ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունն ու տեղաշարժման ազատությունը Բերձորի միջանցքի երկայնքով պե՛տք է վերականգնվի. Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան պատասխանել է իմ հրատապ նամակին։
Արցախ վերադարձող 19 հայ երեխաների նկատմամբ մի խումբ ադրբեջանցիների կողմից էմոցիոնալ եւ հոգեբանական բռնության միջադեպի մասին ահազանգել էի նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին։
Մասնավորապես նշել էի, որ 10-15 ադրբեջանցիներ՝ դեմքերը փակ, ներխուժել են երեխաներին տեղափոխող ավտոբուս, նրանց ենթարկել հոգեբանական տեռորի, բացահայտ սպառնալիքներ հնչեցրել նրանց նկատմամբ։
Ադրբեջանցիները նկարահանել են միջադեպը, որտեղ երեւում են հայ երեխաների վախեցած դեմքերը, միտումնավոր տարածել սոցիալական մեդիայում՝ եւս մեկ քայլ կատարելով դեպի էթնիկ հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության կենսագործում։
Հիմնավորելով ադրբեջանցիների գործողություններում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կոպիտ խախտումների առկայությունը՝ տիկին Ուրսուլա Ֆոն դեր Լայենին խնդրել էի ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ սահմանելու պատժամիջոցներ այդ հրահանգը տված Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ։
Նամակին ի պատասխան՝ ստացել եմ գրություն Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայից, որը հավաստիացնում է, որ իրենք քաջատեղյակ են միջադեպի մասին։
«Մենք հավասարապես մտահոգված ենք մնում այն տառապանքով, որ ազատ տեղաշարժի շարունակվող սահմանափակումները պատճառում են տեղի բնակիչներին, ինչպես նաեւ հումանիտար հետեւանքներով»,- նշում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավարը։
Տիկին Սուլիգան հավելում է, որ 2022թ. դեկտեմբերի սկզբից մոբիլիզացրել են բոլոր դիվանագիտական ջանքերը՝ հասնելու իրավիճակի լուծմանը։
ԵՄ բարձր հանձնակատար, փոխնախագահ Ժոզեֆ Բորելը, Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կանոնավոր կապի մեջ են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ։ «Մենք շարունակում ենք պնդել, որ մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը եւ ազատ տեղաշարժը Բերձորի միջանցքի երկայնքով պետք է վերականգնվի՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Մենք կիսում ենք Ձեր մտահոգությունը եւ կշարունակենք մեր ջանքերը` գտնելու իրավիճակի՝ ժամանակին եւ խաղաղ հանգուցալուծում»,- ամփոփել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավարը»։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
ԱԺ նախագահի որոշմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մարտի 2-4-ը աշխատանքային այցով կգործուղվի Մոսկվա: Թե ինչ քննարկումներ կամ հանդիպումներ է Մոսկվայում ունենալու պատգամավորը, հստակեցված չէ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորի գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարվելու է պետբյուջեի հաշվին, իսկ ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:
ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանն ու Նարեկ Գրիգորյանը նախագիծ են ներկայացրել եւ առաջարկում են սահմանափակել արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը: Խոսքը նրանց հեղինակած ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին է վերաբերում։ Այս փոփոխության վերաբերյալ նաեւ փետրվարի 17-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում։ Նշենք, որ օրինագիծն օրեր առաջ ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ այլ ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Կառավարության անդամներ, բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նկատենք՝ առաջարկվող սահմանափակումը նոր բան չէ. այն արդեն կիրառվում է սպառողական վարկերի տրամադրման դեպքում:
Սակայն ընդդիմախոսներից ոմանք կարծում են՝ եթե ընդունվի նախագիծը, դրանով քաղաքացիները կզրկվեն ընտրության հնարավորությունից, ինչպես նաեւ կբարձրանան դրամով տրվող հիփոթեթային վարկերի տոկոսադրույքները: Որոշ փորձագետների կարծիքով՝ նախագիծը որոշ հակասահմանադրական տարրեր է պարունակում:
Որոշ մտահոգություններ ունեն նաեւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները, օրինակ՝ առաջարկի ընդունման դեպքում վարկային կազմակերպությունները չեն կարող մրցակցել բանկերի հետ եւ դուրս կմնան շուկայից: Առաջարկվել է ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ մտցնել 1 տարի անց:
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄ
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջինիս կողմից խախտվեց այս անգամ էլ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով. 2023 թվականի փետրվարի 21-ին դատական նիստ նշանակելու փոխարեն՝ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի փետրվարի 28-ին: Ստացվում է, որ Դավիթ Տոնոյանը եւ նույն գործով անազատության մեջ գտնվող մյուս անձինք պետք է շարունակեն մնալ կալանքի տակ այս անգամ էլ դատավորի վերապատրաստվելու պատճառով, ինչը որեւէ կերպ չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթներից:
100 ԴԻՏՈՐԴՆԵՐ ԿԺԱՄԱՆԵՆ
Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն Եվրամիության 100 դիտորդները: Այս մասին Մյունխենում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրանք կտեղակայվեն Ադրբեջանի հետ սահմանին հարող Հայաստանի տարածքներում։ Նրանց թվում են ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-ի եւ ՊՆ-ի երկակի ենթակայության տակ) եւ 15 գերմանացի ոստիկան։ Իր հերթին Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության առաքելությունը Հայաստանի ամբողջ տարածքում դիտարկելու եւ տեղեկացնելու է իրավիճակի մասին՝ նպաստելով մարդկանց անվտանգությանն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը: Իր հերթին Եվրոպական պատվիրակության անդամները երեկ այցելել են Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական վերջին հարձակման թիրախ դարձած քաղաքի խնդիրներին, վաղն էլ լինելու են Վարդենիսում, Գորիսում, որոնք եւս նախորդ տարվա ռազմական գործողությունների հիմնական ուղղություններից էին։ Փաստահավաք առաքելությամբ Երեւանում գտնվող ԵԽԽՎ համազեկուցողները նաեւ հանդիպել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Խորհրդարանի խոսնակն ընդգծել է համազեկուցողների՝ սահմանամերձ մարզեր այցելության եւ Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը: Նաեւ մանրամասներ են ներկայացվել արդեն 69 օր ադրբեջանցիների կողմից փակված Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ դրա հետեւանքների մասին: Իսկ ժամանող ԵՄ առաքելությունը երկրորդն է: 40 հոգուց բաղկացած առաջինը խումբը Հայաստանում էր հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 19-ը: Երկրորդ առաքելությունն ուղարկելու որոշումը Եվրահանձնաժողովն ընդունել է 2023 թվականի հունվարի 23-ին։
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱՅՍՕՐ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծում հոդված է ավելացվելու, ըստ որի՝ «ինքնիշխանությունից հրաժարվելուն, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: