ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը եւ նախարարի տեղակալը Գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելել են Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։ Նախարարը դպրոցի գրադարանին նվիրել է բրալյան գրքեր՝ Ստեփան Զորյանի պատմվածքները, եւ աուդիոգրքեր՝ օտար գրողների ստեղծագործություններ, որոնք նախատեսված են դպրոցական ծրագրով ընթերցանության համար։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ի՞նչ անել եւ ու՞մ դիմել, եթե ստիպում կամ արգելում են որեւէ հանրահավաքի մասնակցել:

Մարիամ Ղազարյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հավաքներին մասնակցելուն հարկադրելը կարող է դրսեւորվել տարբեր ձեւերով՝ բռնություն կիրառելով, բռնություն կիրառելու սպառնալիքի ձեւով, գույքը վնասելով։ Հավաքներին մասնակցելուն հարկադրելը կարող է դրսեւորվել նաեւ գործատուի կողմից իր աշխատողներին աշխատանքից ազատելու սպառնալիքի ձեւով կամ դրա մասին ուղղակի ակնարկելով։ Հավաքներին մասնակցելու կամ, հակառակը, հավաքներին չմասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը, օրինակ՝ դրամ կամ ծառայություն խոստանալը կամ տալը, նույնպես առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես՝ եթե Ձեզ գումար են առաջարկում հավաքին մասնակցելու նպատակով, ապա այդ արարքը գումար առաջարկողի համար առաջացնում է քրեական պատասխանատվություն։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուրի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին մասնակցելու կամ հավաքներ կազմակերպելու իրավունքը։ Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունը առավել արդիական է դառնում նախընտրական շրջանում։ Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում հավաքների ազատության իրավունքի խախտման համար, այդ թվում՝ նախընտրական շրջանում։ Հատկապես տարածված են նախընտրական շրջանում անձանց հավաքներին մասնակցելուն հարկադրելու դեպքերը։

 

 

 

 

ԿՐՈՆԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ե՞րբ է սկսվում Մեծ պահքի շրջանը, եւ ի՞նչ սննդամթերքներ են թույլատրելի:

Արմենուհի Արզումանյան (22 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեծ պահքի շրջանը տեւում է 48 օր Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Մեծ պահքը սկսվել է փետրվարի 20-ից: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, քանզի բուսական կերակուրներ ուտելով՝ թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգեւոր ցանկություններն առաջ գան, որպեսզի մարդը հիշի, որ ինքը, մարմնավոր էակ լինելուց բացի, նաեւ հոգեւոր էակ է, եւ հոգեւոր կյանքն ավելի կարեւորություն ստանա, ու մարդն ավելի շատ մտածի հոգեւոր սննդի մասին: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի եւ զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն, բղջախոհություն եւ այլն), շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում»,- ասում է Ս. Գրիգոր Տաթեւացին:

 




Լրահոս