ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թ. փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ՝ միտված Արցախի ժողովրդի դեմ վարվող հանցավոր քաղաքականության քողարկմանը եւ պատճառահետեւանքային կապերի խախտման միջոցով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրմանը. այս մասին մեկնաբանություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

 

ԱԳՆ մեկնաբանության մեջ նաեւ ասվում է. «Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է հերքել Արցախի շրջափակման ակնհայտ փաստը, որի առկայությունը հաստատվում է միջազգային հանրության կողմից, բացառությամբ Ադրբեջանի։ Որպես իբր ապացույց՝ տվյալներ են բերվել՝ առ այն, որ շրջափակման ամբողջ ընթացքում միջանցքով անցել է ռուսական խաղաղապահ զորակազմին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող 2500 մեքենա, ինչպես նաեւ ԿԽՄԿ միջոցով Հայաստանի հիվանդանոցներ է տարհանվել 100 բուժառու։ Ներկայացված տվյալները Բաքվի պնդումների ճիշտ հակառակն են ապացուցում։ Շրջափակման 73 օրվա ընթացքում Լաչինի միջանցքով ավելի քիչ մեքենաներ են անցել, քան շրջափակումից առաջ՝ երեք օրվա ընթացքում։ Լաչինի միջանցքով անցած բոլոր մեքենաները պատկանել են կա՛մ ռուսական խաղաղապահ զորակազմին, կա՛մ ԿԽՄԿ-ին։ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, պետական կառույցներին պատկանող կամ առեւտրային փոխադրումներ իրականացնող որեւէ մեքենա Լաչինի միջանցքով չի կարողանում անցնել։

Ծանր հիվանդների տեղափոխումը Երեւան հնարավոր է միայն ԿԽՄԿ-ի միջոցով, ինչը եւս մեկ անգամ վկայում է Լաչինի միջանցքով ազատ երթեւեկության բացակայության մասին։ Ավելին՝ շրջափակման սկզբում առնվազն մեկ ծանր հիվանդ է մահացել հետագա բուժման նպատակով շտապ Երեւան տեղափոխելու անհնարինության պատճառով։ Այն փաստը, որ Արցախի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, հարյուրավոր կիսված ընտանիքներ՝ վերամիավորվել, Ադրբեջանի կողմից շրջափակման առկայության եւս մեկ ապացույց է։

Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի առաջարկության մասին։ Նրա խոսքերից ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ ծրագրերը շրջափակման հաստատումից շատ ավելի վաղ էր մշակել։

Վերոնշյալ փաստերը համոզիչ կերպով ապացուցում են, որ, Արցախի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելուց բացի, շրջափակումն ուղղված է նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների վերանայմանը։ Ադրբեջանն ակնհայտորեն ձգտում է օրինականացնել եռակողմ հայտարարության դրույթները վերանայելու իր մտադրությունը։ Այս փորձերը պետք է վճռականորեն կանխվեն տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների կողմից։ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է ամբողջովին վերականգնվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, առանց որեւէ նախապայմանի։

Պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաեւ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության տեսլականը։ Այդ կապակցությամբ եւս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, որոնք կապահովեն կողմերի իրավահավասարություն եւ չեն պարունակի բանակցային գործընթացի արդյունքը կանխորոշող պայմաններ։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձեւաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք։ Կրկին շեշտում ենք, որ Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի անօրինական կիրառման արդյունքները չեն կարող ելակետ լինել խաղաղության, կայունության եւ անվտանգութան հաստատման ճանապարհին»։

 

 

 

ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամառային զորակոչ է հայտարարելու։ Այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել։ Մեզ հայտնի դարձավ, որ 2023 թվականի ապրիլի 10-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ հայտարարվելու է արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ այս տարվա հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Բացի այս, ամառային զորակոչի շրջանակներում մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԱԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՃՈՒՄ Է

2023թ. հունվարի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 222.9 մլրդ ՀՀ դրամ: Armlur.am-ը տեղեկացավ,  որ այն 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է  0.9%-ով, իսկ 2022թ? հունվարի 31-ի նկատմամբ նվազել է 5.7%-ով,  2021 թվականի հունվարի 31-ի նկատմամբ աճել է 1.5%-ով: ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 1.6 մլրդ ՀՀ դրամ՝  նվազելով 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 0.8%-ով, 2022թ. հունվարի 31-ի նկատմամբ` 5.9%-ով, իսկ 2021թ. հունվարի 31-ի նկատմամբ աճելով 2.6%-ով: ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 221.3 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 8.3%-ով, նվազելով 2022թ. հունվարի 31-ի նկատմամբ 2.5%-ով, իսկ 2021թ. հունվարի 31-ի նկատմամբ՝ 2,6%-ով: ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 10 մլրդ 667.1 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 0.3%-ով, 2022թ. հունվարի 31-ի նկատմամբ՝ 14,9%-ով, իսկ 2021թ. հունվարի 31-ի նկատմամբ՝ 32.9%-ով: Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԹՈՒՆԵԼԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Կառավարության փետրվարի 16-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ծովագյուղի, Լոռու մարզի Պուշկինոյի եւ Սպիտակի թունելները կբերվեն ժամանակակից տեսքի՝ հավելելով, որ  թեեւ  դրանցում որոշ լուսավորման ու վերականգնման աշխատանքներ են կատարվել, բայց ընդհանուր տեսքը «միջնադարյան վիճակ» է հիշեցնում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Պայմանավորվել  ենք, որ Ստեփանավանի, Ծովագյուղի ու Սպիտակի թունելները պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի. ասենք, այլ երկրներում որ թունել ես մտնում, Թումանյանի ասած, «լիս աշխարհ» ես ընկնում, իսկ մեզ մոտ որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջի էտապը լինի»։ 2022 թվականի ամռանից 28 ամիս ժամկետով Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի սպասարկումը իրականացնում է  «Բարեկարգ տանիք»  ՍՊԸ-ն, որը  մրցույթով է շահել այդ իրավունքը։ Այդ ընկերության տնօրեն Հայկ Լաբոյանին հարցրի, թե առաջիկայում Դիլիջան-Սեւան թունելի լուսավորության ցանցի հզորացման նպատակով ինչ աշխատանքներ են կատարվելու, եւ պետական բյուջեից ինչքան գումար է նախատեսված այդ նպատակով։ Նա հայտնեց, որ այժմ  այդ նպատակով գումարներ հատկացված չեն, լուսավորության ցանցի հզորացման  աշխատանքներ նախատեսված չեն, ընթանում է թունելի ընթացիկ սպասարկման գործընթաց։ Ընկերության տնօրենն  ասաց, որ 2024 թվականի դեկտեմբերին  թունելում նախատեսվում են վերանորոգման աշխատանքներ, որի պատճառով թունելը որոշ  ժամանակ կփակվի։ «Բարեկարգ տանիք»  ՍՊԸ-ն,  ըստ պայմանագրի,  Դիլիջան-Սեւան  ավտոմոբիլային թունելը կսպասարկի մինչ 2024թ. դեկտեմբեր՝ մինչեւ վերանորոգման աշխատանքների սկիզբը։

 

 

 

ՊԱԿԱՍ ՈՒՆԵՆ

Ըստ կառավարության  հաստատած չափորոշչի՝ բժշկական շտապ օգնության բրիգադների ձեւավորումն իրականացվում է  յուրաքանչյուր 20 հազար բնակչին մեկ բրիգադ սկզբունքով։ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքն ունի ավելի քան 20 հազար բնակչություն։ Իջեւան համայնքը ներառում է  համանուն քաղաքը  եւ 18 գյուղեր, համայնքն  ունի  47 հազար  բնակիչ։ Իջեւանի բժշկական կենտրոնում  գործում է շտապ օգնության մեկ բրիգադ, որը չի բավարարում։ Լինում են  դեպքեր, երբ հիվանդները կամ նրանց հարազատները կանչ են կատարում շտապ օգնության ծառայություն, սակայն այդ ժամանակ Իջեւանի ԲԿ-ի շտապ օգնության մեքենան կանչով այլ հիվանդի է սպասարկում։ Այդ դեպքում բնակիչները իրենց ավտոտրանսպորտվ կամ տաքսի ավտոմեքենայով են կատարում հիվանդի տեղափոխումը  Իջեւանի բժշկական  կենտրոն։ Իջեւանի բժշկական կենտրոնը շտապ օգնության ավտոմեքենաների պակաս չունի, անհրաժեշտ է միայն համալրել կենտրոնի  շտապ օգնության բժշկական անձնակազմը։ ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր, Իջեւան քաղաքի բնակիչ Գառնիկ Դանիելյանը բարձրացրել է  Իջեւան համայնքում շտապ օգնության  բրիգադի թվի ավելացման խնդիրը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս