Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Թայվանին F-16-երի հրթիռների հնարավոր վաճառքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Թայվանին շուրջ 619 միլիոն դոլարի զենքի հնարավոր վաճառքին: Մատակարարումները կընդգրկեն նաև հարյուրավոր հրթիռներ F-16 կործանիչների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ շեշտելով, որ նման քայլն ավելի կսրի Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածությունը:

ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջարկվող զենքի վաճառքի մասին Կոնգրեսին տեղեկացրել է մարտի 1-ին: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի, որին վկայակոչում է CNN-ը, Թայվանը զենքի ձեռքբերման համար կօգտագործի իր սեփական ֆինանսական միջոցները:

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենց օդուժն ունի մարտական լիարժեք կարողություններ և «բացի իրենց օդային տարածքը կոմունիստական բանակի սադրանքներից պաշտպանելուց», Վաշինգտոնի կողմից այս վաճառքը թույլ կտա զենքեր պահեստավորել և ավելացնել պաշտպանական ունակությունները:

Մեկ այլ հաղորդագրության մեջ Թայվանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Թայվանի շուրջ նկատվել են Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի 29 ինքնաթիռ և 4 նավ:

Չինաստանը Թայվանը համարում է իր ինքնիշխան տարածքի մի մասը: Կղզու շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է անցյալ տարվա օգոստոսից, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Նենսի Փելոսին այցելեց Թայվան: Չինաստանը դատապարտել է Փելոսիի այցը՝ դա համարելով Վաշինգտոնի կողմից աջակցություն Թայվանի անջատողականությանը: Դրանից հետո Պեկինը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել կղզու շուրջ:




Լրահոս