ՕՐԵՆՔՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԳՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հունվարի 17-ին ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը նույն թվականի փետրվարի 7-ին ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում էին մի քանի հոդվածների, որոնց վերաբերյալ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները եզրակացություն են տվել եւ նաեւ էական խնդիրներ հայտնաբերել:

 

Մասնավորապես, նրանց եզրակացության մեջ նշվում է, թե ներկայացվող փոփոխությունների մեջ առկա են մի շարք խնդրահարույց եւ մտահոգիչ առաջարկվող կարգավորումներ: Նախագծով առաջարկվում է հստակեցնել դատախազների թեկնածուների տարիքային շեմին ներկայացվող պահանջը, քանի որ, ըստ նախագծի հեղինակների, պրակտիկայում հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակներ, որոնք օրենքի առկա կարգավորումների տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս: Մասնավորապես, հնարավոր են իրավիճակներ, երբ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնում որեւէ անձ, ում 22 տարին դիցուք լրանալու է 2 ամիս անց: Տվյալ իրավիճակում օրենքը չի պարունակում հստակ կարգավորումներ, թե արդյոք տվյալ անձը կարող է մասնակցել մրցույթին, թե ոչ, քանի որ 22 տարին լրացած լինելը վերաբերում է դատախազ նշանակվելու ընդհանուր պահանջներին, այլ ոչ թե դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու հնարավորությանը:

Այստեղ հասարակական կազմակերպություններն առաջարկում են վերանայել 22 տարեկան տարիքային շեմը եւ նախատեսել առավել բարձր տարիքային շեմ, առնվազն 25 տարեկան՝ հաշվի առնելով թեկնածուների ինչպես մարդկային կարողությունների, այնպես էլ մասնագիտական կարողությունների ու հմտությունների ձեւավորման անհրաժեշտությունը։ Նմանապես կարեւոր է դիտարկել նաեւ պարտադիր մասնագիտական ստաժի առկայությունը՝ որպես թեկնածուից պահանջվող պայման։

Առաջարկվող նախագծով ներկայացված են փոփոխություններ նաեւ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված՝ դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման կարգավորումներում: Մասնավորապես, առաջարկվում է վերանայել արտահերթ կարգով համալրվող ծառայողական ցուցակները եւ վերացնել բարեվարքության ստուգման պահանջը։ Գործող օրենքի 39-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արտահերթ կարգով է, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազին առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրը ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, համապատասխան դատախազից պահանջում եւ ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։

Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունը ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Առաջարկվող նախագծով նշված հոդվածի մասը նախատեսվում է հետեւյալ բովանդակությամբ.

« 2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որեւէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի` ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր:

Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով նախատեսված դատախազների առաջխաղացման որեւէ ցուցակում դատախազն ընդգրկվում է՝ իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, գլխավոր դատախազի հրամանով»:

Ինչպես կարելի է նկատել, արտահերթ համալրման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգում այլեւս չի պահանջվում։ Նման փոփոխությունը նախագծով որեւէ հիմնավորում չի ստացել։ Այն անընդունելի մի շարք պատճառներով. նախ՝ բարեվարքության ստուգման բացակայությամբ դատախազների առաջխաղացումը հետընթաց քայլ է ընթացիկ դատաիրավական բարեփոխումների համատեքստում։

Միեւնույն ժամանակ նրանք առաջարկում են դատախազական համակարգում համակարգային փոփոխությունների վերաբերյալ քննարկում կազմակերպել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, ինչից հետո միայն ընթացք տալ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություններին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը փետրվարի 27-ից մինչեւ մարտի 1-ը գործուղվում է Փարիզ:

Փոխնախարարը Ֆրանսիայում կմասնակցի Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արման Խոջոյանի՝ Ֆրանսիա գործուղման ծախսերը կատարվելու են պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

 

 

 

3-ՐԴ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ:

 

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Հայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ), հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Հյուրերը շրջել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններին:

Իտալիայի պատվիրակությունն այցելել է նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ եւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:

 

 

 

ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսեւորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի եւ «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու եւ իրացնելու համար։

Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը եւ միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։

 

 

 

 

ՆՈՐ ԳՈՒՅՔ ԿՈՒՆԵՆԱ

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք կամրացվի: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ԿԳՄՍ նախարարությունը՝ Երեւան քաղաքի Ա. Վեռնոյի փողոց թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը սահմանված կարգով «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ին ամրացնելու խնդրանքով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշման համաձայն «Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊ ընկերության եւ Պետական գույքի կառավարման կոմիտեի միջեւ կնքված անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման պայմանագիրը:

Այս նախագծով առաջարկվում է Ա. Վեռնոյի փողոց 3 հասցեում գտնվող 1971.5 քառ. մետր մակերեսով թատրոնի շենքը, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող («Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊ ընկերության հետ համատեղ) 21 քառ. մետր մակերեսով տարածքը եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող («Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊ ընկերության հետ համատեղ) 0.095569 հա հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը:

 

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ Է ԾԱԽՍԵՐԸ

Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ՀՀ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 340 քաղաքացիների կացությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում։

Հիմնավորման համաձայն՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով կացություն չունենալու խնդրով։ Վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում։

Կառավարության համապատասխան որոշումներով արդեն հատկացվել է 114 850.9 հազ. դրամ եւ 98 490.5 հազ. դրամ: Այսօրվա որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 19-ը ներառյալ հյուրանոցների կողմից կատարած ծախսերը, ինչպես նաեւ քաղաքացիների տեղափոխման ծախսերը։

Հյուրանոցներին վճարման ենթակա գումարը փետրվարի 19-ի դրությամբ կազմում է 91 080 500 ՀՀ դրամ, իսկ տեղափոխման ծախսերը՝ 6 380 000 ՀՀ դրամ:




Լրահոս