ԿԱՆԽԵԼ ԱՆՏԱՌՆԵՐԻ «ԿՈՏՈՐԱԾԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ փետրվարի 20-ին Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները:

 

Գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանը ներկայացրել է գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները եւ այլն:

Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 90-ով՝ կազմելով 1295 դեպք: 2022 թվականին գրանցվել է սպանության երեք դեպք (2021 թվականին սպանության դեպք չի արձանագրվել): Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 42-ով՝ կազմելով 324 դեպք, բնակարանային

գողություններն աճել են 31-ով՝ կազմելով 67 դեպք: Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բռնաբարության եւ դրա փորձի, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ մահվան ելքով վթարների դեպքերով հանցագործությունները: 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 11 ուսումնասիրություն. դրանց արդյունքում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, երեք ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ վեցը գտնվում են ուսումնասիրության փուլում:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրել «Սեւան» ազգային պարկի տարածքների վարձակալության եւ հնարավոր օտարումների իրավաչափությունը՝ ընդգծելով, որ «Սեւան» ազգային պարկի դեմ ուղղված ոտնձգությունը գտնվում է իր անմիջական հսկողության ներքո:

Գլխավոր դատախազի աշխատանքային հաջորդ կանգառը եղել է Տավուշի մարզի դատախազությունում: Մարզի դատախազ Գոռ Ալոյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները:

Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 897 դեպք (2021 թվականին՝ 1021): 2022 թվականին աճ է արձանագրվել միջին ծանրության հանցագործությունների մասով՝ կազմելով 338 դեպք (2021 թվականին՝ 320), նվազում է արձանագրվել ծանր հանցագործությունների մասով՝ 128 դեպք (2021 թվականին՝ 143), իսկ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 7-ով՝ կազմելով 13 դեպք (2021 թվականին՝ 6):

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրություն սկսել «Դիլիջան» ազգային պարկում հողօգտագործման եւ անտառահատումների վերաբերյալ, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությամբ գործողությունների ծրագիր մշակել՝ ուղղված անտառների «կոտորածը» կանխելուն:

Աննա Վարդապետյանը երկու մարզերի դատախազներին հանձնարարել է նաեւ համագործակցված աշխատանք իրականացնել Գեղարքունիքում եւ Տավուշում մեկ ամիս առաջ ներդրված Պարեկային ծառայության հետ՝ ընդգծելով հանցագործությունների կանխման ոլորտում պարեկային ծառայողների դրական դերակատարումը:

 

 

 

 

Ի՞ՆՉ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ խնամարկյալների իրավունքերի պաշտպանությանն առնչվող հարցերին. այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների համար շարունակում է խիստ մտահոգիչ մնալ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի տարեկան եւ արտահերթ զեկույցներում պարբերաբար բարձրացված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խնամքի հաստատություններում օրենքով չնախատեսված զսպման միջոցների կիրառման անթույլատրելի պրակտիկան, ստացիոնար սոմատիկ եւ հոգեբուժական օգնություն պահանջող դեպքերում վերջիններիս համապատասխան բժշկական հաստատություններում տեղավորելու եւ այնտեղ նրանց խնամքը պատշաճ կազմակերպելու, զբաղվածության ապահովման, հոգեբույժների խիստ անբավարար քանակի, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնամքի ապահովմանն առնչվող հարցերը եւ այլն:

ՄԻՊ-ի արձանագրած համակարգային լուծում պահանջող խնդիրների եւ դրանց լուծման առաջարկների նկատմամբ անհետեւողական վերաբերմունքը, ինչպես նաեւ պատասխանատու մարմինների վերահսկողության բացակայությունը հանգեցրել են ստեղծված իրավիճակին։

Այցի արդյունքներն արտացոլող փաստաթուղթն արձանագրված խնդիրների վերաբերյալ պարզաբանումների պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինողը կուղարկի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, եւ, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն արձանագրված խնդիրների լուծման հնարավորություններն ու ուղղությունները։

ՄԻՊ-ը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, մասնավորապես՝ ստեղծված իրավիճակում նշված կենտրոնում պատասխանատու մարմինների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ օրերս ձերբակալվել են ինտերնատի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը մի շարք չարաշահումների համար։

Հիշեցնենք, որ տուն-ինտերնատում զննության ընթացքում պարզվել է, որ բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններից:

 

 

 

 

ՀՆԴԻԿՆԵՐԸ ՀԱԳՈՒՍՏ ԵՆ ԿԱՐՈՒՄ

Իջեւան քաղաքի նախկին հանրախանութի երկրորդ հարկում գործում է «Իջ գրանդ տեքստիլ» հայ-ռուսական  արտադրամասը, որտեղ աշխատում է  140  մարդ։ Այդտեղ արտադրվում է զինվորական հագուստ եւ տարբեր տեսակի արտահագուստ, արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Կարի արտադրամասի աշխատողներն  Իջեւան քաղաքի եւ Իջեւան համայնքի  գյուղերի բնակչուհիներ են, աշխատողներից 32-ը հնդիկ երիտասարդներ են։ Արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը հայտնեց, որ  հնդիկ երիտասարդները բարձր արտադրողականությամբ են աշխատում։ Հնդիկների կեցության եւ գիշերակացի համար հանրախանութի շենքի 3-դ հարկում ստեղծվել են նորմալ պայմաններ։ Իջեւան քաղաքի բնակիչները բարյացակամ են իրենց քաղաքում աշխատող, աշխատանքից ազատ ժամանակ քաղաքում գնումներ անող, զբոսնող հնդիկ երիտասարդների հանդեպ։

 

 

 

 

ԳՆԵԼ ԵՆ 40 ՏՈՒՆ

Աղավնավանքը Դիլիջան խոշոր համայնքի գյուղերից է, որը գտնվում է Դիլիջանից 27 կմ հեռավորությամբ։ Գյուղը նախկինում ադրբեջանաբնակ է եղել,  կոչվել է  Սալահ։  Ներկայումս փաստացի 262 բնակիչ ունեցող բնակավայրում   ապրում են Ադրբեջանի տարբեր շրջաններից հարկադրված գաղթածները, որոնց մեծ մասը Դաշքեսանի, Շամխորի շրջանների նախկին բնակիչներ ու նրանց սերունդներն  են։ Աղավնավանքի վարչական ղեկավար Ալեքսանդր Հարությունյանը հայտնեց, որ Ադրբեջանի  տարբեր տեղերից  հարկադիր գաղթած, Աղավնավանքում բնակվողները միմյանց հետ հաշտ ու խաղաղ, լավ հարաբերությունների մեջ են։ Աղավնավանքի միջնակարգ  դպրոցում սովորում է  36 աշակերտ։ Բնակավայրի վարչական ղեկավարի խոսքերով՝ գյուղ մտնող ավտոճանապարհը  շատ բարեկարգ է, լավ վիճակում է նաեւ գյուղամիջյան հիմնական ավտոճանապարհը։ Աղավնավանքի առանձնատները կառուցվել են խորհրդային ժամանակ ադրբեջանցիների կողմից,  այդ տներում վերաբնակվածները  հիմնանորոգել կամ վերանորոգել են դրանք, ավելի բարեկարգ դարձրել։  Գյուղի տների մի մասը դատարկ է, սակայն դրանք լքված չեն։ Գյուղի ընդհանուր 156 տներից մոտ 40-ը գնել են Երեւանի բնակիչները, որոնց դուր է եկել տեղի  գեղեցիկ բնությունը, մաքուր օդը: Աղավնավանքի նկատմամբ երեւանցիների հետաքրքրությունը բարձրացել է գյուղի տների շուկայական գները։ Աղավնավանքում ավանդաբար խնդիր է եղել խմելու եւ ոռոգման ջրի սակավությունը, այժմ նախատեսվում է պետական սուբվենցիոն ծրագրով խմելու ջրագիծ կառուցել, առաջիկայում կիրականացվի նաեւ 2 կմ երկարությամբ ոռոգման ջրագծի շինարարությունը։ Աղավնավանքի բնակիչները հիմնականում զբաղվում են «Էյ Թի-Փի» բարեգործական կազմակերպության միջոցով դեկորատիվ ծառերի աճեցմամբ  եւ վաճառքով։ Նրանք այդ կազմակերպությունից ստանում են ծառերի սերմերը, դրանք ծլեցնում, հասցնում որոշակի բարձրության եւ այդ կազմակերպության միջոցով ծառերը վաճառում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս