ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:
Մասնավորապես` «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնող պարեկները, պարզելով, որ Վ. Գ.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել, նրանից պահանջել են փաստաթղթերը, սակայն այդ ընթացքում վարորդի ամուսին Կ. Մ.-ն որպես կաշառք 10.000 ՀՀ դրամ է թողել պարեկների ավտոմեքենայի մեջ՝ խնդրելով արձանագրություն չկազմել: Պարեկային ծառայության աշխատակիցները, սակայն, կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալել են ուղևորին և տեղափոխել ոստիկանության բաժին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մյուս քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել են վարորդներ Ա. Պ.-ի և Ա. Կ.-ի կողմից թույլ տված վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնող պարեկները, նկատելով, որ վարորդներ Ա. Պ.-ն և Ա. Կ.-ն երթևեկում են անկանոն, կանգնեցնել են նրանց։ Արդյունքում պարեկները պարզել են, որ հիշյալ վարորդները երթևեկել են առանց վարորդական վկայականների և գտնվել են ոչ սթափ վիճակում: Վերը նշված իրավախախտումները չարձանագրելու համար վարորդներ Ա. Պ.-ն և Ա. Կ.-ն պարեկներին առաջարկել են համապատասխանաբար 10.000 և 20.000 ՀՀ դրամ կաշառք:
Պարեկներին կաշառք առաջարկելու համար Կ. Մ.-ին, Ա. Պ.-ին և Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Վերը նշված երեք քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նկատի ունենալով վերջին շրջանում հաճախ արձանագրվող` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու կամ առաջարկելու դեպքերը, կրկին հիշեցնում ենք, որ ոչ միայն կաշառք տալը, այլ նաև առաջարկելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որի համար նախատեսված է ընդհուպ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ: