ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Պատժամիջոցների այսօրվա 10-րդ փաթեթն ուղղված է նրանց դեմ, ովքեր կարևոր դեր են խաղում այս դաժան պատերազմի շարունակման գործում: Մենք լրացուցիչ գործողություններ ենք ձեռնարկում՝ անդրադառնալով բանկային ոլորտին, երկակի օգտագործման տեխնոլոգիաներին և առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիությանը: Մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, և դա կանենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, մինչև Ուկրաինան ազատագրվի ռուսական դաժան ագրեսիայից», – ասվում է Բորելի հայտարարության մեջ՝հրապարակված Եվրոպայի խորհրդի կայքում:

Սահմանափակումների տակ են հայտնվել 121 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Սահմանափակումները կազդեն նաև նրանց վրա, «ովքեր պատասխանատու են առնվազն 6000 ուկրաինացի երեխաների արտաքսման և բռնի որդեգրման համար»։ Պատժամիջոցները ներառում են նաև ռուսական քարոզչական լրատվամիջոցների արգելք։

Բացի այդ, ընդլայնվել են Ռուսաստան արտահանման համար արգելված ապրանքների ցանկերը։

Պատժամիջոցների փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ իրանական յոթ ընկերությունների նկատմամբ, որոնք անօդաչու սարքեր են արտադրում և դրանք մատակարարում ռուսական բանակին։ Սահմանափակումները ուղղված են նաև ռուսական երեք բանկերի դեմ, որոնց անունները դեռևս չեն հաղորդվում։

Եվրամիությունը մտադիր էր պատժամիջոցների տասներորդ փաթեթն ընդունել Ուկրաինա Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ ներխուժման տարելիցի կապակցությամբ։ Փաթեթի քննարկումը ձգձգվեց մի քանի օր, և ի վերջո այն համաձայնեցվեց միայն փետրվարի 24-ի ուշ երեկոյան։




Լրահոս