«Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունն այսօր շրջանառության մեջ է դրել  Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ դիմումում ներկայացված փաստերի վերլուծությունը ողջամիտ ենթադրություն է ձևավորում, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, որի պայմաններում Ազգային ժողովը լիազորված է դիմելու Սահմանադրական դատարանին՝ անհամատեղելիության պահանջը խախտած դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով: Որպես Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել, ինչն օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 22-ին էր գրել, որ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջիկայում շրջանառության կդնեն ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության հարցը կարող են բարձրացնել խորհրդարանը եւ իրենք՝ ՍԴ դատավորները: Քանի որ մինչ այժմ ՍԴ դատավորները ոչինչ չեն արել, խորհրդարանականները որոշել են դատավորին պատժելու գործառույթը վերցնել իրենց վրա:

Նախագիծը մինչ լիագումար նիստերի օրակարգ ներառվելը երկշաբաթյա ժամկետում պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Բայց կա մի խնդիր. ընդդիմությունը այս հարցում կարիք ունի իշխանական ՔՊ-ի ձայների:

«ԱԺ կանոնակարգ» սահմանարական օրենքի համաձայն՝ խորհրդարանում համապատասխան նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով: Ստացվում է՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնությունը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս