Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն այսուհետ կունենա նաև տեղակալ: Մասնավորապես հանձնաժողովն առաջարկում է փոփոխություն կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի օրենքում և ամրագրել այդ դրույթը:
ArmLur.am-ը նախագծի հիմնավորումից տեղեկանում է, թե այս օրենքում խնդրահարույց կետեր կան: Օրինակ, օրենքում չկա հնարավորություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի փոխարինողի մասին: Ամրագրված է, որ Հանձնաժողովի նախագահն իր իրավասության սահմաններում ներկայացնում է Հանձնաժողովը Ազգային ժողովի, Կառավարության, կոմիտեի նիստերին կամ այլ աշխատանքին քննարկումներին։ Եվ նման պայմաններում վերջինիս արձակուրդի կամ գործուղման դեպքում անհնար է դառնում տվյալ նիստերին կամ քննարկումներին մասնակցությունը Հանձնաժողովի նախագահին ժամանակավոր փոխարինող այլ անդամի կողմից։
Օրենքի գործող կարգավորումներով Հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթուղթ, այդ թվում՝ հուշագիր ստորագրելու իրավասությունն իրականացվում է որպես օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների շրջանակում։ Մինչդեռ անհրաժեշտություն է առաջացել ուղղակիորեն նախատեսել Հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթուղթ, այդ թվում՝ հուշագիր ստորագրելու առանձին հիմքը։
Ն.Հ.