Ս. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԳԸ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկաբնակ հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանը եւ Արա Ղազարյանը «Օձի լեզու» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել են երգիչ, դերասան Սարգիս Աբրահամյանին: Ըստ նրանց՝ Սարգիս Աբրահամյանի «Հեչել-հեչել» երգը գողացված է ադրբեջանցի երգչուհի Ռոյայի «Բելկեդե» երգից, որը հրապարակվել է յութուբում 7 տարի առաջ, իսկ Սարգիս Աբրահամյանի գործը հրապարակվել է 2 տարի առաջ: «Ես չունեմ երաժշտական կրթություն, բայց պլագիատն ակնհայտ է: Մենք երաժիշտներ չենք, բայց մասնագետներին ներկայացրել ենք տարբերակները, եւ նրանք եւս հակված է վարկածի, որ աշխատանքը կրկնօրինակված է»,- ասաց Արա Ղազարյանը:

 

ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է Սարգիս Աբրահամյանի պրոդյուսեր Հարությունի հետ. «Աղմուկ բարձրացրած երգի երաժշտության հեղինակը մի մարդ է եղել, իսկ խոսքերի հեղինակը` այլ.. Սարգիսը ընդհանրապես այս երգի խոսքերի վրա չի աշխատել, ինքը չի գրել, մենք երկուսն էլ գնել ենք, ու իրականում էդ ժամանակ ուղղակի չէինք կարող կռահել, որ երաժշտությունը նման է ադրբեջանական ինչ-որ երգի.. Մենք արդեն խոսել ենք երաժշտության հեղինակի հետ, հիմա ճիշտ չեմ համարում ո՛չ այդ անձի անունը տալ, ո՛չ էլ ասել, թե ինչ խոսակցություն է եղել, բայց, ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք: Ուզում եմ ասել, որ մեր իրականության մեջ, ցավոք սրտի, շատ-շատ են նման դեպքերը, երբ մեր հայ show business-ի ներկայացուցիչները երգում են թուրքական, ադրբեջանական, արաբական մոտիվներով երգեր, կամ շատ դեպքերում լինում է երաժշտության գողություն. մենք դա ճիշտ չենք համարում, բայց ոչ մեկ ապահովագրված չէ նման դեպքերից, որովհետեւ մեծ մասամբ բոլոր երգերը արդեն կարող են նման լինել ինչ-որ մի ուրիշ ազգի երգերի, մեկը՝ շատ, մեկը՝ քիչ: Իմ նախաձեռությամբ ես շատ ջերմ եւ դրական հեռախոսազրույց եմ ունեցել Արայի հետ, պատմել երգի ստեղծման պատմությունը, ապա հեռացրել ենք երգը youtube-ից, որն ուներ 2 միլիոն դիտում»: Մեր զրուցակցի խոսքով՝ շուտով Սարգիս Աբրահամյանը պատրաստվում է թողարկել նոր երգ՝ ռոմանս ոճում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ

Ինչպես երեկ հայտնել էինք, դերասան Ռաֆայել Երանոսյանը  Արմավիրի ճանապարհին վթարի է ենթարկվել:

 

«Փառք Աստծո, ինձ հետ ամեն ինչ նորմալ է, ինչպես ասում են, ինչ եղել է, ժեշտին է եղել: Կաշխատենք, էլի կգնենք, արդեն պատրաստվում ենք վաղվա ներկայացմանը: Պարզապես եթե նման բաներ չլինեն, ավելի լավ կլինի: Անկեղծ կլինեմ, երեկ մի փոքր վախի զգացողություն կար, ինչը նորմալ է, բայց արդեն լավ եմ, ոչ մի քերծվածք, ոչ մի վնասվածք չեմ ստացել, ամեն ինչ հրաշալի է»,-նշեց դերասանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ  վթարի հետեւանքով «06»-ի վարորդին ու ուղեւորին առաջինն օգնության են հասել Toyota CRH-ի վարորդը եւ օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, որը դեպի Արմավիր ընթանալիս Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՄԵԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ՝ շարունակվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային շրջագայությունը Միացյալ Թագավորությունում։

Արդեն իսկ կայացել է 7 համերգ. նվագախումբը կիրականացնի եւս 3 համերգ, որոնք կեզրափակվեն փետրվարի 24-ին Լոնդոնի հեղինակավոր «Քադոգան» համերգասրահում։ Նշենք, որ համերգի տոմսերը սպառվել են շաբաթներ առաջ, ինչը խոսում է հայկական մշակույթի եւ հայ կատարողական արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. Մեծ Բրիտանիայում ներկայացվող համերգային ծրագրերում առանցքային տեղ ունեն Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք մեծ ընդունելության են արժանանում Միացյալ Թագավորության խստապահանջ ունկնդրի կողմից։

Ուշագրավ է, որ հայ մեծ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը հնչում է բրիտանացի հայտնի ջութակահար Ջենիֆեր Փայքի կատարմամբ, որն այս կոնցերտը սովորել է հենց Միացյալ Թագավորությունում կայանալիք համերգային հյուրախաղերին ներկայացնելու նպատակով։ Լեփ-լեցուն դահլիճներում նվագախմբի կատարումներն ուղեկցվում են ծափողջույններով, ինչը նվագախմբի կատարողական բարձր վարպետության վկայությունն է։ Համերգներից առաջ իրականացվում են նաեւ քննարկումներ, որոնց ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Տպագրվել են նաեւ տեղեկատվական թերթիկներ՝ ներկայացվող ծրագրերի վերաբերյալ, որոնք համերգներից առաջ բաժանվում են ունկնդրին՝ այս ձեւաչափով եւս ներկայացնելով Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր մյուս հյուրախաղերի ընթացքում նույնպես աշխարհի տարբեր ծայրերում կատարելու է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ այդպիսով նշանավորելով հայ մեծ երախտավորի 120-ամյա հոբելյանը եւ հանրահռչակելով նրա երաժշտական ժառանգությունը։ Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի իրականացմանն աջակցել են նաեւ անհատ հովանավորներ եւ բարեգործական կազմակերպություններ:

 

 




Լրահոս