«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ռուս խաղաղապահների շտաբում երեկ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումն է կայացել: Ի տարբերություն նախորդների, երեկ նաեւ լուսանկար տարածվեց։
Տեսանք, որ Արցախից Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։ Վերջինս Վիտալի Բալասանյանի՝ ԱԽ քարտուղար աշխատելու ընթացքում համանուն անունով վարչությունն էր ղեկավարում ու Վիտոյի հետ մշտապես ներկա էր լինում ադրբեջանցիների հետ հանդիպումներին։
Բալասանյանի պաշտոնանկությունից հետո, կառույցի օպտիմալացման հետեւանքով, այս վարչությունը լուծարվել է։ Մարտիրոսյանն ադրբեջանցիների հետ բանակցություններին մասնակցել է խաղաղապահների նախկին ղեկավար գեներալ Մուրադովի միջնորդությամբ, ում հետ նա մտերիմ հարաբերություններ ունի: Նախ՝ ռուսական բանակում են միասին ծառայել, դրանից բացի, Մարտիրոսյանի որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է։
Վերջինս որոնողական աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել` ռուս խաղաղապահների հետ, ու այդպիսով ավելի սերտացել է նրանց կապը։ Նկատենք, որ երեկվա հանդիպմանը արցախյան բանակցողների շարքերում երրորդ անձ էլ կար, լուսանկարում, սակայն, նրա թեւի մի փոքր մասն է երեւում: Արցախյան աղբյուրները չեն բացառում, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Կաշենի հանքի սեփականատերը։ Իսկ Ադրբեջանը Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին էր ուղարկել, ով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում