ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 164

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից, կառավարության որոշմամբ, հնարավորություն ստացան հետվճար (քեշբեք) ստանալ վճարային քարտերով կատարված գործարքներից։

Ծրագրին միացած բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար՝ նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամը։  Կառավարությունը, որպես ծրագրի իրականացման արդյունք, նշել էր, որ ակնկալվում է՝ մինչեւ 2022-ի տարեվերջ ծրագրի փաստացի շահառու կդառնա եւ առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը։

Կես  տարի անց, ակնկալված 80%-ի փոխարեն, հետճվարից օգտվում է քարտապան թոշակառուների 15%-ը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան, հայտնում են, որ Հայաստանում կենսաթոշակառուների եւ նպաստառուների թիվը ներկայում շուրջ 585 հազար է, որոնցից 474 հազարը թոշակը (նպաստը) ստանում է անկանխիկ՝ բանկային քարտով։

Անկանխիկ եղանակով կատարված վճարումներից «քեշբեք» ստացող թոշակառուների եւ նպաստառուների թիվը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 67 հազար կամ քարտապան շահառուների 15%-ը (բոլոր թոշակ եւ նպաստ ստացողների 11%-ը). սա կառավարության մինչեւ տարեվերջ «անկնկալած» թվից ավելի քան 5 անգամ պակաս է։ Միջին հաշվով՝ թոշակառուներին ամսական վճարված հետվճարի չափը 2022-ի հուլիս-սեպտեմբերին կազմել է մոտ 2600-2900 դրամ, հոկտեմբեր-դեկտեմբերին՝ 3100-3400 դրամ, այսինքն՝ կառավարությունը հերթական անգամ չի  կարողացել կատարել ծրագիրը ։

 

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հասան իրենց երկրորդ նպատակին եւս։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգնականներին տրվել է աշխատավարձի 15 տոկոսի չափով պարգեւավճար աշխատակազմի նոր ղեկավար-քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից։ Հիշեցնենք , որ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականները մի խումբ այլ ՔՊ պատգամավորների օգնականների հետ պարգեւավճար են պահանջել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից եւ աշխատակազմի  արդեն նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանից: Նրանք պահանջում էին պարգեւավճար տալ իշխող խմբակցության պատգամավորների օգնականներին, սակայն օրենքով պարգեւավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են: Ողջ մեղքը բարդվեց աշխատակազմի նախկին ղեկավարի վրա: ՔՊ դռնփակ նիստից հետո նա հեռացվեց պաշտոնից, սակայն փաստացի օգնականների երկրորդ պահանջը եւս կատարվեց, եւ նրանք նաեւ ստացան պարգեւավճարները։ Ստացվում է՝ գումար չկա առաջնագծում կահավորանք եւ կեցավայր կառուցելու համար, բայց իշխանական պատգամավորների օգնականների համար պարգեւավճարների գումար կա:

 

 

 

 

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջիկայում շրջանառության կդնեն ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան: Որպես Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել, ինչն օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ: Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության հարցը կարող են բարձրացնել խորհրդարանը եւ իրենք՝ ՍԴ դատավորները: Քանի որ մինչ այժմ ՍԴ դատավորները ոչինչ չեն արել, խորհրդարանականները որոշել են դատավորին պատժելու գործառույթը վերցնել իրենց վրա: Նախագիծը մինչ լիագումար նիստերի օրակարգ ներառվելը երկշաբաթյա ժամկետում պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որն այս դեպքում հավանաբար կլինի ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կմտնի ԱԺ լիագումար նիստերի  օրակարգ: Բայց կա մի խնդիր. ընդդիմությունը այս հարցում կարիք ունի իշխանական ՔՊ-ի ձայների:  «ԱԺ կանոնակարգ» սահմանարական օրենքի համաձայն՝ խորհրդարանում համապատասխան նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով: Ստացվում է՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնությունը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն, եւ ընդդիմությունը պետք է «դիմի» ՔՊ-ականներին՝ անհրաժեշտ ձայներ ստանալու համար: Ընդդիմադիրները, սակայն, համոզված են, որ իրենց սրտի դատավորի դեմ գործընթացին իշխանականները չեն միանա, այլ կհովանավորեն փաստացի ՔՊ դատավորի ապօրինությունները: Ամեն դեպքում, եթե նախագիծն ԱԺ-ում ընդունվի, կուղարկվի ՍԴ, որն էլ արդեն որոշում կկայացնի դատավորների լիազորությունները դադարեցնել-չդադարեցնելու մասով: ՍԴ-ն դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումը ՍԴ-ն կարող է ընդունել դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով մեկամսյա ժամկետում:

 

 

 

 

2022 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության  նիստում հաստատվեց Քրեական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։ Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչեւ առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ-ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվում է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։ Նկատենք՝ այս նախագիծը կառավարության  նիստում ընդունվեց այն բանից հետո, երբ իշխանական տարբեր շրջանակներ, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտարարեցին, թե իրենց ստիպում են մտնել Միութենական հանրապետություն։ «Երբ Հայաստանը դիմադրում է, ստանում է ճնշումներ ռազմական տեսքով», – ասել էր նաեւ նա։ Իսկ, ահա, այս հայտարարությունից օրեր առաջ էլ՝ դեկտեմբերի 14-ին, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր հայտարարել, թե ՌԴ-ն ստիպում է ՀՀ-ին մտնել Միութենական պետություն, անգամ ժամկետ է դրել, սակայն ՀՀ իշխանությունները մերժել են, փակվել է Լաչինի միջանցքը, եւ ռուս խաղաղապահները բացելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում։ Նկատենք՝ միութենական կազմի մեջ մտնելը նաեւ ենթադրում է ինքնիշխանությունից հրաժարում, եւ հաճախ կազմի մեջ մտնելու առաջարկին լինում են կողմ արտահայտվողներ։ Եվ ստացվում է, որ այսուհետ ՌԴ-ի հետ միութենական հանրապետությունում լինելու մասին որեւէ խոսք անգամ դատապարտելի է լինելու իրավական առումով: Այսինքն՝ ռուսամետ քաղգործիչները, որոնք միութենական պետության ջատագովներն են, անխուսափելիորեն կպատժվեն:

 




Լրահոս