժեղացնի Minuty գինիների զարգացումը միջազգային մակարդակում՝ օգուտ տալով Ros de Provence-ի ողջ կատեգորիային», – ասել է Moսt Hennessy-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Ֆիլիպ Շաուսը:

 




Լրահոս