Լաչինի միջանցքում անցակետի ստեղծում նախատեսված չէ. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը:

«Լաչինի միջանցքի ռեժիմը պետք է ամբողջապես համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաառաջին եռակողմը հայտարարությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ազատ տեղաշարժ ապահովել բացառապես քաղաքացիական և մարդասիրական բեռների, քաղաքացիական անձանց համար: Խաղաղապահ զորակազմի գծով մեր շփումներում մենք փորձում ենք հասնել հենց դրան: Այնտեղ որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, սական կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության: Մենք այսօր այդ մասին խոսել ենք, տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն»,- ասել է Լավրովը:
Խոսելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ մնալ խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցում: Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է, Երևանն ասել է, որ ևս դեմ չէ, սակայն վերջնական համաձայնություն չի տալիս:

«Կարծում եմ՝ մենք, այսպես ասած, չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները, բայց դրանք երկու կողմին էլ շատ լավ հայտնի են»,- եզրափակել է Լավրովը:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը հայտնել էր հանդիպմանը չմասնակցելու որոշման մասին՝ պատճառաբանելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը:
Սերգեյ Լավրովը նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը բացահայտ չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Ինչ վերաբերում է Բրյուսելից հնչող հայտարարություններին, ապա մենք չենք կարող դրանք մանրամասն մեկնաբանել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունն բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որն առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության ավելացված արժեքի տեսանկյունից: Այնուամենայնիվ, դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ», – ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը իր գործողություններում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ չվնասել և աջակցել այնպիսի լուծմանը, որը նախևառաջ հիմնված կլիներ երեք ղեկավարների պայմանավորվածությունների վրա և երկրորդ, որը կապահովեր այստեղ փոխշահավետ, փոխհարգալից համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջև:

«Ոչ բոլոր խաղացողներն են, հատկապես նրանք, որոնք հեռու են գտնվում Հարավային Կովկասից, առաջնորդվում այսպիսի սկզբունքներով: Նրանք ցանկանում են այստեղ աշխատել ոչ թե հանուն ինչ-որ բանի, այն ինչ-որ մեկի դեմ: Մենք դա տեսնում ենք և վստահ ենք, որ դա տեսնում են նաև ուղղակիորեն գործընթացում ներգրավված կողմերը», – ասել է Լավրովը:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովին հրավիրել է այցելելու Ռուսաստան։

«Մենք մշտական շփումների մեջ ենք ադրբեջանցի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Օգտվելով առիթից՝ ադրբեջանցի իմ գործընկերոջը հրավիրում եմ այցելելու Ռուսաստան», – ասել է Լավրովը Բաքվում կայացած համատեղ ասուլիսում։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս