Արցախի կյանքի ճանապարհը պետք է բացվի՝ համաձայն Հաագայի դատարանի որոշման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել.  «Աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային քաղաքական և դատական ատյաններն արդեն հասցեական կոչեր են հղել Բաքվին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից մինչև ԱՄՆ պետքարտուղար, Հաագայի միջազգային դատարանից մինչև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ բոլորն էլ մատնանշել են Ադրբեջանի թշնամական գործողությունն Արցախի հարյուր հազարավոր հայերի նկատմամբ և հորդորել ժամ առաջ բացել ճանապարհը։

Ի հեճուկս այդ կոչերի՝ Բաքուն շարունակում է փաստացի ցեղասպանական գործողությունն Արցախի հայության նկատմամբ։

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում բանակցելու է Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հետ, միգուցե անգամ հորդորելու է բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը։ ՌԴ-ն միգուցե դա փորձի որպես սեփական դաշնակցային պարտավորությունների կատարում մատուցել, բայց ինչ էլ լինի՝ մեզ համար կարևորն արդյունքն է։ Եվ եթե դրանից հետո էլ Ադրբեջանը չվերացնի Արցախի շրջափակումը, կնշանակի, որ որևէ միջազգային ուժ կամ գործոն նրա լկտիությունը սանձելու ի զորու չէ։

Ես և մեր քաղաքական թիմը բազմիցս դեմ ենք արտահայտվել ամեն գնով զիջումների գնալու պատրաստակամությանը։ Արցախը, արցախցիները, նրանց ինքնորոշման անբեկանելի իրավունքը, անվտանգության երաշխավորումը չեն կարող սակարկման կամ աճուրդի դրվել թշնամու նախապայմանները բավարարելու գնով։

Չեմ դադարի կրկնելուց՝ խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել առանց Արցախի հայկական կարգավիճակի մասին հատուկ հիշատակման և անվտանգության միջազգային երաշխիքների սահմանման։
Հայաստանյան իշխանությունը պետք է բավարար դիվանագիտական ճկունություն ցուցաբերի՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու բացառապես խաղաղ եղանակով՝ առանց որևէ ներքին զիջման։

Իլհամ Ալիևը չի կարող և իրավունք չունի Արցախում կադրային, պետական հարցեր լուծելու կամ որոշելու, թե իր հետ ով պիտի բանակցի։ Հաագայի միջազգային դատարանի որոշումը նպատակային օգտագործելը կարող է դառնալ մեր հաղթաթուղթը Արցախն ապաշրջափակելու գործում»։




Լրահոս