Երևանում հարսանեկան արարողությունից հետո ռեստորանի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով կալանավորվել է մեկ անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժանում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակչը հիշյալ օրը, իր 27-ամյա ընկերոջ հետ Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկում մասնակցել է հարսանեկան արարողության: Ժամը 23:15-ի սահմաններում երկուսով դուրս են եկել ռեստորանից և նստել 26-ամյա տղամարդու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որից հետո վերջինիս 27-ամյա ընկերը ավտոմեքենայի ապակին իջեցնելով անծանոթ անձից պահանջել է կրակայրիչ: Այնուհետև երկուսով գտնվելով ալկոհոլային արբածության վիճակում, իջել են ավտոմեքենայից և առանց որևէ առիթի վիճաբանել դրսում հավաքված մի խումբ անձանց հետ: Այդ ընթացքում 27-ամյա տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, քաշքշել և հարվածներ է հասցրել հավաքված մի խումբ անձանց, իսկ 26-ամյա տղամարդը, նստելով իր կողմից շահագործվող հիշյալ ավտոմեքենան, այն անկանոն վարելով հարվածել է փողոցում կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Շարունակելով իր հանցավոր գործողությունները վերջինս ավտոմեքենայով հարվածել է 2 քաղաքացիների՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իր մոտ պահվող գազային ատրճանակով անկանոն կրակ է արձակել՝ նշված վայրում գտնվող անձանց մոտ ստեղծելով վախի և տագնապի զգացում:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են վնասված և վթարված վիճակում գտնվող հիշյալ երկու ավտոմեքենաները, ինչպես նաև հայտնաբերվել է մեկ հատ չկրակված փամփուշտ։

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչի կողմից Երևան քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս 27-ամյա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս