Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։
Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը՝ անդրադառնալով մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքերին։
Մեկնաբանության մեջ նաև ասված է․
«Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։
Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։
Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»։