Շրջափակման մեջ արդեն ծնվել է 300 երեխա
Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում արդեն ծնվել է 300 երեխա։
Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ։
Փետրվարի 24-ից 26-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 14 հիվանդ տեղափոխվել է Հայաստան։
17 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Փետրվարի 26-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 127 հիվանդ:
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով որոշման վերաբերյալ
Հայտարարարության մեջ, որը տարածվել էր փետրվարի 24-ին, մասնավորապես ասված է․
«Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի որոշման անհապաղ և անվերապահ իրականացումը։ Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային մակարդակով համակարգված և հանգամանալից դիտարկվի Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի իրավունքները զանգվածաբար ոտնահարող քաղաքականությունից արցախցիների իրավական պաշտպանության հարցը»։
Օրվա վիճակագրական թարմացումներ
2 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 300 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 730 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 127 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 30,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։