Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Արագած» ներդրումային ծրագրին: Ծրագրով սկզբնական շրջանում նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմա, որտեղ կներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, կնախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր, կկազմակերպվի ստացված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Աշխատանքի դիմաց ֆերմերներն ստանալու են աշխատավարձ: Ծրագրով նախատեսված է ամառային և ձմեռային հանգստավայրի կառուցում:
Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 1,112 նոր աշխատատեղ: Նախագծից տեղեկանում ենք, որ ծրագրի իրականացման դեպքում սկզբնական փուլում նախատեսվում է 236.797 արտաքին և 199.339 ներքին զբոսաշրջային մուտքերի ապահովում: Տեղեկացանք, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկա հինգ տարիների ընթացքում իրականացնել մոտ 93 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում:
Նոր համալիրի ստեղծումը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին, կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար:
Ն.Հ.