ՇՈՒՆՉՆԵՐԸ ՊԱՀԱԾ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում այսօր շրջադարձային իրադարձություններ են սպասվում. բոլորը շունչները պահած սպասում են Արցախի նախագահի այսօրվա ուղերձին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՀ նախագահն իր ուղերձը հրապարակելու է կեսօրից հետո ֆեյսբուքյան իր էջում:  Նշենք, որ այսօր Արցախի ԱԺ-ն  նիստ է գումարելու, Արայիկ Հարությունյանին առաջարկել են գալ խորհրդարան եւ ԱԺ ամբիոնից ուղերձը հնչեցնել, սակայն վերջինս հրաժարվել է՝ նախընտրելով ուղերձով հանդես գալ ֆեյսբուքյան իր էջում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին: Հայտնել էինք նաեւ, որ Արցախի պետնախարարի նոր թեկնածուն գլխավոր դատախազ  Գուրգեն Ներսիսյանն է, որն, ի դեպ, հաստատել է արդեն, որ նախագահից նման առաջարկ ստացել է: Տեղեկացանք նաեւ, որ ԱՀ նախագահն իր ուղերձում  հայտարարելու է նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու մասին, որը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է Արցախում ընդդիմադիր քաղաքական գործիչ ներկայացող Տիգրան Պետրոսյանը:

Արցախում վստահ են, որ Արայիկ Հարությունյանը փորձելու է ամեն կերպ արդարացնել իր՝ Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու որոշումը, ներկայացնելու է, թե դա  Արցախում ներքաղաքական կյանքը հանդարտեցնելու համար է անում, մինչդեռ Արցախում ընդդիմադիրները վստահ են, որ նա դա անում է հենց Փաշինյանի պահանջը բավարարելու համար: Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից հետո որեւէ նոր պաշտոնի մտադիր չէ անցնել, բայց շարունակելու է մնալ Արցախում:

Արցախի խորհրդարանական ընդդիմությունն էլ  իր հերթին սպասում է Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին, որպեսզի, դրանից ելնելով, քայլեր ձեռնարկի:

 

 

 

Կառավարությունը երեկ «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։ Նկատենք, որ  «Լիդիան Արմենիա» ընկերությունը, կարելի է ասել, այս ժամանակահատվածում ոչինչ չի արել, որպեսզի հանքը շահագործվի, այլ իշխանություններն են ամեն քայլի դիմել, որպեզի փաստաթղթեր ստորագրեն՝ հանքը շահագործելու համար: Բանն այն է, որ իշխանությունը փորձում է գումար հավաքել՝ ցույց տալու համար, որ այսպես բյուջե են լցնում եւ եկամուտներ ապահովում:  Գաղտնիք չէ՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցը նախկինում դժգոհություններ էր առաջացրել նաեւ Ջերմուկի բնակիչների շրջանում: Հիմա, Ամուլսարի հանքը շահագործելով, նաեւ ցանկանում են ակտիվացնել Ջերմուկում կյանքը, ցույց տալ, թե այնտեղ ամեն ինչ լավ է, բայց իրականում այնտեղ մարդիկ քիչ են, գրեթե դատարկ է քաղաքը: Այսպես փորձելու են ցույց տալ, թե Ջերմուկում կյանքն են ակտիվացնում եւ հետն էլ 250 մլն բյուջե են լցնում:

 

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կրկին մնացել է առանց փոխնախարարի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ փետրվարի 6-ին Արմեն Արզումանյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, տեղեկացանք, որ ոչ թե Արմեն Արզումանյանն է ցանկություն հայտնել հեռանալ,  այլ նրան  ազատել են պաշտոնից: Մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում նախարարությունում դժգոհ են եղել Արմեն Արզումանյանի աշխատանքից, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի ապրիլին, այսինքն՝ անգամ մեկ տարի չաշխատեց այդ պաշտոնում: Գալով պաշտոնի եւ խոստումներ տալով՝ նա, փաստորեն, չի կարողացել իրականացնել դրանք, ինչն էլ այդպիսի դժգոհության պատճառ է հանդիսացել: Տեղեկացանք նաեւ, որ մինչ այս պահը նրան դեռ փոխարինող չի նշանակվել, եւ նախարարությունում այնպիսի տրամադրություններ են, որ առաջիկայում այդ հաստիքը չի էլ համալրվի, եւ նրա գործառույթները կկատարեն նախարարի մյուս տեղակալները: Նկատենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այդպիսի վիճակագրություն էր ներկայացրել եւ գրել, որ նախարարություններում կադրային ճգնաժամ է, մի քանի գերատեսչություններում նախարարի տեղակալներ չկան: Փաստորեն, նրանց ավելացավ եւս մեկը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Արմեն Արզումանյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման որոշում կայացվել, սակայն մեր հարցերը մնացին անպատասխան։

 

 

 

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները կարողացել են հասնել իրենց երկրորդ նպատակին: Մանրամասնել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Դավիթ Առաքելյանը որոշում է կայացրել պատգամավորների օգնականներին պարգեւատրել աշխատավարձի 15 տոկոսի չափով: Եվ, ահա, մեր այս հրապարակումից հետո Ազգային ժողովի լրատվության վարչությունը պաշտոնական հաղորդագրությամբ եւ սոցիալական ցանցի իրենց էջում շտապեց հայտարարություն տարածել՝ փորձելով հերքել անհերքելին: Սկզբում դրեցին տեքստ, ինչից պարզ չէր՝ ինչ են ուզում.««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն իրականությանը չի համապատասխանում»: Ու պարզ չէր՝ ըստ ԱԺ-ի՝ ի վերջո, հրապարակումն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում: Իսկ ի՞նչն են հերքում. եթե կարճ, ապա՝ անհերքելին: Գրել են, թե պատգամավորների օգնականները պարգեւավճար չեն ստացել, եւ մեր լուրը չի համապատասխանում իրականությանը, ապա երկու նախադասություն անց արդարացել, թե ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս, աշխատավարձից բացի, ստանում են նաեւ պարգեւավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով: Այսինքն՝ հերքման տեքստում ԱԺ-ն հաստատել է այն, ինչ հրապարակել էր «Ժողովուրդ» օրաթերթը. օգնականները 15% պարգեւավճար են ստացել: Թե ինչ էր շտապում վաղ առավոտյան այդպես փութաջանորեն հերքել Ազգային ժողովը, մնաց անհասկանալի:




Լրահոս