Վաղաժամկետ դադարել են ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փետրվարի 28-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին ԱՀ կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել էր Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա նաև նշել էր, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել փետրվարի 24-ին։