ԹՈՒՂԹԸ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:

 

Այսպիսով, դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է, իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: Հաագայի դատարանի այս որոշման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

-Պարո՛ն Մելիքյան, կմանրամասնե՞ք՝ ինչ է իրենից ենթադրում այս որոշումը, ինչ ուժ ունի այն:

-Ադրբեջանն իրենից կախված ամեն ինչ պետք է անի, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի: Հաագայի դատարանի երեկվա որոշումն այս առումով ավելի առաջընթաց է, քան Եվրոպական դատարանի միջանկյալ որոշումը. մոտ մեկուկես ամիս առաջ Եվրոպայի դատարանը նույնպես որոշում էր կայացրել, որով Ադրբեջանին պարտադրել էր առանձին կատեգորիայի անձանց համար ճանապարհը բացել, դրանք կլինեին հիվանդներ, վերամիավորման խնդիր ունեցող ընտանիքներ եւ այլն: Դատարանը, միեւնույն ժամանակ, մերժել է Արցախի գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման հետ կապված Հայաստանի կողմից բարձրացված հարցը, ինչը զարմանալի է: Որքան հաճելի է կարդալ դատարանի որոշման առաջին մասը, նույնքան տարօրինակ էր որոշման երկրորդ մասը, թե ինչպես կարող է բավարար ապացույցներ ներկայացված չլինեն, որ Ադրբեջանն է Արցախի գազամատակարարումը խափանում:

Բայց շատ ավելի կարեւոր հարց կա՝ որքանո՞վ կատարվեց Եվրոպական դատարանի որոշումը, արդյոք այն կատարվե՞ց, կա՞ արդյոք որեւէ մեխանիզմ այս որոշումն ի կատար ածելու համար: Ի վերջո, այնտեղ գնահատողական արտահայտություններ են օգտագործված, ինչպես, օրինակ, «Ադրբեջանը ողջ հնարավորությունները պետք է օգտագործի». սա որոշակի դաշտ է տալիս Ադրբեջանին, որպեսզի նշի, թե ինքը, օրինակ, չկարողացավ իր հասարակության ներկայացուցիչների, ինչպես իրենք են պնդում, բնապահպանների վրա որոշակի ազդեցություն ունենալ: Առհասարակ, ես կարծում եմ, որ մենք՝ իրավաբաններս, շատ ենք գնահատում իրավական փաստաթղթերի նշանակությունը՝ մոռանալով հողի վրա տեղի ունեցողը: Ես ամենեւին վստահ չեմ, որ այս որոշումից հետո մենք կունենանք դրական տեղաշարժ, թեեւ դրա հավանականությունը մեծ եմ համարում ոչ այնքան այս որոշման, որքան աշխարհաքաղաքական պատճառներով:

-Պարո՛ն Մելիքյան, եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել դատարանի վճիռը, պատժամիջոցների ի՞նչ գործիքակազմ ունի դատարանը:

-Խնդիրը հենց այն է, որ միջազգային իրավունքում նման լծակներ գոյություն չունեն, այսինքն՝ այդ լծակները, ի վերջո, հանգեցնում են ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից որոշումներ կայացնելուն: Որքան Եվրոպայի խորհուրդը պատրաստ է սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, այնքան էլ ՄԱԿ-ի ԱԽ-ն է պատրաստ, այսինքն՝ պարզապես պատրաստ չէ որեւէ պատժամիջոց կիրառել, հենց այս պատճառով եմ ասում՝ մենք հաճախ գերագնահատում ենք իրավական փաստաթղթերի կարեւորությունը: Դրանք, իհարկե, ունեն որոշակի կարեւորություն, բայց ոչ այնքան, որ մենք դրանով կարողանանք հարց լուծել. որեւէ թուղթ երբեք հայրենիքի հարց չի լուծել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

«Փետրվարի 22-ին խորհրդարանում ես եւ իմ գործընկեր Ասպրամ Կրպեյանը հանդիպում ունեցանք ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Դ. Ժաֆեի, շվեյցարական Terre des hommes ՀԿ-ի Արդարադատության հասանելիության ծրագրի ղեկավար Յան Կուլիուի հետ»,- հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

«Քննարկեցինք Հայաստանում եւ Արցախում երեխաների խախտված իրավունքներին առնչվող կարեւորագույն հարցեր։ Հյուրերի ուշադրությունը հրավիրեցի վերջերս ոստիկանության Էրեբունու բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկելու դեպքի վրա, որի առնչությամբ զեկույց էի ուղարկել վերջիններիս։

Առանձնահատուկ շեշտեցի Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի սահմանապահ գյուղերում ապրող անչափահասների՝ Ադրբեջանի կողմից ոտնահարվող իրավունքները վերականգնելու անհրաժեշտությունը՝ մեկ անգամ եւս հիշատակելով Ադրբեջանի կողմից արցախահայ երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքը։

Հյուրերը մտահոգված էին մարդու իրավունքների խախտման նման դեպքերով, եւ նրանք էլ ընդգծեցին, որ պատրաստ են ընդլայնել համագործակությունը մարդու, մասնավորապես՝ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում։ «Առավել գործուն քայլերի, քան պարզապես խոսքերի կարիք կա»,- նշեց ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահը։

Հանդիպման վերջում արձանագրեցի, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մշտական գործընթաց է, որը պահանջում է ամենօրյա ժրաջան աշխատանք։ Այս առումով կարեւորում եմ քաղաքակիրթ երկրի փորձն ու փորձառությունն ուսանելը»,- եզրափակում է պատգամավոր Թ. Թովմասյանը։

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

2023 թվականի հունվարի 17-ին ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:  Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում էին մի քանի հոդվածների, որոնց վերաբերյալ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները եզրակացություն են տվել եւ նաեւ էական խնդիրներ հայտնաբերել:  Մասնավորապես՝ նրանց եզրակացության մեջ նշվում է, թե ներկայացվող փոփոխությունների մեջ առկա են մի շարք խնդրահարույց եւ մտահոգիչ կարգավորումներ:  Առաջարկվող նախագծով ներկայացված են փոփոխություններ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված՝ դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման կարգավորումներում. առաջարկվում է վերանայել արտահերթ կարգով համալրվող ծառայողական ցուցակները եւ վերացնել բարեվարքության ստուգման պահանջը։ Ստացվում է՝ արտահերթ համալրման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգումն այլեւս չի պահանջվի: Նման փոփոխությունը նախագծով որեւէ հիմնավորում չի ստացել։ Հասարակական կազմակերպությունները գտնում են, որ բարեվարքության ստուգման բացակայությամբ դատախազների առաջխաղացումը հետընթաց քայլ է ընթացիկ դատաիրավական բարեփոխումների համատեքստում։ Իհարկե, այստեղ կարող է արդեն լինել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի իրագործումը:  Միեւնույն ժամանակ, նրանք առաջարկում են դատախազական համակարգում համակարգային փոփոխությունների վերաբերյալ քննարկում կազմակերպել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, ինչից հետո միայն ընթացք տալ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին։

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԵՆ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-10-ը կգործուղվի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստին:

ArmLur.am-ը տեղեկացավ՝ ԱԺ պատվիրակության կազմում կլինեն Հայաստան-ԵՄ ԽԳԿ-ի համանախագահ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը, Միքայել Թումասյանը, Տաթեւիկ Գասպարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Պատգամավորների գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին:




Լրահոս