Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Պողոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ: Նշենք, որ նախկինում Արտակ Պողոսյանը զբաղեցնում էր Երեւանի ոստիկանապետի պաշտոնը, սակայն Վալերի Օսիպյանը նրան հեռացրեց աշխատանքից:
Ինչո՞վ է հայտնի դարձել հանրությանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի նոր տեղակալը. ինչպես իր ղեկավարը, նա եւս լրագրողների դեմ գործողություններով է աչքի ընկել: 2014թ. փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստները Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա են իրականացրել: Իրազեկման աշխատանքներին խոչընդոտել էին: Դեպքից հետո ոստիկանները ոչ թե խոընդոտողներին, այլ ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում են եղել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը եւ ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գեւորգյանը, ոստիկանության բաժնում ոստիկանության այն ժամանակվա Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին:
Անի Գեւորգյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:
Դեպքից ամիսներ անց ՀՔԾ-ն կարճել էր քրեական գործով վարույթը՝ «հանցագործության հատկանիշների բացակայության» հիմքով: Անին պատմել էր, որ քրեական գործը կարճել են այն պատճառաբանությամբ, թե, իբր, ոստիկաններն իր նկատմամբ բռնություն էին գործադրում իր իսկ անվտանգության համար:
Դեպքին հաջորդող օրերին ոստիկանությունում նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն քննությունը կասեցված էր, քանի որ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ: Դեպքից 1 տարի 5 ամիս անց քրեական գործը կարճելիս ոստիկանությունը համարել էր, որ խախտումներ չեն եղել: Անցնելով ներպետական բոլոր ատյաններով` լրագրող Անի Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Դատախազը, ուսումնասիրելով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը, 2023 թվականի փետրվարի 16-ին, իր նախաձեռնությամբ, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ իրեն վստահված ստորաբաժանման սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութական այլ միջոցների առկայության մասին, պարտավոր լինելով ժամանակին պահանջել եւ կազմակերպել նյութական միջոցների ստացումը եւ ենթականերին հանձնումը, իրեն ենթակա ստորաբաժանումում ՀՀ N զորամասի ինժեներական ծառայության ինժեներասակրավորային վաշտում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, պատասխանատու լինելով իրեն ենթակա ստորաբաժանումում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում՝ նաեւ հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ:
Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին` կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով: Կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաեւ պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները եւ դուրս գալ այնտեղից: Դրա հետեւանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան եւ չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼ Է
Իրավապահ համակարգը շարունակում է բացահայտումները, թե ինչ պայմաններում է հակառակորդը մտել ՀՀ սահման: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Ծատուրյանին, Վարազդատ Մադինյանին, Արտյոմ Գառնիկի Դարբինյանին, Վաչիկ Մկրտչյանին, Աղասի Ավետիսյանին, Արման Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, խմբով իրենց ամրակցված զենքերով թողել են պահպանվող տարածքը, մարտական դիրքը, հենակետը եւ ծառայության վայրը, նախնական հանցավոր համաձայնության գալով, առանց անմիջական մարտական գործողություններ կատարելու եւ հարձակում գործելու պարագայում ինքնակամ թողել եւ նահանջել են մարտական դիրքից, թույլ են տվել հակառակորդ Ադրբեջանի ԶՈՒ անարգել մուտք գործել մարտական դիրք, որն անցել է վերահսկողության տակ:
Գործը ուղարկվել է դատարան:
ԳՈՂԻՆ ՀԱՅՏԱԲԵՐԵԼ ԵՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հարություն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում, նկատել է նույն փողոցի 226-րդ հասցեի տունը (բնակարանը) եւ հաստատապես համոզվելով, որ տանը (բնակարանում) մարդ չկա՝ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու՝ գողություն կատարելու նպատակով, օգտվելով տանը (բնակարանում) մարդ չլինելու հանգամանքից, բարձրացել է նշված տան բակ տանող դարպասների վրա, ցատկել է բակ, այնտեղից վերցրել մետաղյա առարկաներ՝ շամփուր եւ ամրան, դրանց միջոցով ֆիզիկական ուժի գործադրմամբ ներգործել է տան (բնակարանի) մետաղապլաստե պատուհանի վրա, բացել այն եւ ապօրինի մուտք գործել Ռ.Կաժոյանի բնակարան, որտեղ հափշտակություն կատարելու նպատակով ննջասենյակի կահույքի վրա դրված զարդատուփից վերցրել է Ռ. Կաժոյանին պատկանող 3 հատ շղթա ու մեկ հատ կախազարդ, սակայն հափշտակությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի հասցրել ավարտին, քանի որ միացել է տան անվտանգության ազդանշանային համակարգը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության ծառայողներ, որոնք վերջինիս հայտաբերել են տան ննջասենյակի պահարանում եւ ձերբակալել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ