Ժաննա Անդրեասյանն իրանցի նախարարի հետ քննարկել է Հայաստանի դպրոցներում պարսկերենի ուսուցման հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը, որտեղ քննարկվել են ՀՀ դպրոցներում պարսկերենի ուսուցման հնարավորությունները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել հատկապես կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները: Նախարարը ներկայացրել է տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրանական փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն նաև հայկական կողմի հետ կիսելու. «Մեր բարեկամ երկրին՝ Հայաստանին, պատրաստ ենք փոխանցել մեր փորձը: Հույս ունեմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել ցանկալի արդյունքների»:

ԿԳՄՍ նախարարը տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցությունն առաջարկել է դիտարկել, մասնավորապես՝ Սյունիքի մարզում գործող հաստատությունների օրինակով։

«Մեզ շատ կհետաքրքրի համատեղ ծրագրերի հնարավորությունը Մեղրիի տարածաշրջանում, որտեղ ունենք միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Հետաքրքրված ենք ինչպես ենթակառուցվածքների զարգացման, պայմանների բարելավման, դասախոսական կազմի վերապատրաստման, կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությամբ, այնպես էլ կոնկրետ մասնագիտությունների գծով համատեղ կրթական ծրագրերի մշակմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել, որ այժմ արդիականացման փուլում են երկու երկրների միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծրագրերը:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման հնարավորությունները՝ համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացմամբ: Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը. «Նախորդ տարվա սեպտեմբերից տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցմանը հատկացնում ենք մեծ ուշադրություն: Կարծում եմ՝ սա հանրային դիվանագիտության ամրապնդման հարցում կարող է ունենալ կարևոր նշանակություն»:

Կողմերն ընդգծել են, որ երկու պետությունների համար առանձնահատուկ կարևորություն ունի միջբուհական համագործակցությունը: Կողմերը կարևորել են նաև երկու պետությունների բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման հարցը:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում ընդգծել է հայ-իրանական պատմական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության փաստը Իրանում հայկական եկեղեցիների, իսկ Երևանում՝ Կապույտ մզկիթի առկայությունն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




Լրահոս