Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպելու իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնելու եւ՛ սեփական, եւ՛ մտերիմների գրադարանները:
Հայաստանի գրողների միությունը տոնը կանցկացնի միության «Պոեզիայի պուրակ»-ում: Փետրվարի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի դիմաց եւ «Պոեզիայի պուրակ»-ում գրողները կհանդիպեն ընթերցողների, անցորդների հետ եւ կնվիրեն գրքեր։
«Նոր գիրք» գրախանութի դիմաց կլինի գրասեղան, որտեղ եւս կլինեն նվեր գրքեր։
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-16։00-ն, իրականացվելու է «Մուտքը՝ գրքով» ակցիան։
Այդ օրը բոլոր այցելուները կարող են տոմսի փոխարեն թանգարան մուտք գործել գրքով։ Թանգարանը բարեգործական ակցիայի շրջանակում հավաքված գրքերին կավելացնի թանգարանի հրատարակություններից եւս եւ ամբողջը կնվիրաբերի մանուկների խնամքով զբաղվող կենտրոններից մեկին։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի ամենամյա Մանկապատանեկան գրքի 19-րդ երեւանյան ցուցահանդես-տոնավաճառը, որի շրջանակում հրատարակիչները կներկայացնեն իրենց մանկապատանեկան լավագույն գրքերը, որոնք այդ օրերին կվաճառվեն 20-40 տոկոս զեղչով:
Ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 17-19-ը՝ ժամը 10:00-17:00-ն:
Եռօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են գրքի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, թատերական եւ տիկնիկային ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ, ցուցահանդեսներ, մուլտֆիլմերի դիտում, վարպետության դասեր, տարվա լավագույն ընթերցողների պարգեւատրում եւ այլ հետաքրքիր միջոցառումներ:
«Դարան» գրախանութում էլ փետրվարի 17-19-ը կանցկացվի «Արքոյական զեղչեր» նախաձեռնությունը: Ինչպես իրենք են նշում. «Զեղչարարներ շատ կգան ու կանցնեն անհետ, Արքոյական զեղչը մեր կմնա հավետ»:
Այդ օրերին գրախանութից հնարավոր կլինի գրքեր ձեռք բերել 20-80 տոկոս զեղչով:
Տոնի առթիվ «Նյումեգ» հրատարակչությունը փետրվարի 18-ին կանցկացնի Գրքի ձմեռային փառատոնը: Արդեն 2-րդ տարին «Կոնգրես» հյուրանոցում հրատարակչությունը գրքատոն է նվիրում ընթերցասերներին: Փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ։ Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելերներ։ «Նյումեգ»-ի բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն մինչեւ 40 տոկոս զեղչով:
«Բուկինիստ» գրախանութներում փետրվարի 16-18-ը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կաշխատեն աստղային խորհրդատուները։
Փետրվարի 16
16:00-17:00 – Նարեկ Մարգարյան (Մաշտոց 20)
17:00-18:00 – Մերի Ներսիսյան (Մաշտոց 20)
18։00-19։00 – Ռաֆայել Երանոսյան (Մաշտոց 20)
Փետրվարի 17
15:00-16:00 – Եգոր Գլումով (Մաշտոց 20)
16:00-17:00 – Հայկ Մկրտչյան (Մետրոնոմ)
17:00-18:00 – Սերգեյ Սարգսյան (Մետրոնոմ)
18:00-19:00 – Կարո Բալյան (Մաշտոց 20)
18:00-19:00 – Բաբկեն Չոբանյան (Մետրոնոմ)
15:00-16:00 – Լիաննա (@bookiinny) (Մետրոնոմ)
16:00-17:00 – Աննա Ավանեսյան (Մաշտոց 20)
Փետրվարի 18
16:00-17:00 – Աելիտա Չիլինգարյան (Մաշտոց 20)
17:00-18:00 – Սուրեն Առուստամյան (Մաշտոց 20)
18:00-19:00 – Աշոտ Աղաբաբյան (Մաշտոց 20)
Եվ, իհարկե, գործելու է 20 տոկոս զեղչ աստղային խորհրդատուներից գնված գրքերի համար։
ԲՐՅՈՒՍ ՈՒԻԼԻՍԻ ՄՈՏ ԴԵՄԵՆՑԻԱ Է ԱԽՏՈՐՈՇՎԵԼ
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Բրյուս Ուիլիսի մոտ ճակատաքունքային դեմենցիա է ախտորոշվել. այս մասին հայտնել է նրա ընտանիքը: Հայտարարության մեջ նշվում է, որ «թեեւ սա ցավալի է, սակայն հստակ ախտորոշումը թեթեւացում է»։
«Այսօր այս հիվանդությունը բուժում չունի, բայց մենք հուսով ենք, որ այս իրողությունը կարող է փոխվել առաջիկա տարիներին», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ 67-ամյա Ուիլիսի մոտ անցյալ տարվա գարնանը ախտորոշվել է աֆազիա, որը խոսքի դժվարություններ է առաջացնում, սակայն հիվանդությունը զարգացել է, եւ այժմ նրան ավելի հստակ ախտորոշում են տվել:
Ընտանիքը նաեւ երախտագիտություն է հայտնել դերասանի երկրպագուների ցուցաբերած աջակցության համար:
Ուիլիսի ընտանիքը, այդ թվում՝ նրա կին Էմմա Հեմինգ Ուիլիսը, նախկին կին Դեմի Մուրը եւ նրա հինգ դուստրերը նրա հիվանդության մասին հայտնել էին դեռ անցյալ տարի: Այդ ժամանակ նրանք հայտնել էին, որ Ուիլիսի մոտ առկա հիվանդությունն ազդում է նրա ճանաչողական ունակությունների վրա, եւ նա կդադարեցնի դերասանական կարիերան:
Բրյուս Ուիլիսը հայտնի է դարձել 1980-ականներին եւ 90-ականներին՝ նկարահանվելով «Պինդ ընկույզ» (Die hard), «Վեցերորդ զգայարան», «Արմագեդոն», «Հինգերորդ տարրը» եւ այլ ֆիլմերում: Դերասանը նկարահանվել է շուրջ հինգ տասնյակ ֆիլմերում:
3 ՆՈՐԵԿ՝ ԱԿՈՒՄԲՈՒՄ
Ինչպես հայտնում է «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել սերբ պաշտպան Դուշան Միյիչը: 29-ամյա ֆուտբոլիստն առաջին քայլերն արել է սերբական «Նովի Սադ» ակումբում, որտեղ խաղացել է 2010-2014 թվականներին: Այնուհետեւ տարբեր տարիներին խաղացել է «Բաչկա», «Հայդուկ», «Տրայալ», «Սլոգա Կրալյեվո» թիմերում: Նա ելույթ է ունեցել Բոսնիա եւ Հերցեգովինան ներկայացնող «Կրուպա» ակումբում: Միյիչի վերջին ակումբը «Մլադոստն» է, որը խաղում է Սերբիայի Սուպերլիգայում: Այս մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության 9 հանդիպման, իսկ Սերբիայի Գավաթի խաղարկությունում դաշտ է դուրս եկել 2 անգամ:
«Արարատ»-ում կարիերան կշարունակի նաեւ երիտասարդ կիսապաշտպան Կասիմ Հաջին: 22-ամյա խաղացողը «Արարատ» տեղափոխվել է շվեյցարական «Ստադ Նիոն» ակումբից: Շվեյցարական ակումբի կազմում մասնակցել է 40-ից ավելի խաղերի, դարձել 7 գոլի հեղինակ: Կասիմ Հաջին Ֆրանսիայի եւ Կոմորյան կղզիների քաղաքացի է:
Բուլղարացի եզրային հարձակվող Գեորգի Բաբալիեւը եւս համալրել է «Արարատ»-ի շարքերը: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է բուլղարական «Վիտոշա», «Սոզոպոլ», Սոֆիայի «Լոկո» ակումբներում: 21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Վարնայի «Սպարտակ»-ն է: Բուլղարիայի Բարձրագույն լիգայում այս մրցաշրջանում Բաբալիեւն անցկացրել է 10 հանդիպում ու դարձել մեկ գոլի հեղինակ:
Բաբալիեւը նաեւ Բուլղարիայի տարբեր տարիքային հավաքականներում խաղալու փորձ ունի: Հանդես է եկել Բուլղարիայի Մ16 տարեկանների հավաքականում, իսկ մինչեւ 18 տարեկանների թիմում անցկացրել է երկու խաղ:
ՍԿՍԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել WR Chess Masters մրցաշարում:
Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց հնդիկ Պրագնանդդհի հետ: Պարտիայի 50-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վինսենտ Կեյմերն է:
WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին: