Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Շիրակի մարզի մի խումբ ուսանողների և աշակերտների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 2-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի մի խումբ ուսանողների, ինչպես նաև Շիրակի մարզի մի շարք խոշորացված համայնքների ավագ դպրոցների աշակերտների:

«Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ երիտասարդների, առավել ևս այն երիտասարդների հանդեպ, ովքեր ձգտում են կրթություն ստանալ և լավագույնս դրսևորվել հասարակության մեջ»,- ողջունելով երիտասարդներին ասել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահը նշել է, որ իր խոսքը շարադրելու է «Առաջադեմ պետության ստեղծման տեսլականը» խորագրի շուրջ, որը ներկայացված է եղել երիտասարդների կողմից առաջարկված հարցերի շրջանակում:

Վահագն Խաչատուրյանը կարճ պատմական ակնարկով անդրադարձել է նոր անկախացած Հայաստանի դժվարություններին և պետականության կերտման սկզբունքներին: «Մի կարևոր սկզբունք կար 1990-ականներին, որ որդեգրեցինք և մինչև հիմա առաջնորդվում ենք դրանով: Մենք գտնում էինք, որ Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական երկիր… Այն սկզբունքները, որով ձևավորվեց պետությունը 1990-ական թվականներին, դրանք կյանքում սկսեցին կիրառվել և իրականություն դառնալ մինչև որ 1995 թվականին Սահմանադրությամբ ամրագրվեցին»:

Նախագահը խոսել է նաև մեր երկրի ձեռքբերումների, արված բացթողումների և խնդիրների մասին:

«Մի կարևոր հանգամանք, որ կցանկանայի ապագայում ձեզ համար որպես սկզբունք կիրառելի դարձնեք ցանկացած իրավիճակում: Միշտ հեշտ է մեղավորներ փնտրել այլ վայրում… Սակայն, առաջին հերթին, մեղավորներ պետք է մեր մեջ գտնենք, համարձակություն ունենանք գնահատել դա, և իհարկե դրա մեջ որևիցե տարօրինակ, ոչ մարդկային երևույթ չկա: Այո, մեղավոր ենք եղել, և պետք է կարողանանք այդ սխալն ուղղել: Սխալը, միգուցե, կայացել է նրանում, որ ժամանակին արձագանք չի եղել, կամ միգուցե ծնողներին, մեծերին, երիտասարդներին չենք լսել, միգուցե ինչ-որ հանգամանքներ այդ պահին հաշվի չենք առել, սակայն, բոլոր դեպքերում, պետք է պատրաստ լինենք այդպիսի իրավիճակներում գտնել հարցի պատասխանը՝ թե ինչու այդպես ստացվեց»:

Անդրադառնալով Խորհրդային Միության փլուզումից հետո ստացած ազատություններին, նախագահ Խաչատուրյանն ասել է. «Այդ ժամանակ արդեն մենք էինք ընտրում մեր գաղափարախոսությունը, հասարակության մեջ մեր տեղը, դերը, դիրքը և մեզ դրսևորելու հնարավորություններն էին շատ մեծ:
Հիմա մենք ունենք ավելի մեծ այդպիսի հնարավորություններ: Ամենակարևորն այն է, որ մենք բոլորս ունենք հավասար հնարավորություններ մեզ դրսևորելու համար:

Մենք բոլորս հնարավորություն ունենք մեր գիտելիքները, մեր կարողությունները դրսևորել, ինքներս ներկայանալի դառնալ և նաև հաջողություններ արձանագրել»:

Նախագահը խոսել է նաև պետություն-քաղաքացի հարաբերությունների և պարտականությունների, պետական ինստիտուտների կայացման կարևորության մասին:

«Երբ հարց ենք բարձրացնում, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ, ապա այդ չափանիշների մեջ առաջինը պետք է լինի սիրելու հատկությունը: Իսկ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր սիրելի էակին, լինի երեխա, հայր, ծնող, ընկեր, ընկերուհի, մեծահասակ: Շատ զգույշ, խնամքով, նուրբ, ուզում ենք հաշվի առնել նրա բոլոր ցանկությունները և այլն: Մենք ինչքա՞ն ենք մեր երկիրը սիրում: Մեր երկիրը, եթե սիրենք, ժամանակը չի բավականացնի, մենք պետք է սանտիմետրերով ճանաչենք մեր երկիրը»:

Խոսելով այսօր մեր երկրի առջև ծառացած դժվարությունների և դրանց լուծումների մասին, նախագահ Խաչատուրյանը նշել է. «Մենք պետք է հաղթահարենք բոլոր խնդիրները, պետք է կարողանանք զարգանալ, ավելի մրցունակ դառնանք, մեր երկրի բարեկեցությունը բարձրացնենք, գտնենք հարցի պատասխանը, թե ինչպես ենք լուծելու մեր առջև ծառացած խնդիրները:

Այստեղ ամենակարևոր հարցը կարող է լինել, թե ո՞վ է լուծելու: Լուծողը դուք եք, մենք ենք, մենք բոլորս միասին: Շատ կարևոր է, թե «մենք»-ի մեջ ինչ ենք տեսնում: Այդ «մենք»-ը պետք է լինի կրթված, կիրթ, երկիրը սիրող և ապագային միտված ծրագրեր ունեցող անհատը: Մենք այլ պոտենցիալ չունենք:

Այն հնարավորությունները, որ դուք ունեք որպես երիտասարդներ, պետք է օգտագործեք կրթություն ստանալու համար: Մեր ապագան մենք տեսնում ենք կրթված հասարակության մեջ, որում պետք է լինի նաև համապատասխան միջավայր: Մեր հաջողությունները պայմանավորված են լինելու նրանով, թե մենք ինչքանով պատրաստված կլինենք, կրթված կլինենք, գիտելիք կունենանք և մեր առջև հստակ կտեսնենք մեր պատկերացրած երկրի տեսլականը»:

Նախագահը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին:




Լրահոս