Հակակոռուպցիոն կոմիտեում կստեղծվի կարգապահական հանձնաժողով։ Armlur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից։
Օրենքում կատարված փոփոխությամբ դրանում ներառվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի` վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ:
Հանձնաժողովի անդամները նշանակվելու են 3 տարի ժամկետով: Միաժամանակ հարկ է նշել, որ պաշտոնավարման ժամկետների տեսանկյունից առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ Հանձնաժողովի առաջին կազմում ներգրավված հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ներկայացուցիչը, իրավաբան-գիտնականը, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչները պաշտոնավարում են 2, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի` վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված դատախազը` 1 տարի ժամկետով:
Նշենք նաև, որ Նախագծով նախատեսվում է, որ Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է:
Նախագծով նաեւ հստակեցվում են կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը. նախատեսվում է, որ Կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունի երկու փուլ` նախնական ուսումնասիրություն եւ կարգապահական վարույթ:
Կարգապահական վարույթի իրականացման համար Նախագծով առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ:
Նախագծով նաեւ սահմանվել են երաշխիքներ Կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից: Նախատեսվում է, որ Կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում հանդես գալ ներկայացուցչի միջոցով:
Շահերի բախման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով Նախագծով սահմանվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում Հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել Հանձնաժողովի գործունեությանը:
Միաժամանակ, Նախագծով սահմանվում են հանձնաժողովի ձեւավորման ժամկետները, ինչպես նաեւ նախատեսվում են կարգավորումներ, որոնք կապահովեն Կոմիտեի վարքագծի կանոնների ընդունումը եւ այլն:
Նաիրա Հովհաննիսյան