«Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը»․ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է իմ նամակին։ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
-Արդարադատության միջազգային դատարանի որոշման կապակցությամբ հրատապ գրություն էի ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս։ Ահազանգել էի, որ Ադրբեջանը չի կատարում Դատարանի պահանջը, այն է՝ երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը։
-Եվս մեկ անգամ շեշտադրել էի, որ Ադրբեջանը ավելի քան 2 ամիս շարունակում է Արցախի 120․000 բնակչությանը պահել պատանդի կարգավիճակում՝ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման շարունակական խափանումների, ինչպես նաև սննդի, դեղորայքի, այլ կենսական կարիքների լրջագույն պակասի պայմաններում։
-Միջազգային կառույցներին խնդրել էի իրենց մանդատի շրջանակներում նպաստել Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման կատարմանը և իրազեկել կատարված ու նախատեսվող քայլերի մասին։
-Եվ ահա ստացել եմ պատասխան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից, ով հավաստիացնում է, որ օգտագործում է բոլոր հասանելի հնարավորությունները՝ վճռականորեն խրախուսելու Հայաստանին և Ադրբեջանին՝ լիարժեքորեն հավատարիմ մնալ երկխոսությանը և առաջնահերթ լուծել կոնֆլիկտին առնչվող՝ մարդու իրավունքների և հումանիտար բոլոր առկա խնդիրները։
-Այդ իմաստով տիկին Բուրիչը նշել է, որ կշարունակի նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը։
-«Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին կողմերի միջև վստահության կառուցման գործիքակազմով՝ նպատակ հետապնդելով հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում», – եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
-Իմ կողմից հավելեմ, որ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն, ցավոք, այն չի կատարվել մինչ օրս: