«Ի սկզբանե, երբ մենք նախաձեռնում էինք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել Արդբեջանի հետ, եղավ պայմանավորվածություն այդ բանակցությունները վարել երկու հիմնական ուղղություններով՝ մեկը՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման կամ, կարճ ասած, խաղաղության պայմանագրի շուրջ, եւ մյուսը՝ այն հարթակի ստեղծման շուրջ, որում պետք է քննարվի ԼՂ-ում բնակվող հայության անվտանգությունը»,- ՀՀ եւ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Տեւական ժամանակ է՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց։ Մյունխենում ոչ միայն պանելային քննարկման ընթացքում, այլ նաեւ Բլիքնեն-Ալիեւ-Փաշինյան քննարկումների ընթացքում հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատրաստակամությունը, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսությունը պետք է տեղի ունենա։ Մյուս կողմից՝ վերջին տարիներին մենք տեսել ենք նահանջ ձեռք բերված պայմանավորվածություններից, հուսամ՝ այս անգամ այդ դեպքը չի լինի, ու նույն վարքագիծը չենք տեսնի»,- ասաց Արարատ Միրզոյանը։ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում եւ նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Մյունխենի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե հայկական կողմին առաջարկել են, որ Զանգեզուրի միջանցքի սկզբում ու վերջում, նաեւ Լաչինի ու Հայաստանի միջեւ անցակետեր պետք է լինեն: «Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել Հայաստանի սահմանին եւ հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը: Բայց մեր պատասխանը միանշանակ ու բավականին հրապարակային է. Լաչինի միջանցքի արգելափակումից անմիջապես հետո այս դիրքորոշումը հնչեցվել է, եւ այն մնում է նույնը. Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին: Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում եւ նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ եւ չի կարող ընդունելի լուծում լինել»,-ասաց Միրզոյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»՝ Լաչինը բացելու դիմաց, ԱԳ նախարարը հավելեց՝ վերլուծելիս կարելի է տեսնել ադրբեջանական ակնկալիքը՝ բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ: Այս նարատիվը նոր չէ, եւ հայկական կողմի դիրքորոշումն էլ դրա կապակցությամբ նոր չի հնչեցվում: «Մենք ունենք Լաչինի միջանցք, որը, ի դեպ, նույնիսկ մինչեւ վերջին պատերազմը ողջ բանակցային գործընթացում առանձնացվել է որպես հումանիտար միջանցք՝ հաշվի առնելով, որ ԼՂ հայությունն ամբողջությամբ շրջափակված է Ադրբեջանի կողմից, եւ միակ ճանապարհը՝ աշխարհին ու Հայաստանին կապող, հենց Լաչինի միջանցքն է: Այսինքն՝ ի սկզբանե կարեւորվել է միջանցքի գոյությունը: Եվ բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը, դա ընդունել են, դա նաեւ արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դրանում եւս հստակ ամրագրված է Լաչինի միջանցքը»,- ասաց Միրզոյանը: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որի շուրջ պայմանավորվածություններ կան ե՛ւ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ե՛ւ 2021-ի հունվարի 11-ի փաստաթղթում, հայկական կողմի դիրքորոշումը կրկին նույնն է ու շատ կառուցողական: Հայկական կողմը բացառում է, չի ողջունում նոր ուժի կիրառմամբ սպառնալիքների ներքո եղած պայմանավորվածությունները փոխել կամ մի կողմի շահերի հաշվին զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը, որն արտահայտված է նաեւ ադրբեջանական կողմի հայտարարություններում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
Փետրվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Քննարկվել են ՀՀ եւ ԱՄէ միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարին հրավիրել է Հայաստանի Հանրապետություն:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի եւ Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։
Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորները, դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները պատերազմի եւ հետպատերազմյան շրջանում, Նորին Սրբությանը վստահեցրել են, որ շարունակելու են եվրոպական կառույցներում իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել Հայաստանին եւ արցախահայությանը։
ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄ
Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային եւ արեւելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
«Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը՝ այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, եւ Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երեկ այս դեպքի մասին արդեն հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվել էր, թե այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Հաղորդվում է նաեւ, որ ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթեւեկությունը վերականգնելու վերաբերյալ բանակցային գործընթացը։
«Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։ Մարդասիրական բեռներով շարասյանը ուղեկցել են Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Մյունխենում Ադրբեջանի նախագահի եւ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ ՔՊ գրասենյակում հանդիպել է իր թիմակիցների հետ:
Ըստ կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների հետ կապված հարցեր։ Ընդունվել է ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ընտրական ցուցակների հաստատման նոր կարգը։
Քննարկվել են նաեւ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության աշխատանքների հետ կապված ընթացիկ եւ կարգապահական բնույթի հարցեր։
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումից: Տեղեկացանք, որ քննարկումը բավականին երկար է տեւել՝ մոտ 4 ժամ:
Հանդիպման հիմնական օրակարգը եղել է Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին մանրամասներ է ներկայացրել հանդիպումից: Նա, մասնավորապես, նշել է, որ թեեւ հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, բայց բավականին արդյունավետ է համարում մյունխենյան հանդիպումը:
Թիմակիցները նրանից հետաքրքրվել են, թե խաղաղության պայմանագրի մասով բանակցություններում ինչ առաջընթաց կա, ինչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մյունխենում, Փաշինյանն էլ ասել է, որ քննարկումները դրա կետերի շուրջ դեռ շարունակվում են, դեռ որեւէ հստակություն չկա:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԱՃՈՒՐԴՈՎ
Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուրի փողոց 64 շինություն հասցեում գտնվող 1 332,72 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, որոնք 4-րդ աստիճանի վթարային են, եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.15116 հեկտար մակերեսով հողամասը հանվելու են աճուրդի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անշարժ գույքի արժեքը գնահատվում է 85 մլն 250 հազար դրամ, եւ մրցույթի օտարման գինը եւս այդքան է կազմելու:
Մրցույթին մասնակցելու նախավճարը կազմելու է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 4 մլն 262 հազար դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս եւ գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդին մասնակցելու համար մի քանի պայման է գործում. օրինակ՝ գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների եւ չի կարող գերազանցել հինգ տարին։