Որ դեպքում վարժական հավաքների մասնակիցների աշխատավարձը կպահպանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել և առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում:

Օրենսգքի 124-րդ հոդվածը կունենա այս տեսքը.

«Հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով:»:

ArmLur.am-ը հիմնավորումից տեղեկանում է, որ այսուհետ հայտարարված վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների՝ հիմնական աշխատանքի վայրում վարձատրության հետ կապված կարգավորումները: Խնդիրն առավել արդիական է դառնում այն պահեստազորայինների մասով, որոնց հիմնական աշխատավայրում ստանում են բարձր աշխատավարձ:

Այդ նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը, առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել, որ հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Նախագծի հեղինակները կարծում են, որ այս կարգավորումը հնարավորություն կտա մի կողմից՝ վարժական հավաքներին մասնակցող աշխատողի մասով՝ բարձր աշխատավարձ ստանալու դեպքում համապատասխան չափով պահպանված աշխատավարձի և հաշվարկվող պաշտոնային դրույքաչափի ընդհանուր գումարը հնարավորինս մոտարկել բարձր աշխատավարձի չափին, և մյուս կողմից՝ մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս