Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակի եւ ներքաղաքական լարված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ:
-Պարո՛ն Զաքարյան, երեկ Ադրբեջանը խախտել է հրադադարն Արցախում: Ստացվում է՝ թշնամին ոչ միայն 2 ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին, ահաբեկում է նրանց, այլ նաեւ կրակում է սահմանների ուղղությամբ: Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը, ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում այս ճգնաժամի:
-Խնդրի հանգուցալուծումը մեկն է՝ այս իշխանություններին հեռացնել եւ պատասխանատվության ենթարկել գործած բազմաթիվ մեղքերի համար, իսկ գնահատականը հետեւյալն է. Ադրբեջանը չի պատրաստվում գնալ խաղաղության, նրա ցանկացած խաղաղասիրական կոչ զուտ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար է: Ե՛վ Արցախի շրջափակումը, ե՛ւ սահմանին հրադադարի խախտումը ե՛ւ Հայաստանի տարածքների օկուպացումը խոսում է այն մասին, որ պատերազմից դեպի խաղաղություն կամ խաղաղությունից դեպի պատերազմ մեկ քայլ է: Պատերազմի բոլոր հնարավոր վտանգները չեզոքացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է արտաքին քաղաքական ճիշտ դիրքավորումը, ինչը պետք է բխի Հայաստանի շահերից, բայց Հայաստանի ասօրվա իշխանությունները դիրքավորվում են այնպես, ինչպես ձեռնտու է մեր թշնամիներին կամ էլ արեւմտյան մի քանի գործընկերների, որպեսզի տարածաշրջանում լուծեն ոչ թե Հայաստանի, այլ բոլորովին ուրիշ երկրների շահերից բխող հարցեր: Այդ ընթացքում Հայաստանը մի հատ էլ պատերազմի մեջ կընկնի, մի հատ էլ կոտորած կապրի, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում, չի հետաքրքրում նաեւ Փաշինյանին: Լուծումը մեկն է՝ այս իշխանություններին հեռացնել եւ դատել, իրենք պետք է գործած բազմաթիվ հանցանքների համար պատասխանատվության ենթարկվեն:
-Պարո՛ն Զաքարյան, անվտանգային այս լարված իրավիճակում Արցախում քաղաքական լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Նախագահ Արայիկ Հարությունյանն է սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսել. ինչպես մամուլն է գրել, նա պատրաստվում է նաեւ աշխատանքից ազատել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Ներքաղաքական այս զարգացումներն ինչի՞ կարող են հանգեցնել:
-Նիկոլ Փաշինյանը վտանգ է տեսնում Ռուբեն Վարդանյանից, հիմա էլ Ալիեւի ձեռքով ուզում է հեռացնել նրան: Մենք որ ասում ենք՝ Նիկոլն ու Ալիեւը նույն դրամի երեսներն են, նույն խաղն են խաղում՝ ի վնաս հայ ժողովրդի, ակնհայտ է: Արցախի իշխանություններն էլ վաղուց հատել են բոլոր կարմիր գծերը, կորցրել են իրենց ինքնությունը, սեփական դիմագիծը, բայց Արցախի ժողովուրդը պայքարում է: Եթե Արցախում չկարողանան ճիշտ կողմնորոշվել ու ներքին խնդիրները լուծել՝ բացառապես Արցախի շահերից ելնելով, ոչ թե լսելով կապիտուլացված Երեւանին կամ տրվելով Ալիեւի շանտաժներին, դա կնշանակի, որ Արցախի հարցը լղոզվելու է աշխարհաքաղաքական այս զարգացումնեի մեջ, եւ Արցախը չի ունենալու հստակ ձեւակերպված շահ: Ի՞նչ է նշանակում՝ Ալիեւն ասել է՝ Ռուբեն Վարդանյանին հեռացրե՛ք, որ ճանապարհը բացեմ. վաղն էլ կասեն՝ Ալիեւն ասում է՝ Արայիկ Հարությունյանի «ականջները կտրե՛ք», որ ճանապարհը բացեմ. անելու՞ ենք այսպես, չի կարելի, չէ՞, այսպես:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը:
Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան:
ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ, որը պարբերաբար դեմ է արտահայտվել հանքի շահագործմանը:
-Տիկի՛ն Աբրահամյան, այսօր հայտնի դարձավ, որ, չնայած շատ դժգոհություններին, Ամուլսարի հանքը կրկին կշահագործվի. ի՞նչ կասեք այս մասին:
-Որեւէ կերպ չեմ պատկերացնում, թե ինչն է փոխվել, որ հիմա վտանգները կարող են չեզոքացված համարվել, եւ թույլատրվի այս հանքի շահագործումը։
Շատ լավ ծանոթ լինելով Էլարդի զեկույցին, որտեղ մանրամասն ներկայացված էին այս հանքի շահագործման հետեւանքով առաջացած բոլոր հիմնական վտանգները, բացարձակ անընդունելի է այս որոշումը, բացարձակ արդարացված չէ, եւ սա միայն այսօրվա խնդիր չի լինելու, սա տասնամյակներով կարող է վնասել ողջ պետությանը, հատկապես՝ երկրաշարժների այսպիսի ակտիվ գոտում եւ ակտիվ շրջանում գտնվելով։
Պետությունը դեռեւս չունի եղած հանքերի ու պոչամբարների վնասներն ու հնարավոր աղետները կանխելու ծրագրեր, իսկ այս նոր հանքի դեպքում, որը կարող է սպառնալ միակ, ամենամեծ ջրային ռեսուրսի՝ Սեւանի աղտոտմանը, հնարավոր հետեւանքները կառավարելու նվազագույն կարողությունն անգամ չկա։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով երեկ կալանավորված անձը չի ընդունում մեղադրանքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա ԱԱԾ-ում ցուցմունք է տվել եւ հայտնել , որ ինքը եղել է այնտեղ, բայց Արարատ Միրզոյանին չի հարվածել։ Ստացվում է, որ աղմկահարույց միջադեպից երեք տարի անց երկու անձ է կալանավորվել, եւ երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, որ ծեծել են Արարատ Միրզոյանին: Ավելին՝ չկա նաեւ ծեծի ապացույց տեսանյութ: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-Ն հայտնեց, որ Թ. Ա.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով գնացել է Երեւան քաղաքի Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տեղում միացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինիս պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ եւ այլ մարմնական վնասվածքներ, եւ Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը:
Մյուս կալանավորվածը Արա Բ.-ն է:
ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշումներ է կայացրել ԱԺ պատգամավորներից մի քանիսի նկատմամբ հարուցված վարույթներով: Մասնավորապես, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ խախտում չի հայտնաբերվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի եւ ՔՊ -ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ հարուցված վարույթներով: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարույթներ էին հարուցվել Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով: Գրել էինք, որ պատգամավորները ստացել էին հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: