ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

Ժաննա Անդրեասյանը, կարեւորելով Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ձեւավորված բարեկամական կապերը, նշել է, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է գրավում: Նախարարի խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացումը եւ փորձի փոխանակման հնարավորությունը նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարը միջբուհական համագործակցության զարգացման համատեքստում առանձնացրել է դրա կայուն զարգացման ապահովման հնարավորությունը համատեղ կրթական եւ հետազոտական, ինչպես նաեւ ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով՝ ընդգծելով, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում է Թուրքմենստանի 30 քաղաքացի: Ժաննա Անդրեասյանը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել Թուրքմենստանի գործընկեր կառույցների հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր կյանքի կոչելու միջոցով: Նախարարը կարեւորել է համագործակցության շարունակությունը ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի եւ Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության եւ ֆիզիկայի ինստիտուտի միջեւ: Այդպիսի համագործակցությունը, ըստ նախարարի, հեռանկարային է գիտության ոլորտում նոր ծրագրեր եւ նախաձեռնություններ իրականացնելու համար: Կողմերը դիտարկել են նաեւ մշակույթի եւ ստեղծագործական ոլորտում համագործակցությունը՝ երկու երկրներում անցկացվող միջազգային միջոցառումներին թատերական արվեստի վարպետների, անհատ կատարողների, ստեղծագործական խմբերի եւ մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, եւ ցանկալի կլինի թուրքմեն մշակույթի գործիչների մասնակցությունը հոբելյանական միջոցառումներին: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ ներպետական համաձայնեցման ընթացակարգ է անցել «ՀՀ կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ մշակույթի ու արվեստի բնագավառում 2022-2024 թվականների համագործակցության» ծրագրի նախագիծը, որը 2022 թ. հունիսին փոխանցվել է թուրքմենական կողմին՝ փոխհամաձայնեցման: Կողմերը համաձայնվել են ծրագրի նախագծի ժամկետները փոխել՝ սահմանելով 2023-2024 թթ.: Երիտասարդության եւ սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանն առաջարկել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում եւ Երեւանի Օլիմպավանում անցկացնել համատեղ ուսումնամարզական հավաքներ ազատ ոճի ըմբշամարտ, ծանրամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո եւ բռնցքամարտ մարզաձեւերից: Նշվել է, որ այսօրինակ ծրագրերը կնպաստեն երիտասարդ սերունդների միջեւ շփումների համար անհրաժեշտ նոր հարթակների եւ հնարավորությունների ստեղծմանը: ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովն իր հերթին շնորհակալություն է հայտնել թուրքմենական կողմի նախաձեռնություններին աջակցելու համար՝ նշելով, որ մեծ ուշադրություն են դարձնում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը: Դեսպանն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքմենստանի համատեղ միջոցառումներին, մասնավորապես՝ նշվել է, որ 2019 թ. նոյեմբերի 5-7-ը Թուրքմենստանում կայացել են Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք ցուցադրություններ, փորձի փոխանակման եւ վարպետության դասեր: 2020 թ. մայիսի 4-6-ը նախատեսվում էր իրականացնել «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը, սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ծրագիրը հետաձգվել է, եւ այն Հայաստանում կանցկացվի այս տարի: Մուհամետգելդի Այազովը խոսել է նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական եւ Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Հայաստանի ազգային ագրարային եւ Թուրքմենստանի Ս. Ա. Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության եւ Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության եւ ֆիզիկայի ինստիտուտների, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, ինչպես նաեւ Երեւանի պետական եւ Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանների միջեւ համագործակցության ընդլայնման հարցերի մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

 

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԿՓՈՓՈԽՎԻ

 

Ազգային ժողովում մեկնարկում են մշտական հանձնաժողովների նիստերը: Այդտեղ քննարկումներից հետո նույն հարցերը կքննարկվեն արդեն ԱԺ լիագումար նիստում, որը սկսվելու է փետրվարի 28-ին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Համաձայն օրենքի` հիմնադրամի շահառու է հանդիսանում նաեւ այն զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն:

Ըստ այդմ՝ ամսական հավասար վճարումները վճարվում են առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության ժամանակահատվածի համար, իսկ եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա ամսական հավասար վճարումները դադարեցվում են՝ հարուցելով շահառուների դժգոհությունը։ Երկրորդ խմբի հաշմանդամը հիմնադրամից ստանում է 200 000 դրամ (սպայական կազմ), 150 000 դրամ (Պայմանագրային կազմ, զորահավաքային կազմ եւ կամավորներ) եւ 100 000 դրամ (պարտադիր ժամկետային կազմ)։ Վերափորձաքննության արդյունքում երրորդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձը կսկսի ստանալ՝

1) սպայի դեպքում՝ շուրջ 74 000 դրամ,

2) պայմանագրային եւ զորահավաքային զինծառայողի, կամավորի դեպքում՝ 66000 դրամ,

3) պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 66 000 դրամ:

Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում, եթե զինծառայողը ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, դրամական աջակցության չափն առաջարկվում է` սպայական կազմի զինծառայողներին` 75 000 դրամ, պայմանագրային եւ զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 000 դրամ: Համաձայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների` առ 29.08.2022թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ: Միաժամանակ, ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ համատեղ զավակ ունեցող անձը հատուցման իրավունք ունի, եթե զինծառայողը չունի ամուսին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ  ԴԺԳՈՀ ԵՆ

2022թ.  նոյեմբեր ամսին  տեղի է ունեցել Տավուշի մարզի  Բերդ եւ Նոյեմբերյան քաղաքներում իրավաբանական անձանց  պետական ռեգիստրի գործակալության տեղի բաժանմունքների փակումը։ Պետական ռեգիստրի Բերդի եւ Նոյեմբերյանի բաժանմունքների մեկական աշխատողներն ամեն աշխատանքային օր ժամանում են Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաք՝ Հայփոստի գրասենյակ, Երեւանյան 10 հասցեում տեղակայված   հանրային ծառայությունների միասնական գրասենյակում կատարում են նույն գործառնույթները, ինչպես որ նախկին աշխատավայրում էին կատարում։ Բերդ քաղաքի, այդ  համայնքի հեռավոր գյուղերի բնակիչները, Նոյեմբերյան քաղաքի, այդ համայնքի Այրում  քաղաքի, Բագրատաշեն եւ այլ գյուղերի բնակիչները դժգոհում են, որ  անհատ ձեռներեց  գրանցվելու, ՍՊԸ բացելու, Բագրատաշենի մաքսակետով ներմուծված ապրանքը մաքսազերծելու նպատակով անհատ ձեռներեց գրանցվելու կամ  այն լուծարելու,  ընկերություններում բաժնեմաս  ունենալու կամ  չունենալու  մասին տեղեկանք վերցնելու համար ստիպված են մոտ  100 կմ ճանապարհ կտրել, հասնել Իջեւան։ Նույն բանը նրանք ստիպված են անել նաեւ  5 օր անց, երբ իրենց դիմումին օրենքով սահմանված ժամկետում  պետական ռեգիստրի գործակալությունից գրավոր պատասխան է տրվում։ Բերդից եւ Նոյեմբերյանից դեպի Իջեւան  ավտոճանապարհը անցնում է  սահմանագոտով՝ ադրբեջանական  դիրքերի  դիմաց, ամեն պահ իրավիճակը կարող է սրվել, ճանապարհով  երթեւեկողների կյանքը՝ վտանգվել։ Իջեւան քաղաքում՝ Հայփոստի շենքում տեղակայված հանրային ծառայությունների միասնական գրասենյակում աշխատանքային վատ պայմաններ են, փոքր տարածքում՝ ապակեպատ փոքր խցերում, աշխատում են  տարբեր ծառայություններ մատուցող 22 աշխատողներ։ Բացի այդ, դժվարություն է  Պետռեգիստրի  Նոյեմբերյանի եւ  Բերդի բաժանմունքների աշխատողների՝ Նոյեմբերյան եւ  Բերդ Իջեւանից հասնելը եւ աշխատանքային օրվա ավարտից հետո իրենց բնակության վայրերը վերադառնալը։ Պետական ռեգիստրը գործում է  ՀՀ արդարադատության նախարարության կազմում, եւ այդ նախարարության   Պետռեգստրի գործակալության Բերդի եւ Նոյեմբերյանի բաժանմունքների փակումը  հարուցել է   սահմանամերձ Բերդի  եւ  Նոյեմբերյանի բնակչության, հատկապես՝ գործարարությամբ զբաղվողների  բողոքը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս